ՀՀ-ն պետք է դիմի ՄԱԿ-ին․ միջազգային իրավունք է խախտվել

հուլիսի 23, 2020

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ

-Օրերս գրառում էիք արել, թե Հայաստանի սահմանին Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է դառնան քննարկման առարկա միջազգային իրավունքի շրջանակում: Ի՞նչ պետք է անել դրա համար:

- Ակնհայտ է, որ Ադրբեջանը խախտել է սահմանների անխախտելիության սկզբունքը և ուժ է կիրառել ՀՀ պետական սահմանի երկայնքով։ Սա խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը, որն արգելում է ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը։ Եթե որևէ պետություն խախտում միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքը, մյուս բոլոր պետություններն իրավունք ունեն իրավախախտի նկատմամբ օգտագործել իրենց լծակները։ Այստեղ նաև առաջանում է իրավունք ՀՀ-ի, ինչպես նաև աշխարհի մյուս պետությունների կողմից դիմելու ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որպեսզի վերացվեն միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգները։ Իսկ սա այդպիսի մի վտանգ է, որովհետև ենթադրում է տարածաշրջանային էսկալացիա։ Ավելին, Ադրբեջանն իր պաշտոնատար անձանց միջոցով հայտարարեց, որ պատրաստ է հարվածել Հայաստանի ատոմակայանին, սա տարածաշրջանային աղետից հետո դառնում է նաև միջազգային անվտանգության և խաղաղության հարց։ Եվ այս հայտարարությունը ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հիմք է, ու պետք է մտահոգի այլ պետությունների։

- Այսինքն, Հայաստա՞նը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ։

- Իհարկե, որովհետև երբ մենք ուժ ենք կիրառում այլ պետության նկատմամբ, դա անում ենք ինքնապաշտպանական նպատակներով։ Դա ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն է։ Որպեսզի հիմնավորենք, որ ինքնապաշտպանական գործողություններ ենք իրականացնում, դրա մասին պետք է հայտնենք մյուսներին։ Իհարկե, դիվանագիտական ճանապարհներով արդեն հայտնել ենք, բայց ՄԱԿ-ի ԱԽ դիմելով՝ մենք մեր պաշտպանությունն իրականացնում ենք լեգիտիմ իրավունքով, և դա կբարելավի մեր դիրքերը։ Ավելին, եթե վտանգվում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ՄԱԿ-ի ԱԽ-ն, հիմք ունենալով կանոնադրության 7-րդ գլուխը, ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է գործողություններ նախաձեռնել։ Իսկ Ադրբեջանի այս գործողություններն ուղղված են տարածաշրջանային և միջազգային անվտանգության դեմ։

- Եթե ՀՀ-ն դիմի, կարծում եք, ՄԱԿ-ի ԱԽ-ն համապատասխան որոշում կընդունի՞, հատկապես որ միջազգային մյուս կառույցները, գերտերություններն իրենց հայտարարություններով երկու կողմերին նույնաբովանդակ, նրանց գործողությունները հավասարեցնող կոչեր են հղում։

- ՄԱԿ-ի ԱԽ-ն նման իրավունք ունի՝ նախ կարող է հանձնարարականներ տալ հասկանալու համար, թե որտեղից է սկսել կրակը, ով է ռազմական գործողությունները նախաձեռնել, և որ պետությունն է խախտել կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը։ Դրանից հետո նա անգամ իրավունք ունի այդ պետությանն ուժի միջոցով ստիպել դադարեցնել կրակը։ Կկայացնի՞ նման որոշում, թե՞ ոչ, դա արդեն մեր դիվանագիտական կորպուսի շնորհքի հարցն է։ Բայց այն, որ մենք պետք է դիմենք և դեռ վարանում ենք, այնքան էլ ճիշտ չէ։ Իհարկե, ես հասկանում եմ մեր ԱԳՆ-ի մտավախությունը, որ չի ցանկանում հարցը տեղափոխել ՄԱԿ-ի ԱԽ, քանի որ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի ներքո է, բայց այդպես չէ, որովհետև Մինսկի խմբի մանդատը բացառապես Արցախին է վերաբերում, իսկ սա ոտնձգություն է ՀՀ պետական սահմանի նկատմամբ, որը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատից։

- Ասում եք՝ կարող են պարզել, թե ով է առաջինը սկսել ռազմական գործողությունները, բայց այս դեպքում դա դժվար է, քանի որ սահմաններին տեղակայված չեն մոնիտորինգային մեխանիզմներ, որոնք դա կորսային։

