Ապրիլյան հանձնաժողովի զեկույցին հնարավոր է հաջորդեն քրեական գործեր

սեպտեմբերի 10, 2020

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը պատրաստվում է հրապարակել մեկամյա ուսումնասիրության արդյունքներն ամփոփող զեկույցը։

Սեպտեմբերի 9-ին քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ զեկույցն առաջիկա օրերին կներկայացվի ԱԺ նախագահին,։ Ըստ ԱԺ կանոնակարգի` զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում:

Փաստաթուղթը, ըստ Քոչարյանի, ծավալուն է, ունի հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի և բաց հատվածներ․դրանց հանրայնացումն իրականացվելու է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի դրույթների համաձայն։

«Ինչպիսի կարգավորման տիրույթում էլ լինի, ես ամեն ինչ անելու եմ, որ զոհերի հարազատները ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին», -հայտարարեց Քոչարյանը։ Նրա գնահատմամբ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը զգոնացրել է բանակին, կառավարումը դարձրել ավելի պատասխանատու։

«Հիմա կասեն էլի համեմատում է, շահարկում է, ճիշտ է, 2016-ի ապրիլը և 2020-ի հուլիսը տարբեր են, բայց մի բան կարող ենք արձանագրել՝ հուլիսին Զինված ուժերի համակարգը ոչ մի վայրկյան բացթողում չի ունեցել որոշումներ կայացնելու, ժամանակային առումով։ Այդ ամենի արդյունքում հակառակորդի էլիտար ստորաբաժանումը («Յաշմա») դիրքեր գրավելու երկու փորձ կատարեց, բայց զոհեր տվեց ու հետ շպրտվեց», -ասաց Անդրանիկ Քոչարյանը 

Ի՞նչ հարցերի պատասխաններ կտա քննիչ հանձնաժողովը 

Զեկույցի հրապարակումից առաջ Անդրանիկ Քոչարյանը բացահայտել է այն հարցերի շրջանակը, որոնց պատասխանները լինելու են փաստաթղթում։

«2016-ի ապրիլյան գործողությունների մեկնարկի սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի ու ուտելիքի պակաս չեն ունեցել։ Իսկ սկզբնական փուլը այն մինիմալն է, որը դրված է դիրքում, որ զինվորը, ինչ-որ գործողություն հայտարարելու դեպքում, պետք է սկսի կիրառել, ասենք՝ բացի արկղը, բացի փամփուշտը և սկսի կիրառել։ Այդ ժամանակահատվածը ինչքա՞ն է տևել։ Այ դրա պատասխանը դուք կգտնեք զեկույցում, որովհետև եկել է մի պահ, երբ որոշ դիրքերում կամ շատ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ»,- հայտարարեց Քոչարյանը։ 

Պատգամավորն ասաց, որ զեկույցում տրվելու է նաև բացատրություն, թե ինչու է այդպես եղել, որ դիրքերում է ուշացել օգնությունը, այդ ուշացումն ինչ հետևանքներ է առաջացրել, բանակի կառավարելիության աստիճանն այդ ժամաակ ինչպիսին է եղել և այլն։

«Ես կարող եմ վստահաբար ձեզ ասել, որ շատ կարևոր հարցերի պատասխաններ դուք գտնելու եք, տեսնելու եք զեկույցում, բայց հիմա ժամանակից շուտ ինձ մի խոսեցրեք»,- հավելեց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե ըստ Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ տանկերը դիզվառելիքի փոխարեն ջուր են օգտագործել, եղել է վրիպում, Քոչարյանը արձագանքեց «Ի՞նչ եք ասում, 2016-2018 թվականներին այդ վրիպումների մասին Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն մի հատ Կարեն Կարապետյանին հարցներ՝ տղա ջան, ինչի ես վրիպել։ Վարչապետը վրիպո՞ւմ է։ Ես էլ իրեն հարցրել եմ՝ այդ վրիպումը քաղաքական նպատակ ունեցե՞լ է, թե՞ ոչ, որովհետև այդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա»։

Անդրադառնալով ապրիլյան դեպքերի վերաբերյալ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսին, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ այն ոչնչի մասին էր։

Մասնավորապես, ըստ Քոչարյանի, Սարգսյանը չի պատասխանել հարցին, թե հակառակորդը քանի դիրք է տնօրինել։ «Դրանք շատ կարևոր փաստեր են, բայց նա չի պատասխանել այդ հարցերին, որովհետև դրանք չեն եղել նրա ասուլիսի օրակարգում», -հավելեց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե պաշտպանության գործող նախարարը ապրիլյան գործողությունները համարում է հաղթանակ, Քոչարյանը արձագանքեց «Դուք խառնում եք, ապրիլյան գործողությունների ժամանակ մեր առաջնագծի զինվորները կերտել են հաղթանակ։ Ես խոսում եմ վերջնամասի մասին, այն մասին, թե մենք ինչ ունեցանք։ Եթե դա այդպես է, այդ դեպքում բացեք ռազմական բառարանը և կարդացեք՝ ինչ է նշանակում հաղթանակ»։

Հարցին, թե այսինքն հաղթանա՞կ չէր, Քոչարյանը պատասխանեց հարցով «Հիմա դուք ուզում եք, որ ես ժամանակից շուտ բաներ խոսե՞մ։ Մեր զեկույցում փաստարկված կկարդաք՝ հաղթանակը որտեղ էր, բացթողումները որտեղ էին, վերջնամասում ամբողջը ինչ էր։ Եկեք ապրիլյանը հիմա թողնենք»։

Ի՞նչ է սպասվում զեկույցի հրապարակումից հետո

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցի հրապարակումից հետո չի բացառվում, որ քրեական գործեր հարուցվեն և կոնկրետ անձինք պատասխանատվության կանչվեն։ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովը քննչական մարմին չէ և քրեական պատասխանատվության կանչելու իրավասություն չունի, բայց եզրակացության հիման վրա իրավապահ մարմինները կարող են որոշ անձանց կանչել պատասխանատվության։ 

«Զեկույցը հնարավորություն է տալու, եթե կան թերացումներ, իսկ դրանք կան, կոնկրետ մարդիկ կան, որոնք թերացել են, և դա հետևանք է ունեցել, բնականաբար կլինի նաև այլ մարմինների համար ուսումնասիրման ու որոշումներ կայացնելու անհրաժեշտություն», -ընդգծեց Քոչարյանը։