«Իմ քայլը»՝ չկողմնորոշված

հուլիսի 16, 2020

«Իմ քայլի» 4 պատգամավորներ ԱԺ կանոնակարգում հերթական փոփոխությունն էին նախաձեռնել: Այն վերաբերում էր անաշխատունակության պատճառով նիստերից բացակայող պատգամավորների քվեարկությանը: Վերջին պահին, սակայն, հեղինակները հրաժարվեցին առաջարկած փոփոխություններից: Սա «Իմ քայլը» խմբակցության հերթական հետքայլն էր. նախագիծը դրվել էր շրջանառության մեջ, քննարկվել, նույնիսկ առաջին ընթերցմամբ ընդունվել, բայց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության ժամանակ հայտարարվեց, որ կատարվող փոփոխությունը կարող է ժամանակավրեպ լինել։ Նախաձեռնության հիմնական զեկուցողը Վահագն Հովակիմյանն էր, ինչպես նաև Վլադիրմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը և Հայկ Գևորգյանը։

Ի՞նչ էր, ի վերջո, ուզում «Իմ քայլը»

Ներկայացված նախագծով «Իմ քայլն» առաջարկում էր ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների հեռավար քվեարկության կարգ: Գործող կարգավորումներով հեռավար քվեարկություն կարելի է միայն, երբ պատգամավորը գործուղման մեջ է: Պատգամավորների շրջանում սա կոչվում է «ծրարով քվեարկություն», երբ գործուղման մեջ գտնվող պատգամավորը ծրարով «թողնում է» իր դիրքորոշումը քվեարկվող նախագծի վերաբերյալ։

Վահագն Հովակիմյանը բացատրեց, որ այսպիսի քվեարկության անհրաժեշտությունն առաջացել է հատկապես համավարակի օրերին, երբ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր գրանցվեցին նաև խորհրդարանում: Այս մասին հեղինակը հայտարարեց ԱԺ ամբիոնից, թեպետ նախագծի հիմնավորման մեջ նշված չէր: Սա էր պատճառը, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձեց հստակեցնել. «Նպատակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքները չպարալիզացնելն է: Ես, կարծում եմ, ճիշտ եմ հասկանում: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում արվող փոփոխությունը պետք է առավելագույնս հստակ լինի, այլ մեկնաբանությունների և չարաշահումների տեղ չտա, ոչ թե հարյուր, այլ երկու հարյուր տոկոսով հստակ գրված լինի: Արդյո՞ք այնդես է, և ճշգրտման կարիք չկա»:

ԱԺ նախագահի այս դիտարկումից հետո միայն Վահագն Հովակիմյանը ասաց, որ ի սկզբանե որոշել էին կարգավորումը տարածել համավարակի ընթացքում առաջացած առողջական խնդիրների վրա, սակայն հետո, քննարկումների արդյունքում ընդհանրական մոտեցում են ցուցաբերել։ «Քննարկման արդյունքում եկանք եզրահանգման, որ անարդար է ոչ կորոնավիրուսով, սակայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող պատգամավորների նկատմամբ։ Դրա համար փորձեցինք ընդհանուր լուծում տալ հարցին», -բացատրեց Հովակիմյանը։ Արձագանքելով պատգամավորին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ թե պետք չէ ընդհանրական մոտեցում ցուցաբերել, քանի որ դա հղի կլինի անկանխատեսելի հետևանքներով։

«Պետք է կենտրոնանալ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա։ Սա իմ նախնական տեսակետն է», -ասաց ԱԺ նախագահը:

Բացի «Իմ քայլից», օրինագիծը քննադատեցին նաև ԼՀԿ-ականները: Էդմոն Մարուքյանը զգուշացրեց մեծամասնությանը՝ «ռումբ եք դնում ձեր իշխանության տակը»։ Նա հիշեց, որ երբ ԱԺ կանոնակարգ օրենքի քննարկումների ժամանակ նախկին իշխանությունն առաջարկում էր գործուղման մեջ գտնվող պատգամավորները քվեարկեն ծրարով, ընդդիմությունը դեմ էր։ Փաստարկները հետևյալն էին՝ հանրապետականներն սենց են անում, որ չգան գործի ու ծրարով քվեարկեն։

«9 հոգանոց «Ելք» դաշինքում կար սկզբունք՝ չօգտվել այդ հնարավորությունից և երբևէ ծրար չթողնել։ Եվ մենք երբեք չենք թողել ծրար։ Անցավ էս ամենը, կատարվեց հեղափոխություն, և ծրարով քվեարկությունը դարձավ լեգիտիմ գործիք։ Դա քիչ չի դարձել է լեգիտիմ գործիք, հիմա էլ դուք եկել, ասում եք՝ գործուղման գնացած անձը ծրար ա ուղարկում, մի հատ էլ անաշխատունակ մարդը ծրար ուղարկի։ Ժողովուրդ, կարող ա՞ մոռանում ենք, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է։ Էս դահլիճում, օրինակ, մի ժամից կարա երկրի ղեկավար փոխվի։ Դուք ո՞նց եք պատկերացնում պատգամավորին չտեսնեք քննարկմանը, տանը ի՞նչ իմանանք զենք են դրել գլխին, ի՞նչ են պահել, ի՞նչ է ստորագրել։ Դուք ձեր տակը ռումբ եք դնո՞ւմ։ Բայց ախր դրա կարիքն էլ չկա։ Ամբողջ երկիրը տեսավ, որ դուք էս դահլիճում կարաք Սահմանադրություն փոխեք առանց խոչընդոտի։Այսինքն՝ ձեր ձայները բավարար են քվեարկության համար։ Դուք ձեր իշխանության տակ ռումբ եք դնում էս նախագծով», -հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը՝ ընդգծելով, որ իրենք դեմ են ներկայացված նախագծին։

Ինչևէ, քննարկումների ընթացքում որոշվեց մինչև երկրորդ ընթերցում կատարել որոշ փոփոխություններ, թերությունները վերացնել, իսկ մինչ դա՝ նախագիծը՝ 80 կողմ, 18 դեմ ձայնով, ընդունվեց առաջին ընթերցմամբ:

«Իմ քայլը» հրաժարվեց իր մտադրությունից

Նախագիծը պետք է ընդունվեր 24 ժամյա ռեժիմով, և հաջորդ օրը՝ հուլիսի 16-ին դարձյալ դարձավ քննարկման առարկա: Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել ու որոշել են կոնկրետացնել, որ անաշխատունակությունը կարող է պայմանավորված լինել միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում իրավասու մարմնի ցուցումով։

Փոփոխությունն ընդունվեց ի գիտություն, սակայն երբ եկավ քվեարկության պահը, շատ անսպասելի հեղինակները նախագիծը հետ կանչեցին։ Նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը բացատրեց, որ առաջիկայում արտակարգ ռեժիմի հետ կապված օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրենց նախաձեռնությունը կարող էր լինել ժամանակավրեպ։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարացնելու մասին որոշումը այստեղ ներկայացնելիս ՀՀ պարետը նշեց, որ օրենսդրական համապատասխան փոփոխություններ պետք է անել, որպեսզի արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանակում կարողանանք հետագա համաճարակային վերահսկողությունը իրականացնել։ Մենք կարող ենք ունենալ խնդիր, որ այս նախագիծը ժամանակավրեպ դառնա։ Ուստի, առաջարկում ենք այսօր դեմ քվեարկել նախագծին, վերադարձնել առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկների փուլ, լրամշակել, որպեսզի համապատասխանի արտակարգ իրավիճակներից բխող կանոններին, և հետո միայն ներկայացնենք», -ասաց Վարդանյանը։

Այս անգամ նույն նախագծին կողմ էր 1 պատգամավոր, դեմ՝ 79, ձեռնպահ՝ 6-ը։