- Մեր նպատակը ցույց տալն է, որ Ադրբեջանը խուսափում նման սարքեր տեղակայելուց, որ հետագայում չիմանան, թե ով է առաջինը խախտել սահմանը։ Այստեղ մենք պետք է միջազգային հանրությանը ցույց տանք, որ Ադրբեջանը խուսափում է նման սարքեր տեղադրելուց և հարձակողական գործողություններ է կատարում։

- Պարո՛ն Սիմոնյան, նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը ասաց, թե ՍԴ դատավորներին ոչ թե պետք է ԱԺ-ն ընտրի, այլ նրանք պետք է նշանակվեն՝ ՀՀ նախագահի, Դատավորների ընդհանուր ժողովի և կառավարության առաջադրմամբ: Ինչպե՞ս եք վերաբերում այդ տարբերակին։

- Դա պետք է քննարկման առարկա դարձնել հանձնաժողովում։ 2015թ. փոփոխված Սահմանադրությամբ, երբ կա ԱԺ կայուն մեծամասնություն, կարևոր չէ, թե ով է ներկայացնում թեկնածու, կարևորն այն է, թե ով ունի մեծամասնություն։ Հետևաբար, ցանկացած որոշման ընդունում կախված է մեկ քաղաքական ուժից, և թեկնածուի ներկայացնելը հիմնականում քաղաքական բնույթ է կրում։ Եվ եթե մենք կարողանանք այնպիսի մոդել ընդունել, որը կբացառի կայուն մեծամասնության ինստիտուտը, և ԱԺ որոշումների կայացման վրա կազդի ոչ թե մեկ քաղաքական ուժ, այլ որոշումը կկայացվի մյուս ուժերի հետ կոնսեսուսի արդյունքում, այս խնդիրը մասամբ կլուծվի։ Բայց եթե դա չկարողանանք ընդունել, ապա նախագահի առաջարկած տարբերակն ավելի ողջամիտ է, ինչը կար, օրինակ, մինչև 2015թ. փոփոխությունները։ Նախկինում ՍԴ 5 անդամներ նշանակվում էին ԱԺ կողմից, 4 անդամ՝ նախագահի։

- Կայուն մեծամասնության համակարգից հրաժարվելու ակնարկներ նաև իշխանությունն է անում։ Հանձնաժողովում քննարկվո՞ւմ է այդ հարցը։

- Կառավարությունը հաստատել է դատաիրավական փոփոխությունների ռազմավարական ծրագիրը, որտեղ նաև որոշակիորեն ասվում է, որ կայուն մեծամասնության ինստիտուտն այնքան էլ արդյունավետ չէ։ Հետագայում կառավարության՝ սահմանադրական փոփոխություններին վերաբերող փաստաթղթերում և հայտարարություններում նշվում է, որ կայուն մեծամասնության ինստիտուտը պետք է վերանայվի։ Հանձնաժողովում քննարկումների արդյունքում կարծես թե հասել ենք այն տարբերակին, որ դա պետք է հանվի, բայց քանի դեռ հայեցակարգը չկա, կխուսափեմ ասել, որ հանվելու է:

- Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը ո՞ր փուլում է։

- Մենք ամեն շաբաթ օրը նիստ ենք անում, հարցեր քննարկում և արդեն մոտենում ենք հայեցակարգի մշակման փուլին: Աշնանն այն կհրապարակվի։ Հիմա որոշում է կայացվել, որ պետք է հանրային լսումների փուլ սկսենք։

- Իսկ ո՞ր հարցերի շուրջ կա համաձայնություն։

- Նշեցի, որ կայուն մեծամասնության շուրջ կա համաձայնություն։ Խորհրդարանական համակարգի պահպանման շուրջ ևս կա կոնսենսուս. չենք վերադառնում նախագահական համակարգին։ Բայց պնդել չեմ կարող, քանի որ այդ համաձայնությունները դեռ թղթի վրա են։ Մյուս հարցերը քննարկվում են։

- Սահմանադրական բարեփոխումների տեքստը պետք է պատրաստ լինի աշնանը, իսկ նախագիծը՝ եկող տարի՞։

- Մենք արդեն սկսել ենք հանրային քննարկումները, որոնց հիման վրա, հավանաբար, հոկտեմբերին հայեցակարգի տեքստը կլինի պատրաստ և կներկայացվի հանրությանը։ Նորից քննարկումներ կլինեն, և գարնանը կմշակվի հիմնական փաստաթուղթը։

- Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասում է, որ լիարժեք վեթինգ իրականացնելու համար սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Այդ ուղղությամբ հանձնաժողովում կա՞ն քննարկումներ։

- Այդ հարցը դեռ լուրջ չի քննարկվել, բայց ընդհանուր գծերով անդրադարձել ենք։ Վերջնական որոշում չկա։