Նոր նախագիծ՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ

հուլիսի 29, 2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ առաջարկող հերթական նախագիծն է դրել շրջանառության մեջ։ Դրա նպատակը խորհրդարանում մշտապես գործող Էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է:

Նախորդ՝ 6-րդ գումարման ԱԺ-ում, նաև 7-րդի անցած ամիսներին խորհրդարանում էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել, թեպետ առիթներ եղել են: Որպես համապատասխան նախաձեռնությամբ հանդես չգալու պատճառ՝ նշվել են օրենսդրական կարգավորումները՝ համաձայն որոնց էթիկայի հանձնաժողով կարող է ձևավորվել, եթե որևէ խմբակցություն կոնկրետ դեպքի առիթով հանդես գա էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:  

«Իմ քայլը» առաջարկում է ԱԺ կանոնակարգ օրենքում ներառել էթիկայի հանձնաժողովի ստեղծմանն ու կազմավորմանը վերաբերող նոր հոդված:

Ըստ շրջանառվող նախագծի՝ Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ առաջին նստաշրջանում, ինչպես նաև յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, խմբակցության առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ, և գործում է մինչև նույն գումարման ԱԺ-ի հաջորդ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը:

Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվելու է ԱԺ որոշմամբ:

Հանձնաժողովի կազմը հաստատում, հանձնաժողովի նախագահին և նրա տեղակալին նշանակում է ԱԺ նախագահը։

Էթիկայի հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են հանձնաժողովի կազմից՝ խմբակցությունների ներկայացմամբ: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծ ընդդիմադիր և կառավարող խմբակցություններին: Ընդդիմադիր խմբակցությունը ներկայացնող նախագահի տեղակալը լինելու է կառավարող խմբակցությունից, և հակառակը:

ԱԺ խմբակցությունն էթիկայի հանձնաժողովում կարող է ունենալ մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: Եթե կառավարող խմբակցությունների ընդհանուր թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով։

Համալրումը կատարվում է հետևյալ կարգով՝

1) եթե կառավարող խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին.

2) եթե ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է կառավարող խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարող խմբակցություններին.

3) լրացուցիչ անդամի (անդամների) առաջադրման հաջորդականությունը որոշվում է ըստ նրա (նրանց)՝ առաջադրման իրավունք ունեցող խմբակցությունների թվի՝ մեծաթվից փոքրաթիվ։

Լրացուցիչ անդամ առաջադրվում է մինչև հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համալրումը՝ ապահովելով հանձնաժողովում կառավարող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թվի հավասարությունը:

Էթիկայի հանձնաժողովի անդամների առաջադրման, հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պահպանվում է մինչև Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտը: Խմբակցություններն իրավունք ունեն փոխելու հանձնաժողովում ընդգրկված իրենց անդամներին:

Առաջարկվող «պատիժը»

Նոր նախագծում «պատիժ» է սահմանվում էթիկան խախտած պատգամավորի համար: Մասնավորապես, ԱԺ նախագահը էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորի նկատմամբ կարող է կիրառել օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոց։ Այդպիսի միջոցներ են հրապարակային նկատողությունը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից զրկումը մինչև յոթ օրով:

Ի՞նչ լիազորություններ կունենա ԱԺ էթիկայի հանձնաժողովը

Ըստ փոփոխությունների նախագծի՝ էթիկայի հանձնաժողովը եզրակացություն է տալու ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, ինչպես նաև՝ եզրակացություն է տալու պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ՝ համաձայն նույն օրենքի 4-հոդվածի:

Էթիկայի հանձնաժողովը կարող է անհրաժեշտ տեղեկություններ հավաքագրելու համար դիմել պետական մարմիններին, պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց եզրակացությունները: Սահմանվում է, որ պատկան մարմինները պարտավոր են երկու շաբաթում հանձնաժողովին ուղարկել պահանջվող տեղեկությունը։

Էթիկայի հանձնաժողովի նիստերը կանցկացվեն բաց միայն այն դեպքում, եթե այդպես ցանկանա պատգամավորը, որի հարցը կքննարկվի։ Էթիկայի հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները հրապարակվելու են ԱԺ նիստում եւ տեղադրվելու են ԱԺ պաշտոնական կայքում:

Նախագծի հեղինակները հուսով են, որ այս փոփոխությունները էթիկայի հանձնաժողովը կդարձնեն կենսունակ, իսկ դրա գործունեությունը կախված չի լինի որևէ քաղաքական ուժից։ Միևնույն ժամանակ, հանձնաժողովի ստեղծման այս եղանակը լինելու է միջանկյալ լուծում. ամբողջական կարգավորումը, որով կփոխվի նաև հանձնաժողովի կարգավիճակը, քննարկվելու է Սահմանադրության փոփոխությունների շրջանակում: