Առանց ռեյտինգային համակարգի և բոլոր ծախսերի հայտարարագրմամբ, Ընտրական օրենսգիրքը փոփոխովում է

օգոստոսի 26, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ 

- Պարոն Դանիելյան, ի՞նչ հարցեր են քննարկվում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շրջանակում։

- Քննարկումների հիմքում 2018թ. նախագիծն է, որն Ազգային ժողովը չընդունեց։ Այնտեղ հիմնականում ներառված էին հրատապ փոփոխություններ, որոնց նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, և Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկար: Այդ նախագծի հիման վրա մենք կանդրադառնանք խնդիրների, որոնք այն ժամանակ իրատեսական չէին թվում՝ սկսած քարոզարշավի կարգավորումից մինչև ընտրական հանձնաժողովներ։ Ըստ էության՝ ԸՕ-ն բոլոր գլուխներով ու բաժիններով ենթակա է քննարկման:

- Այն ժամանակ շատ էր կարևորովում ռեյտինգային ընտրակարգը փոխելը: Քննարկո՞ւմ եք այդ հարցը։

- Այո, դա քննարկումների հիմքում է, և պատրաստ ենք լսել առաջարկներ յուրաքանչյուր կողմից։ Օրինակ, ԱԺ խմբակցություններից մեկը փակ ցուցակով պարզ համամասնականի փոխարեն այլ առաջարկներ է ներկայացնում։ ԱԺ-ն ավելի ներառական դարձնելու համար կա նաև կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմը 1 տոկոսով նվազեցնելու հարցը։ 2018թ. հեղափոխությունից հետո և հեղափոխությամբ ոգևորված՝ նոր քաղաքական միավորներ հանդես եկան, և անցողիկ շեմի նվազեցումը կլուծի խորհրդարանն ավելի ներկայացուցչական դարձնելու հարցը։ Իհարկե, կա նաև ռիսկ, որ այս մոտեցմամբ ԱԺ-ն կարող է շատ տրոհվել, և կդժվարանա մեծամասնություն ձևավորելու հարցը։

- Կայուն մեծամասնության ինստիտուտից հրաժարվելու հարցը նույնպե՞ս քննարկվում է։

- Այո: Որքան տեղյակ եմ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկում է դրա նպատակահարմարությունը։ Ամենակարևոր հարցերը կապված են կայուն մեծամասնության հետ: Դրանով է պայմանավորված ԱԺ ընտրությունների 2-րդ փուլի անցկացումը։ Եթե կայուն մեծամասնության դրույթը դուրս գա, դրան վերաբերող կարգավորումները ԸՕ-ից դուրս են գալու։ Դա վերաբերում է նաև բոնուսային համակարգին, որը նույնպես կայուն մեծամասնության փիլիսոփայության մեջ է։

- Իսկ ՏԻՄ մակարդակում ի՞նչ կարգավորումներ եք նախատեսում։

- Հունիսին ԸՕ-ում արդեն փոփոխել ենք համայնքներում ավագանիների ձևավորման կարգը։ Կուսակցությունների և դաշինքների համար 2 տոկոսով իջեցրել ենք շեմը, ինչը կարևոր քայլ է ավագանիներն ավելի ներառական դարձնելու համար։ Կան խնդիրներ, որոնք պայմանավորված չեն Սահմանադրությամբ՝ ընտրական հանձնաժողովների ձևավորում ու քարոզարշավի անցկացում, կուսակցությունների ու թեկնածուների ծախսերի հայտարարագրում։ Խնդիրները, որոնք պայմանավորված են Սահմանադրության փոփոխություններով, ավելի քիչ են:

- Ընդդիմությունը տարիներ շարունակ պահանջում էր ընտրացուցակներից հանել Հայաստանում չգտնվող մարդկանց անունները։ ԸՕ փոփոխություններում կներառե՞ք նման կարգավորումներ։

- Այո։ Հիմքում լինելու է ընտրացուցակներից Հայաստանից բացակայողների անունները հանելը: Գուցե նրանք ողջ չեն, մահացել են, ու որևէ տեղեկություն նրանց մասին հնարավոր չէ գտնել. բոլոր այս անունները պետք է հանել: Կարող է նաև դրսում են՝ ժամկետանց փաստաթղթերով. նորից պետք է հանել, իհարկե, հնարավորինս փորձելով չսահմանափակել որևէ մեկի քվեարկելու իրավունքը՝ եթե հանկարծ ընտրությունների օրը մեկը գա, լրացուցիչ ընթացակարգով ընդգրկվի ցուցակում ու քվեարկի։ Կան հազարավոր անուններ, որոն վաղուց Հայաստանում չեն, գուցե ողջ չեն, բայց ցուցակներից նրանց անունները հանելու որևէ ընթացակարգ չկա։

- Կար նաև կարծիք, թե իշխանությունը կարողանում էր անել այնպես, որ արտագնա աշխատանքի մեկնածները, որոնք ունեն քվեարկելու իրավունք, «քվեարկեն» հենց իշխանության օգտին: Քննարկո՞ւմ եք ընտրության ժամանակ նաև նրանց անունները ցուցակներից հանելու հարցը:

- Չեմ կարծում։ Նրանց փոխարեն չքվեարկելու ամենակարևոր երաշխիքը պետք է մնա քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակումը։ Դա հնարավորություն է տեղեկանալու՝ կա՞ ստորագրություն իրենց կամ իրենց բացակա հարևան-բարեկամի անվան դիմաց, թե՞ ոչ։

- Ընտրությունների ժամանակ շատ է խոսվում, թե հարուստ կուսակցությունների քարոզարշավում ստվերային գումարները մեծ դեր են խաղում: Այս խնդրին անդրադարձ լինելո՞ւ է։

- Այսօր օրենքը նախատեսում է քարոզարշավի ընթացքում կոնկրետ ծախսերի՝ գովազդային վահանակների, տպագրության և այլնի հայտարարագրում, բայց շտաբների վարձակալության և աշխատողների աշխատավարձերը չեն հայտարարագրվում։ Իսկ դրանք կարևոր ֆինանսական միջոցներ են, որ ներարկվում են քաղաքական գործընթաց, դրանց թափանցիկությունը պետք է ապահովել։ Այդ աշխատավարձերը կարող են լինել օրինական ընտրակաշառքի տարբերակ, երբ կուսակցությունը փող է տալիս մեծաթիվ մարդկանց՝ որպես աշխատակիցների, բայց ակնկալելում է ոչ թե աշխատանք, այլ իր օգտին քվեարկություն։ Այդ ամբողջը պետք է հայտարարագրվի, և պետք է ծախսերի առավելագույն շեմ սահմանվի։

Կա նաև սեռերի հավասար ներկայացվածության, քվոտաների հարց, մասնավորապես, որ կանայք ԱԺ-ում լինեն 1/3-ից ավելի։ Եթե 30 տոկոսից պակաս կլինեն, կին պատգամավորի վայր դրած մանդատը կփոխանցվի ցուցակի հաջորդ կին թեկնածուին։

- Ե՞րբ է ԸՕ փոփոխությունների նախագիծը ներկայացնելու խորհրդարան։

- Ամենայն հավանականությամբ՝ 2021թ. գարնանը։ Իսկ Սահմանադրության բարեփոխումներից հետո կիրականացվեն ԸՕ այն փոփոխությունները, որոնք ենթադրում են սահմանադրական կարգավորումներ։