ՍԴ դատավորի առաջին թեկնածուի առաջին հանդիպումը պատգամավորների հետ կայացավ

հուլիսի 31, 2020

«Չեմ պատրաստվում լինել դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը», - «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո հայտարարեց Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանը:

Կառավարությունը Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էր մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 23-ին: Նա Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է, ունի իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում:

Քննադատության թիրախում՝ հոր գործունեության պատճառով

Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը միանշանակ չընդունվեց. առաջադրումից անմիջապես հետո սկսվեցին քննարկումներ, թե թեկնածուի հայրը 2008-2016 թթ. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանն է, որի պաշտոնավարման շրջանում են կայացվել 2008թ. Մարտի 1-ի գործով մեղադրվող բազմաթիվ գործիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի դատավճիռները: Շուրջ երեք տասնյակ քաղբանտարկյալներ բաց նամակով դիմեցին Կառավարությանը՝ խնդրելով hետ կանչել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

Արտախորհրդարանական ուժերից երկուսի՝ Հայ ազգային կոնգրես և «Հանրապետություն» կուսակցությունների անդամները, մի շարք իրավաբաններ ու իրավապաշտպաններ նույնպես քննադատեցին կառավարության այդ քայլը, թե ՍԴ դատավորի թեկնածուի հայրը ոչ միայն համակարգել է Մարտի 1-ի գործով հակաօրինական որոշումների կայացման դատական գործընթացներն ու անօրինական որոշումներ կայացրել, այլև եղել է կոռումպացված ու նախկին իշխանությունների կամակատար դատավոր: Նրանք խոսել էին նաև շահերի հնարավոր բախման մասին։

«Իրավունքի Եվրոպա միավորման» անդամ Տիգրան Եգորյանը փաստեր հրապարակեց, թե նախկինում Վահան Ավետիսյանը, լինելով դատախազության աշխատակից և գիտակցելով, որ այդ պաշտոնում չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրենքով նախատեսված սահմանափակումները շրջանցելով՝ կնքել է կեղծ առուվաճառքի պայմանագիր, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել փաստացի իրականացնել օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությունը և դրանից ստանալ եկամուտ, ինչը, «բացի նրանից, որ օրենքի խախտում է (շատ կոնկրետ կոռուպցիոն դրսևորում է), նաև շատ կոնկրետ նկարագիր է անձի բարոյական, անձնական հատկանիշների»։

Չի մասնակցի հոր վերաբերյալ գործերի քննությանը

Մինչ Ազգային ժողովը լիագումար նիստում կքննարկի ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության հարցը, ընթացակարգի համաձայն՝ խորհրդարանական խմբակցությունները հանդիպում են նրա հետ և տալիս իրենց հետաքրքրող, մտահոգող հարցերը: Հուլիսի 30-ին «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո թեկնածուն չմանրամասնեց, թե ինչ հարցեր են իրեն ուղղվել: Բարձրացված հարցերն ու ստացված պատասխանները չբացահայտեցին նաև խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները:

«Հանդիպման ընթացքում բարձրացրեցին ինչպես մամուլում հնչած, այնպես էլ այլ հարցեր։ Ես փորձեցի հնարավորինս անկեղծ ներկայացնել իմ վերաբերմունքն ու մոտեցումները մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին թույլ կտան ձևավորել մոտեցում հետագա գործընթացների համար»,- ասաց Ավետիսյանը։

Նա խոստովանեց, որ իր համար անսպասելի էին հնչած քննադատությունները. «Առաջին 2-3 օրերին շոկային իրավիճակ էր, բայց հիմա, վերաիմաստավորելով այս պրոցեսները, հասկացանք, որ սա յուրօրինակ փորձություն է, որի միջով պետք է անցնել, որպեսզի հետագայում սպասվող առավել «դաժան փորձություններին» հնարավոր լինի դիմակայել»։  

Թեկնածուն չի կիսում հոր գործունեության նկատմամբ հնչած քննադատություններն ու մտահոգությունները. «Իմ հորը վերաբերող հարցադրումների առումով նշեմ, որ անհրաժեշտ է հստակ պարզել Վճռաբեկ դատարանի գործառույթը, արդյոք Վճռաբեկ դատարանը գործ քննո՞ղ դատարան է, թե՞ ոչ, արդյոք առկա՞ են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին: Ես հասկանում եմ նման հարցադրումներ կատարող սուբյեկտների մտահոգությունները, բայց նաև չեմ կիսում այդ մտահոգությունները, որովհետև ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, ովքեր առնչություն են ունեցել այդ գործերին: Իմ հայրն արդեն 5 տարի է թոշակի է գնացել, և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը ՍԴ-ում իմ գործունեության վրա», - ասաց թեկնածուն:

Ավետիսյանը նաև շեշտեց՝ ՍԴ-ի մասին օրենքը հստակ սահմանում է, որ եթե որևէ գործ քննելիս շահերի բախում է առաջանում, ապա ՍԴ դատավորը չի մասնակցում դրա քննությանը։ Եվ եթե ինքն ընտրվի, և հոր վերաբերյալ գործ քննվի ՍԴ-ում, իրավունք չի ունենա մասնակցելու այդ գործի քննությանը: «Միջնորդավորված էլ չեմ կարող մասնակցել, որովհետև ես վստահ եմ՝ ՍԴ-ում գործող և նոր ընտրվող դատավորներն ունեն այնքան սկզբունքայնություն, անաչառություն, որ ես որևէ ձևով չեմ կարողանալու միջնորդավորված մասնակցել», - նշեց նա:

Վահրամ Ավետիսյանը խուսափեց կոնկրետ պատասխանել հարցին, թե այնուամենայնիվ իր կարծիքով ի՞նչ է տեղի ունեցել Մարտի 1-ին. «Պետք է նայենք, թե այդ գործերն ինչ հիմքերով են վերանայվում, կոնկրետ ժամանակաշրջանում ինչպիսի ապացույցներ են եղել, որոնց հիման վրա կայացվել են այս կամ այն որոշումները: Հետագայում ինչ-որ նոր հանգամանքներ երևա՞ն են եկել, որոնց հիման վրա վերանայվում են, թե՞ ոչ»:

ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում կմասնակցի՞ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանը, թե՞ կնախընտրի ձեռնպահ մնալ․ այս հարցին թեկնածուն պատասխանեց, թե «անկողմնակալ չլինելու հիմք չի տեսնում»:

ՍԴ դատավորի թեկնածուն այս պահին թեկնածությունից հրաժարվելու հիմքեր չի տեսնում:

Վահրամ Ավետիսյանը պետք է հանդիպի նաև խորհրդարանական ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հետ: ՍԴ դատավորների 3 թեկնածուները պետք է առաջադրվեն երկամսյա ժամկետում ՝ Կառավարության, Դատավորների ընդհանուր ժողովի և հանրապետության նախագահի կողմից։ Վերջնական ընտրությունը խորհրդարանին է։