Մշակում ենք պատգամավորի վարքագծային կոդեքսը

հուլիսի 15, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ

- Տիկին Մակունց, կա՞ որոշում, թե երբ կանցկացվեն ՍԴ դատավորների ընտրությունները. աշնանային նստաշրջանո՞ւմ, թե՞ նորից արտահերթ նստաշրջան կհրավիրվի: Նաև՝ քննարկվե՞լ է դատավորների թեկնածուների հարցը:

- Այս պահին չեմ կարող հստակ ասել: ՍԴ դատավորների թեկանծուներ ներկայացնելու համար սահմանադրական մարմիններն ու ունեն մինչև երկու ամիս ժամանակ: «Իմ քայլը» խմբակցությունը չի կարող թեկնածուների հարց քննարկել, որովհետև դա մեր դաշտում չէ: Թեկնածուներին ներկայացնում են նախագահը, կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը:

- Նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպմանն ասաց, որ Նախագահի, կառավարության և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրվող ՍԴ դատավորների թեկնածուները ոչ թե պետք է ընտրվեն ԱԺ-ի, այլ նշանակվեն հենց առաջադրողների կողմից: Այլապես, ըստ Նախագահի, առաջադրողների ֆունկցիան ձևական է: Նախագահը նաև հիշեցրեց, թե ինչպես իր առաջադրած թեկնածուները մերժվեցին, մինչև ինքը առաջադրեց իշխանության նախընտրելի Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը:

- Նախագահն այդ առաջարկն արել է Սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խմբում քննարկելու համար: Այդ խմբում է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով մասնակցում էր հանդիպմանը: Կարծում եմ՝ այդ առաջարկը կքննարկեն:

- ՍԴ-ից հեռացված անդամները իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՄԻԵԴ: Եվրոպական դատարանն այդ դիմումին վերաբերող կոմունիկացիաներն արդեն սկսել է, ինչը, ՄԻԵԴ-ի հետ առնչություն ունեցող փաստաբանները աննախադեպ արագ են որակում: Մտավախություն չունե՞ք, որ նախկին անդամները կհաղթեն:

- Իրավական գործընթացներին վերաբերող որևէ մտավախություն չունեմ, քան որ ԱԺ-ի և մեր խմբակցության բոլոր գործողությունները եղել են լեգիտիմ, համապատասխանել են Սահմանադրության և օրենքների տառին և քվեարկվել են պատգամավորների խղճի թելադրանքով: Իսկ թե զարգացումներն ինչ ընթացակարգերով կշարունակվեն, թույլ տվեք նման իրավական հարցերին չանդրադառնամ:

- Արտախորհրդարանական ընդդմադիր դաշտում համախմբման գործընթաց է գնում` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան հիմնադրած «Հայրենիք» կուսակցությունն ու այլ ուժեր հանդիպումներ են ունենում: Հնարավոր համարո՞մ եք, որ վատացող սոցիալ-տնտեսական վիճակի ու համաճարակի ֆոնին նրանք կարողանան դժգոհության ալիք բարձրացնել:

- Հիմա մենք արտակարգ դրության ռեժիմում ենք նախ համաճարակի պատճառով, երկրկրորդը` հենց այս պահին Տավուշի մարզում, Բերդում ռմբակոծություններ են: Այդ պայմաններում նման թեմաների քննարկումը համարում եմ ժամանակավրեպ:

- ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հարձակումից հետո երկրորդական է համարում ցանկացած ներքաղաքական հարց: Սա նահա՞նջ է. մինչև վերջերս նա հայտարարում էր, թե այս անգամ մինչև վերջ է գնալու:

- Ողջունում եմ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, բայց պիտի նշեմ, որ վերջին շրջանում այդ ուժի կողմից տարբեր, նույնիսկ իրարամերժ հայտարարություններ են հնչել, ուստի, կսպասեմ հաջորդող գործողություններին:

- Հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն իշխանության հետ քննարկում է ունեցել, և որոշակի փոխզիում է եղել:

- Ոչ, քննարկումներ չկան: Առնվազն «Իմ քայլը» խմբակցության անունից կարող եմ ասել, որ չկա նման բան: Այս պահին մենք լծված ենք սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական դիվանագիտության հարթակներում աշխատանքներ կազմակերպելով, Հայաստանի համար շահեկան հայտարարություններ տարածելով: Մենք մեր միջազգային գործընկերներին ոչ թե դիմում ենք կոչով, այլև նրանց հետ հաղորդակցվելիս` կարևորում ենք Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ոտնձգությունների առնչությամբ միջազգային արձագանքը:

-Տիկին Մակունց, հիմնավո՞ր են լուրերը, թե «Իմ քայլը» քննարկում է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:

- Չգիտեմ, թե ինչով է պայմանավորված նման լուրերի տարածումը, նման քննարկում չկա: Բայց մենք պատրաստվում ենք այսօր կամ վաղը շրջանառության մեջ դնել էթիկայի հանձնաժողովին վերաբերող նախագիծը: Միգուցե այդ լուրերը պայմանավորված են դրանով, բայց էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին մենք խոսել ենք ամիսներ շարունակ: Ընդ որում, դա կլինի միջանկյալ լուծում, քանի որ նախատեսվում է առաջիկա Սահմանադրության փոփոխություններով կարգավորել նաև էթիկայի հանձնաժողովի մշտական լինելու հարցը: Նախկինում առիթ ունեցել ենք ասելու, որ կոնկրետ գործով էթկայի հանձնաժողով ստեղծելը որակվում էր որպես քաղաքական հետապնդում, դառնում քաղաքական շահարկումների առիթ: Նաև կա պատգամավորների էթիկայի, վարքագծային կոդեքս ստեղծելու անհրաժեշտություն, որի ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում: Մինչև սեպտեմբեր մեր գործընկերներն ունեն առաջարկներ ներկայացնելու հնարավորություն: Ուզում եմ տեղեկացնել, որ մեր խմբակցությունը էթիկայի հանձնաժողով ստեղծելու մտադրությունը հայտնելուց հետո դիմել է մյուս խմբակցություններին` համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու համար: Մենք հարգում ենք մեր գործընկերների՝ նախագծին չմիանալու դիրքորոշումը, բայց նրանք պատրաստակամություն են հայտնել շրջանառելու փուլում առաջարկներ և դիտարկումներ ներկայացնել:

- Իսկ Նաիրա Զոհրաբյանի վերջին հայտարարությունները կդարձնե՞ք քննարկման առարկա: Ձեր խմբակցությունից նրա հասցեին հաճախ է քննադատություն հնչում:

- Առանձին պատգամավորների նկատմամբ մամուլում և այլ հարթակներում գնահատականներ հնչում են, բայց թույլ տվեք ես դա չանեմ: Կարծում եմ՝            էթիկայի հանձնաժողովը հենց այն հարթակն է, որը հետագայում քննելու է նմանատիպ խնդրները և տալու է բոլոր հարցերի պատասխանները:

- Ընդդիմությունը ձեզ մեղադրում է, որ էլի մեկ ամսով արտակարգ դրությունը երկարացնելով` սահմանափակում եք հավաքների իրենց իրավունքը, որ սոցիալ-տնտեսական ճգնաժամի պատճառով մարդկանց չեք թողնում իրենց դժգոհությունը հայտնել:

- Պարետը ներկայացրեց, թե ինչու է անհրաժեշտ երկարեցնել արտակարգ դրությունը: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է, ապա ամբողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված որոշակի դժվարություններ կան: Հայաստանն անմասն չէ, և մենք ամեն ինչ անում ենք այդ դժվարությունները հաղթահարելու համար:

- Ամփոփելով գարնանային նստաշրջանը` ինչպե՞ս եք գնահատում ԱԺ աշխատանքը և քաղաքական զարգացումներն ընդհանրապես:

- Գարնանը, չնայած արտակարգ դրությանն ու որոշ սահմանափակումներին, խորհրդարանն ակտիվ աշխատել է, մենք, թեկուզ մեկ օր, հարկադրված չենք եղել չաշխատել, ավելին, շատ արտահերթ նիստեր ենք ունեցել: Իրավիճակն այդպիսին է, և մենք պատրաստ ենք այդպես աշխատել: Ընդունվել են շատ կարևոր նախագծեր, այդ թվում` հանրային մեծ հնչեղություն ստացած սահմանադրական փոփոխությունները: Եվս մի արտահերթ նիստ ունենք, որտեղ քննարկվելու է տեսալսողական մեդայի մասին նախագիծը: Մի խոսքով, ընդունվել են շատ կարևոր նախագծեր, որոնք լուծել են սոցիալական խնդիրներ և թե արժեքային բարեփոխումների հիմքեր են դրել: