Շուտով հայտնի կլինեն ՍԴ նոր դատավորների անունները

հուլիսի 22, 2020

Հուլիսի 21-ին լրացավ 21-օրյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ նախագահը կարող էր դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Սահմանադրական դատարանի մասին օրենքում հուլիսի 30-ին կատարված փոփոխությունները: Հենց հաջորդ օրը՝ հուլիսի 22-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց այդ նույն՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելու մասին, ինչը հրաժարվել էր անել ՀՀ նախագահը: Օրենքը պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու պահից կմտնի ուժի մեջ։

Արարատ Միրզոյանի հայտարարությանը րոպեներ անց արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ օրենքն այսօր կմտնի ուժի մեջ, և առաջիկայում կընտրվեն Սահմանադրական դատարանի 3 նոր դատավորներ։

Հիշեցնենք՝ սա այն սահմանադրական օրենքն էր, որի քննարկումները բոյկոտեցին խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

Սահմանադրական դատարանի մասին օրենքում այս փոփոխությունները հեղինակել էին «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանն ու Սուրեն Գրիգորյանը: Նրանք այսպիսով փորձում էին կարագավորել Սահմանադրական դատարանում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի, դրանից հետո առաջացող թափուր տեղերի հարցերը:

Սահմանադրության 213 հոդվածի վերջին փոփոխություններով սահմանվում է, որ ՍԴ նոր նախագահը պետք է ընտրվի ՍԴ կազմի ամբողջացումից՝ թափուր տեղերի համալրումից հետո: Առաջարկվող փոփոխություններում նշվում է, որ թափուր տեղերը համալրելուց հետո 10-օրյա ժամկետում Սահմանադրական դատարանը պետք է իր կազմից նոր նախագահ ընտրի։ 

Առաջարկվել էր փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրող մարմինների հերթականությունը, արդյունքում՝ առաջինը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի կառավարությունը, երկրորդը` ՀՀ նախագահը, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ`համապատասխանաբար, կառավարության, Հանրապետության նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից` երկամսյա ժամկետում։ 

Պատգամավորները կատարված փոփոխություններով կարգավորել էին նաև լիազորությունների ժամկետն ավարտած և պաշտոնավարումը դադարեցված ՍԴ դատավորների կենսաթոշակի հետ կապված հարցերը։

Այսպիսով, առաջիկա օրերին ՍԴ կազմավորման հարցում հնարավոր է՝ նորություններ լինեն, թեպետ կազմավորման վերջնաժամկետը կավարտվի սեպտեմբերի 22-ին։ 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 22-ին հայտարարել է, որ ժամկետը մոտենում է, և ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող երեք մարմինները շուտով կներկայացնեն իրենց թեկնածուներին: 

«Երբ ՍԴ դատավորի թեկնածուի հարցը ընդգրկվի կառավարության նիստում, կտեսնեք, որ կառավարությունը արդեն թեկնածու ունի: Քանի դեռ նիստում նման հարց ընդգրկված չէ, նշանակում է կառավարությունը թեկնածու չունի: Կան սկզբունքներ, թե ինչ ճանապարհով մեր կարծիքով պետք է ՍԴ-ի և առհասարակ դատական մարմինների ձևավորումը տեղի ունենա: Թեկնածուները պետք է հնարավորինս ապաքաղաքական անձինք լինեն: Այնպիսի անձինք, որոնք կարող են ապահովել դատական իշխանության անկախությունը իրենց մասնակցությամբ: Ես չեմ կարող ասել, թե ինչ թեկնածություններ են դիտարկվում: Վստահ չեմ կարող ասել՝ հուլիսի վերջին, թե օգոստոսի սկզբին, բայց, կարծում եմ, այդ ժամանակներում կլինի», -հայտարարել է Բադասյանը: