Քաղաքական որևէ գործարք բացառված է․ Ս․ Գրիգորյան

հուլիսի 24, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ

- Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Նա որդին է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի, ում մասին գրում են, որ եղել է կոռումպացված, նախկին իշխանությունների կամակատար, և որ նրա պաշտոնավարման ժամանակ են դատապարտվել Մարտի 1-ի բազմաթիվ քաղբանտարկյալներ: Չե՞ք կարծում, որ նրա թեկնածության ընտրության ժամանակ հորը վերաբերող այդ հանգամանքնները պետք է հաշվի առնվեին:

- Ոչ, որովհետև նրանք տարբեր մարդիկ են, Վահրամ Ավետիսյանն է առաջադրվել և ոչ թե՝ Դավիթ Ավետիսյանը: Վահրամ Ավետիսյանին ես կգնահատեմ նրա գործողություններով, ելույթներով, հարցերին տված պատասխաններով:

- Բայց անցած տարվա մայիսի 20-ին վարչապետը վեթինգի վերաբերյալ իր հայտնի ելույթում հայտարարեց, թե պետք է ստուգվի նաև դատավորների ծագումնաբանությունը:

- Չեմ կարծում, որ ծագումնաբանություն ասելով՝ վարչապետը նկատի է ունեցել ծնողների դրական կամ բացասական գործունեությունը: Եթե Վահրամ Ավետիսյանի հայրը հայտնի լիներ դրական և ոչ թե բացասական առումով, ինչպես նշում եք, դա չէր նշանակի, որ որդու թեկնածությանը տրվող գնահատականը պիտի ավելի դրական լիներ: Նրա թեկնածության մասին պետք է դատել հենց իր գործերով: Ինչ վերաբերում է ծագումնաբանությանը, ապա պարոն Ավետիսյանը կառավարության թեկնածուն է, և չեմ կարծում, որ Դավիթ Ավետիսյանի որդի լինելը կառավարությանը հայտնի չէր: Եթե առաջադրել են, ուրեմն, այդ հանգամանքը նրանց համար նշանակություն չի ունեցել, և, կարծում եմ՝ չպետք է ունենար:

- Կարծում եք, դատավոր հոր վարքագիծը որդու վրա ազդեցություն չի՞ ունեցել: Ի վերջո՝ այդ ազդեցության արդյունքում է Վահրամ Ավետիսյանն ընտրել իրավաբանի մասնագիտությունը:

- Թե որքան է Վահրամ Ավետիսյանը իրավաբանի մասնագիտությունը ընտրելիս ոգեշնչվել Դավիթ Ավետիսյանով՝ նրան պետք է հարցնեք, բայց ՍԴ դատավորի լավ կամ վատ թեկնածու լինելու դեպքում, չեմ կարծում, որ պետք է ղեկավարվել հոր գործունեության վերաբերյալ եղած ընկալումներով: Կոնկրետ ինձ համար նրա հոր՝ ով լինելը նշանակություն չունի:

- Իսկ ԱԺ-ն ՍԴ դատավորների ընտրության հարցը ե՞րբ է քննարկելու. արտահե՞րթ նստաշրջան կհրավիրի, թե՞ կսպասի աշնանայինին:

- Այս պահին որևէ տեղեկություն չունեմ:

- Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոյսանի՝ արձակուրդում լինելու պատճառով ՍԴ-ն դեռ նիստեր չի գումարում, քանի որ քվորումի խնդիր կա: Ինչպե՞ս կարող է կարգավորվել այս հարցը:

- ՍԴ մասին օրենքի կանոնակարգումներին շատ լավ ծանոթ չեմ, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ քվորումի բացակայությունը ոչ թե Սահմանադության բարեփոխումների, այլ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի՝ արձակուրդում լինելու հետևանք է: Եթե ՍԴ դատավորներից որևէ մեկի կամ մի քանիսի արձակուրդում լինելն ազդում է ՍԴ բնականոն գործունեության վրա, ապա ՍԴ նախագահը կամ նախագահի պարտականություններ կատարողը պետք է այն ապահովի: Թյուր է կարծիքը, թե ՍԴ-ն նախագահի պարտականություններ կատարող չունի, դատավոր Աշոտ Խաչատրյանն է այդ պարտականությունները կատարում: Նա համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, որից էլ կարելի է եզրակացնել, որ ընդունել է այդ կարգավիճակը: Ոչ նրա տարիքն է անհայտ, ոչ էլ օրենքի կարգավորումը:

-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ հիմքով, որ նա «պատգամավորական գործունեությանը զուգահեռ առերևույթ զբաղվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարմամբ»: Ապացուցվելու դեպքում ԲՀԿ ղեկավարը կզրկվի՞ պատգամավորական մանդատից:

- Սահմանադրության 95-րդ հոդվածում ամրագրված է, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, և այս պահանջի հետ անհամատեղելիությունը նախատեսում է լիազորությունների դադարեցման գործընթաց: Ինքս վարույթի մանրամասներին ծանոթ չեմ, և հարցին առնչվող այլ դրվագների վերաբերյալ պատասխաններ կարող է տալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

-ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն խմբակցությունց դուրս գալու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին՝ առանց նշելու պատճառը: Ունե՞ք ենթադրություն, թե ինչու է նա ցանկանում դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից:

- Անկեղծ ասած՝ պարոն Բագրատյանի հետ վաղուց չեմ շփվել, չեմ կարող ասել:

- Հնարավո՞ր է՝ պատճառ լինեն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնց առնչություն ունենա նաև Սերգեյ Բագրատյանը:

- Այսօր որևէ բան բացառված չէ, բայց ես մանրամասներին չեմ տիրապետում:

- «Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավորները դուրս են եկել նաև նախորդ իշխանության օրոք, երբ նրա առաջնորդի նկատմամբ որոշակի ճնշումներ կիրառվեցին: Այսօր ԲՀԿ-ի շուրջ նույն իրավիճա՞կն է:

- Ես չգիտեմ, թե այդ կուսակցությունում ինչ է կատարվում, և այնպես չէ, որ դա ինձ շատ հետաքրքիր է:

-Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավական գործընթացները դանդաղել են, աղմուկը պակասել է, և հնչում են ենթադրություններ, թե նա և իշխանությունը ինչ-ինչ համաձայնությունների են եկել:

- Բացառված է որևէ քաղաքական գործարքների գնալը, և աղմուկ չկա, քանի որ աղմուկ ստեղծող սուբյեկտները, իսկ նրանք «Իմ քայլում» չեն, հիմա դա չեն անում: Եղել են քրեաիրավական գործընթացներ, որոնք ենթադրել են ԱԺ-ում համապատասխան հարցի քննարկում: Այդ հարցի քննարկմանը մենք որևէ վերաբերմունք չենք ցուցաբերել, առանձնապես ելույթներ էլ չենք ունեցել, ոչ էլ հարց ենք տվել, որպեսզի ավելորդ շահարկումներից խուսափենք: Աղմուկը առաջացավ ԲՀԿ-ի մեր գործընկերների ակտիվության արդյունքում: Հիմա ակտիվությունը նվազել է, աղմուկն էլ է նվազել:

- Իսկ ինչո՞ւ, Ձեր կարծիքով, նվազեց նրանց ակտիվությունը:

- Նախկինում քրեական գործընթացները խաչվել են քաղաքական գործընթացների հետ: Քաղաքական գործընթացներում ակտվությունը քրեական գործընթացներում սակարկությունների գործիք է եղել: Գուցե մեր գործընկերները կարծում էին, որ նույն մեթոդը կարող է աշխատել նաև հիմա: Եվ թեպետ սկզբում համառորեն չէին ուզում հասկանալ, որոշ ժամանակ անց ստիպված եղան ընդունել, որ այդպես չի լինի, և հիմա ակտիվություն չեն ցուցաբերում: Հասկացան, որ դա քրեական գործընթացների վրա որևէ ազդեցություն չի ունենա, իսկ քաղաքական առումով ունենում է բացասական ազդեցություն, դրա համար էլ ակտիվությունը նվազել է: Նաև նկատի ունեցեք, որ խորհրդարանն արձակուրդում է: