Խորհրդարանում քննարկում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

օգոստոսի 24, 2020

Ամառային արձակուրդի ընթացքում, օգոստոսի 11-25-ը, ԱԺ-ում սկսվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների երկշաբաթյա քննարկում: Քննարկումները հեռավար են: Խորհրդարանական երեք ուժերից ձևավորված աշխատանքային խմբից բացի այդ քննարկումներին իրենց առաջարկություններով կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը՝ պետական գերատեսչություններ, արտախորհրդարանական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ:

Նախընտրական քարոզարշավի, ֆինանսավորման, վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի, համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման, ընտրողների ցուցակների և այլ հարցերի շուրջ արդեն տեղի է ունեցել երեք քննարկում: Հաջորդ երկու քննարկումները լինելու են Ընտրական վարչարարության, ԶԼՄ-ների, վստահված անձանց և դիտորդների ու ընտրակարգի վերաբերյալ:

Ո՛չ օլիգարխների փողերին

ԱԺ աշխատանքային խումբը քննարկումների հիմքում դրել է 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ԸՕ-ում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող կառավարության նախագիծը: 2018թ. նախագիծը մշակվեց բավականին հապշտապ, որպեսզի արտահերթ ընտրությունները տեղի ունենան նոր կարգավորումներով: Բայց այդ ժամանակ խորհրդարանում մեծամասնություն էր ՀՀԿ-ն, որը հոկտեմբերի 24-ին տապալեց օրինագծի ընդունումը:

Այդ նախագծով առաջարկվում էր վերացնել տարածքային կամ ռեյտինգային ցուցակներն ու ներդնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, նվազեցնել ընտրվելու անցողիկ շեմը (կուսակցությունների համար 4%՝ գործող 5% -ի փոխարեն, դաշինքների համար 6 %՝ գործող 7-ի փոխարեն)։ Նախատեսվում էր, որ ԱԺ-ում պետք է ներկայացված լինի նվազագույնը 4 քաղաքական ուժ:

Աշխատանքային խմբի ղեկավար, «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը Parliamentmonitoring.am-ին տեղեկացրեց, որ հիմա, 2018-ի փոփոխություններից բացի, քննարկվում են բազմաթիվ այլ հարցեր ևս: Նա առանցքային համարեց ընտրողների ցուցակների մաքրումը՝ հանել բոլոր այն մարդկանց անունները, որոնք Հայաստանում չեն, մահացել են, և հնարավոր չէ նրանց մասին տեղեկություն ստանալ: «Սա նշանակում է, որ ՀՀ ընտրողների ցուցակներում կան անուններ հարյուր-հազարավոր մարդկանց, որոնք վաղուց Հայաստանում չեն, գուցե ողջ չեն, բայց այդ անունները ցուցակներից հանելու որևէ ընթացակարգ չկա»,- ասաց նա:

Համազասպ Դանիելյանի խոսքով՝ քննարկվում է նաև քարոզարշավի բոլոր ծախսերը հայտարարագրելու հարցը:

ԸՕ-ի նախագծի մշակմանը, ինչպես 2018թ., մասնակցում է նաև «Իրազեկ քաղաքացների միավորում» կազմակերպությունը, որի ղեկավար Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ քարոզարշավի բոլոր ծախսերը պետք է կատարվեն նախընտրական քարոզչության հիմնադրամից, իսկ հիմնադրամը պետք է ձևավորվի ոչ թե որևէ օլիգարխի ունեցվածքով, այլ քաղաքացիների հանգանակություններից: «Այդպես մենք նվազագույնի ենք հասցնում օլիգարխիայի դերը ընտրությունների ժամանակ: Պետք է այնպիսի մեխանիզմ, որն օլիգարխին թույլ չի տա 50 հազարական դրամ բաժանել մարդկանց ու ասել՝ փոխանցեք հիմնադրամին: Այդ արարքը պետք է քրեականացվի, որ նման երևույթները նվազագույնի հասնեն: Միջազգային փորձի տեսանկյունից դա բավականին արդյունավետ է գործում»,- ասում է նա:

Ըստ Իոաննիսյանի՝ պետք է երկարացնել քարոզարշավի ժամանակահատվածը, որպեսզի սուղ ռեսուրսներ ունեցող կուսակցությունները կարողանան օգտվել գոնե Հանրային հեռուստաընկերության անվճար գովազդի հնարավորությունից և ներկայացնել իրենց ծրագրերը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն աշխատանքային խմբին առաջարկել է ռեյտինգային ցուցակների և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի միաձուլված տարբերակ, այն է՝ ընտրողին ներկայացնել 30-50 թեկնածուից բաղկացած ցուցակ: «Ընտրողը կքվեարկի այդ թեկնածուներից որևէ մեկի օգտին, ձայնը կգրանցվի կուսակցությանը: Դա կլինի ներքին պրայմերիզի նման մի բան, որն ավելի ժողովրդավարական է»,- ասում է խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Համազասպ Դանիելյանը հավելում է, որ քննարկվող հարցերից մեկն էլ խորհրդարանում կանանց 30 տոկոսից ավելի քվոտա տալու հարցն է: Այս պահին պահանջվում է ոչ թե ԱԺ-ում, այլև նախընտրական ցուցակներում կանանց հատկացնել 25 տոկոս: Քննարկվում է նաև պատգամավորությունից հրաժարված կին պատգամավորի մանդատը ոչ թե ցուցակի հաջորդ, այլ հաջորդ կին թեկնածուին փոխանցելու հարցը:

ԸՕ փոփոխությունները՝ երկու փուլով

Ընտրական գործընթացներին վերաբերող հարցերն այս պահին քննարկվում են նաև Կուսակցությունների մասին օրենքի և Սահմանադրության փոփոխությունների շրջանակում: Երկրորդ դեպքում առանցքային է հատկապես կայուն մեծամասնությունից և բոնուսային համակարգից հրաժարվելու հարցը:

Համազասպ Դանիելյանի խոսքով՝ նպատակահարմար է այս փուլում ԸՕ-ում այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք Սահմանադրության հետ առնչություն չունեն: Փոփոխությունների նախագիծն ԱԺ-ին կներկայացվի 2021-ի գարնանը: Այն նախատեսում են ընդունել մինչև աշուն, որպեսզի աշնանը հանրապետությունում կայանալիք ՏԻՄ ընտրությունները անցկացվեն փոփոխված օրենսգրքով: Այն փոփոխությունները, որոնք նախապես ենթադրում են սահմանադրական կարգավորումներ, կիրականացվեն սահմանադրական փոփոխություններից հետո՝ մինչև 2023թ. հերթական խորհրդարանական ընտրությունները: