Արտակարգ դրությունից՝ կարանտին, նույն սահմանափակումներով

սեպտեմբերի 4, 2020

Արտակարգ դրությունը 5-րդ անգամ չի երկարաձգվի համավարակի դեմ պայքարը կշարունակվի առանց արտակարգ դրության, բայց՝ գրեթե նույն սահմանափակումներով։

«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»  օրենքում և հարակից օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը քննարկվեց ԱԺ սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում և ընդունվեց երկու ընթերցումներով։ Դրա համար պատգամավորները ստիպված եղան հավաքվել նաև երեկոյաներկրորդ ընթերցմամբ փաթեթն ընդունվեց ձայների 70 կողմ, 19 դեմ հարաբերակցությամբ։

Խորհրդարանական ընդդիմությունը նախորդ ամիսներին թեև մի քանի անգամ հանդես էր եկել արտակարգ դրությունը մասնակիորեն կամ ամբողջությամբ չեղարկելու նախաձեռնությամբ, դեմ քվեարկեց փաթեթին։

Նախագծերի փաթեթը խորհրդարանին ներկայացնելիս արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց, որ վարակիչ հիվանդությունների ներթափանցման և դրա արդյունքում համաճարակի առաջացման հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում կարող է սահմանվել կարանտին։

Կարանտին կարող է սահմանվել մարզպետի, քաղաքապետի, ինչպես նաև կառավարության որոշմամբ՝ առողջապահության նախարարության առաջարկությամբ։ Կարանտինի հայտարարումը լիազոր մարմնին մի շարք սահմանափակումներ մտցնելու հնարավորություն է տալիս: Փոխնախարարի ներկայացմամբ՝ մարզպետի որոշմամբ համաճարակային գոտում կարող է սահմանափակվել մարդկանց ազատ տեղաշարժը, հայտարարվել մեկուսացում կամ ինքնամեկուսացում։ Կառավարության կողմից ևս կարող են կիրառվել հատուկ միջոցառումներ։ «Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցի տեղաշարժման սահմանափակումներ, օբսերվացիա, ինքնամեկուսացում, մեկուսացում: Կարող են կիրառվել նաև լրացուցիչ հատուկ միջոցառումներ», - թվարկեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17-ին, Հայաստանում արտակարգ դրությունը կավարտվի, և կառավարությունը կհայտարարի կարանտին։ Այն կտևի վեց ամիս՝ հետագայում ևս վեց ամիս երկարաձգելու հնարավորությամբ։ Կարանտին հայտարարելու դեպքում պարետատուն հասկացությունը կվերանա։

Ընդդիմությունը հիասթափված է

Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը հիասթափեցրել էր խորհրդարանական ընդդիմությանը։ «Այսքան սպասեցինք, բերել եք մի նախագիծ, որտեղ արտակարգ դրություն բառերը փոխարինվում են կարանտին բառերով։ Այս փաստաթուղթը ունի հակասահմանադրական դրույթներ մարդու իրավունքների հետ կապված։ Բացի այդ՝ կարանտին: Մի հատ թարգմանեք դա ռուսերեն, անգլերեն ու լուրերով մի հատ նայեք, տեսեք, թե էդ ուղերձից հետո Հայաստանի քաղաքացիներին թույլ կտա՞ն ընդհանրապես դուրս գալ էս երկրից։ Կարանտին հայտարարելու ուղերձը շատ վատ ուղերձ է, և ես մտավախություն ունեմ, որ այն երկրները, որոնք պատրաստվում էին ՀՀ քաղաքացիների համար բացել սահմանները, չեն դիմի այդ քայլին։ Իսկ դրանից տուժելու է մեր ժողովուրդը, տնտեսությունը», -հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նույն մտավախություններն ուներ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը«Ուզում էինք ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիրների այս փաստարկը անտրամաբանական համարեց` ասելով, թե «կարանտին» բառի փոխարեն կարող են օրենքում «հրաշք» գրել, բայց դրանից Հայաստանում վարակակիրների թիվը չի փոխվի։

«Եվրոպական երկրների արտգործնախարարություններով նստած մարդիկ լուրերն են կարդում, մեկ էլ` վայ, կարանտին բառը կա: Վերջ, պետք ա Հայաստանից ոչ մեկ չգա մեր մոտ: Այսինքն`ձեր կարծիքով, էս մակարդակի՞ են որոշումները կայացվում պետական կառավարման ապարատներում տարբեր երկրների: Չէ, էդպես չի, սիրելիներս: Ու ընդհանրապես, երբ մի երկրից մուտքը կամ ելքը արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար մեկ ցուցիչը հետևյալն է` ինչպիսի հակահամաճարակային վիճակ է իրականում այդ երկրում: Օրինակ, օրական վարակումների որքան թիվ է գրանցվում», -ընդդիմադիր գործընկերներին բացատրեց Ռուբինյանը:

Նաիրա Զոհրաբյանի մյուս մտահոգությունն առնչվում էր օրենսդրական փաթեթում տեղ գտած տուգանքներին ու դրանց չափերին։ Ըստ պատգամավորի՝11 նոր տուգանք է ավելանում«Մեր նախկին գործընկերը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին պատգամավոր եղած ժամանակ-հեղ) մի շատ լավ նախադասություն ուներ` քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, որի հետ մենք բոլորս միանշանակ համաձայն էինք: Հիմա ձեր գրած այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում` 20, 30, 40... 100, մինչև 500 հազար դրամ»։

Փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը շտապեց փարատել մտահոգությունները՝ նոր տուգանքներ չեն ավելանում։

«Խոսքը նոր տուգանքների մասին չէ։ Երբ արտակարգ դրության իրավական ռեժիմից դուրս ենք գալիս, իսկ այդ տուգանքները վերաբերում էին արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումներին, ապա անհրաժեշտ է սահմանել համանման տուգանքների կիրառում, որպեսզի այդ պայքարը հնարավոր լինի կազմակերպել։ Հակառակ պարագայում՝ եթե նորմը նախատեսված է, բայց սանկցիա չկա, ուղղակի անարդյունավետ չէ այդ նորմի սահմանումը», -հայտարարեց Գրիգորյանը։

Օրենսդրական փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը օրենքով պահանջվող երեք ժամվա ընթացքում նիստ գումարեց, և փաթեթը մի քանի փոփոխություններով ներկայացվեց երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։ Կատարված փոփոխություններից փոխնախարարը առանձնացրեց կարևորագույնըիմունականխարգելումն իրականացվելու է բացառապես կամավոր: Դրա հարկադիր կամ դատական կարգով իրականացում չի ենթադրվում: