Պետությունը կֆինանսավորի կուսակցություններին՝ սահմանելով խաղի նոր կանոններ

սեպտեմբերի 2, 2020

Պետությունը փոխում է կուսակցությունների խաղի կանոնները՝ շեշտը դնելով ֆինանսավորման և ֆինանսական ծախսերի թափանցիկության վրա: Դեռ անցած տարի խորհրդարանում ստեղծված աշխատանքային խումբը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ է պատրաստում: Մշակվել է պետության կողմից կուսակցություններին ֆինանսավորելու նոր բանաձև՝ քիչ ձայն ստացածներին՝ շատ, շատ ձայն ստացածներին՝ քիչ փող, սկզբունքով։ Քաղաքական լայն դաշտին նախագիծն առայժմ հասանելի չէ:

Կավելանա պետական ֆինանսավորումը

Փոփոխությունների նախագծի ընդունումից հետո համապետական վերջին ընտրություններում մինչև 5 տոկոս ձայն ստացած կուսակցության յուրաքանչյուր քվեն կարժենա 1000 դրամ, 5-15 տոկոսի դեպքում՝ 500 դրամ: 15-25 տոկոս ձայն ստացած ուժի յուրաքանչյուր քվեն կլինի 250 դրամ, 25 տոկոսից ավելիի դեպքում՝ 125 դրամ: Ֆինանսավորում ստանալու են նաև 2 տոկոս և ավելի ձայն ստացած կուսակցությունները։

Գործող օրենքով ֆինանսավորվում են վերջին համապետական ընտրություններում 3 տոկոսը հաղթահարած կուսակցությունները և, անկախ ձայների քանակից, յուրաքանչյուր քվեի համար ստանում են 40 դրամ։ 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ամենամեծ գումարը 32 մլն դրամը ստացել է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2019թ. պետբյուջեից ստացել մոտ  9 մլն դրամ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 մլն դրամ: Անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցություններից «Դաշնակցությունը», որը ստացել էր 3,88 տոկոս, պետբյուջեից ստացել է 4,3 մլն դրամ։

Փոփոխված օրենքը թույլ չի տա, որ գործարարներն ու ընկերությունները կուսակցություններ ֆինանսավորեն: Կարգելվի ֆինանսավորումը նաև օտար երկրների կամ կազմակերպությունների կողմից: Կուսակցությունները կարող են ֆինանսավորվել միայն ՀՀ քաղաքացիների կողմից՝ հանգանակությունների կամ պետբյուջեի հատկացումների միջոցով։ Ընդ որում, նվազելու է նաև մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր քաղաքացու կատարած նվիրատվության չափը՝ 2,5 մլն դրամ՝ 10 միլիոնի փոխարեն:

Եթե կուսակցությունները խախտել սահմանված պահանջները, նրանց գործունեությունը կարող է դադարեցվել։

Վերջ՝ զարտուղի ճանապարհով օրինական ֆինանսավորմանը

Օրինագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավարը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն է: Նա ասում է, որ այս փոփոխություններով ցանկանում են քաղաքական ուժերին զերծ պահել բիզնեսի, տարբեր այլ ուժերի ազդեցությունից ու նրանց պատվերը կատարելուց։ Եթե մինչև հիմա կուսակցություններն ինչ-ինչ ճանապարհներով կարողացել են իրավաբանական անձանցից, բիզնեսից գումար ստանալ, այս փոփոխություններով դա խստիվ կարգելվի: «Ուզում ենք, որ ՀՀ օրենսդրությունը նպաստի կուսակցությունների թափանցիկությանն ու ներառականությանը: Ուզում ենք, որ իր ներքին խնդրները կարգավորելիս կուսակցությունը լինի ժողովրդավար, իսկ հանրության առջև՝ հաշվետու»,- ասում է պատգամավորը։

Համազասպ Դանիելյանն ասում է, թե իրենց մշակած կարգավորումները թույլ չեն տա, որ կուսակցությունները բիզնեսից գումար ստանան զարտուղի, բայց օրինական ճանապարհներով։ Օրինակ՝ կուսակցության անշարժ գույքը վարձակալելու համար կներդրվի միասնական գնային, բանկերում ավանդների համար՝ միասնական տոկոսադրույքի մեխանիզմներ։ Նպատակն այնն է, որ կուսակցությունները բանկերի ու տարբեր ընկերությունների կողմից շուկայականից բարձր տոկոսավճարների կամ վարձավճարների միջոցով անուղղակի ֆինանսավորում չստանան։

«Հայաստանում, գիտենք, կուսակցական գույքը շատ անհավասար և անհամաչափ է բաշխված, ՀՅԴ-ն ունի կուսակցությունների գույքի 30-40 տոկոսը, նույնքան ունի նաև ՀՀԿ-ն: Այսինքն, ամբողջ քաղաքական դաշտում այդ երկու խաղացողներն ունեն գույքի 80 տոկոսը: Գույքը վարձակալության տալու միջոցով կուսակցությունը կարող է շատ լեգալ ճանապարհով լրացուցիչ ֆինանսավորում ներգրավել, օրինակ, գույքը թանկ գնով վարձակալության տալ ծխախոտ արտադրող որևէ կազմակերպության և այդ բիզնեսից օրինական ֆինանսավորում ստանալ»,- ասում է Համազասպ Դանիելյանը:

Վերջինս նաև նկատում է, որ պետական ֆինանսավորումն էլ չպետք է այնքան շատ լինի, որ կուսակցությունը, չունենալով կախվածություն հանրության ու քաղաքացիների նվիրատվությունից, դադարի հաշվետու լինել իր անդամներին ու համակիրներին։

Քայլ առաջ է

Կուսակցությունների մասին օրինագծի փոփոխությունների մշակմանը մասնակցել է նաև խորհրդարանական ընդդիմությունը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նախատեսվող փոփոխությունները քայլ առաջ է համարում։ Նա էլ է մտահոգիչ համարում ֆինանսական ռեսուրսների ազդեցությամբ ստեղծված անհավասար մրցակցությունը կուսակցությունների միջև:

Պատգամավորը հուսով է, որ այս նախագիծը կնվազեցնի «օլիգարխիկ կամ այլ ֆինանսական կենտրոնների» ազդեցությունները քաղաքական գործիչների, կուսակցությունների վրա. «Տեսնում ենք, որ կան մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեցող, մեծ ֆինանսական ռեսուրսների շուրջ ստեղծվող կուսակցություններ, որոնք անընդհատ կարող են մարզերում գրասենյակներ բացել: Այս նախագծով փորձել ենք նվազեցնել ֆինանսների ազդեցությունը մրցակցության վրա, որպեսզի առաջնային պլան գան կուսակցության ծրագրերը, գաղափարախոսությունը, անդամները, ովքեր ծրագրերը կյանքի են կոչելու»,- ասում է Գևորգ Գորգիսյանը: