ԱԺ սեպտեմբերի 16-ի նիստում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջ ենք ներկայացնելու. ԼՀԿ պատգամավոր

սեպտեմբերի 13, 2020

Հարցազրույց ԼՀ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հետ:

-Տիկին Կոստանյան, կրթական հարցերով Ձեր խմբակցությունում Դուք եք զբաղվում,  մեկնարկել է ուսումնական տարին, ի՞նչ ակնկալիքներ ունեք, ճի՞շտ ճանապարհով է գնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

-Կրթության ոլորտում պարբերաբար խնդիրներ են առաջանում, և ԿԳՄՍ-ն հայտնվում է քննադատությունների թիրախում։ Կրթությունը շատ տուժեց համավարակից, քանի որ հեռավար համակարգը չարդարացրեց իրենտարբեր օղակներից՝ բուհերից, դպրոցներից, շատ էին բողոքները։ Արդյունքում, տուժեց կրթության որակը։ Այն ուղին, որ բռնել է ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս ոլորտի ղեկավարի, մեծ սպասելիքների ազդակներ չի տալիս, քանի որ իրականացվող քայլերը հեռանկարային չեն։ Ընթացող պրոցեսները՝ կրթական չափորոշիչների բարեփոխումներից մինչև դիմորդների խնդիրներ, մասնակցային չեն, շահագրգիռ բոլոր կողմերը չեն մասնակցում այդ գործընթացներին, և մասնագետների կարծիքը տեղ չի հասնում։ Արդյունքում, նախագծեր են ներկայացվում, որոնք հանրային քննարկում չեն անցել, իսկ քննարկումների փուլում նախարարությունն ասում է՝ մենք բաց ենք առաջարկների համար։

-Ինչո՞ւ են խնդիրներն ու տարաձայնությունները հենց այս ոլորտում առաջանում, կարծում եք՝ նախարա՞րը հանդուրժո՞ղ չէ։

-Ուղղակի պետք է նայել փաստերին օրինակ՝ այն դիմորդների հարցը, որոնք բարձր միավորներով դուրս էին մնացել և բողոքի ակցիաներ էին իրականացնում որևիցե դեպք չեմ հիշում, որ կրթության նախարարն անձամբ ընդառաջ գնար և փորձեր երկխոսության սկսել դիմորդների հետ։ Բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել և ծնողների, և դիմորդների կողմից։ Դրանք ինքս էլ պաշտոնական գրությունների միջոցով ներկայացրել եմ նախարարություն, և դրանք անարձագանք են մնացել այն առումով, որ որևէ որոշում չի փոփոխվել, և նախարարությունն էլ չի ընդունել, որ ընդունելության քննություններում սխալներ է թույլ տվել՝ հաշվի չառնելով մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք փաստորեն, ճակատագրական դարձան շատ դիմորդների համար։ Նախարարի տոլեռանտության մասով էլ կուզեի ասել, որ մենք տեսնում ենք տարատեսակ լայվեր, ուղիղ եթերներ, որոնցում նախարարը բացասական գնահատականներ ու որակումներ է տալիս քննադատությամբ հանդես եկող շրջանակներին, ինչը նախարարի համար անթույլատրելի վարքագիծ է։

-Այդ շրջանակներն այս օրերին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են իրականացնում։ Հրաժարականի պահանջ ներկայացնելու հիմքեր կա՞ն։

-Իհարկե կան։ Մեր խմբակցությունն ամիսներ առաջ հարցապնդում է ներկայացրել նախարարություն, որի զեկույցը սեպտեմբերի 16-ի լիագումար նիստում ես պետք է ներկայացնեմ։ Դրա արդյունքում մենք նախարարի հրաժարականի պահանջ ենք դնելու։ Ես կարծում եմ՝ դա ոչ միայն օբյեկտիվ է, այլ նաև շատ հիմնավոր է, որովհետև երկու տարվա ընթացքում այս համակարգում որևէ դրական փոփոխություն, որևէ տեղաշարժ չի կատարվել։ Դա կարող է վկայել ցանկացած քաղաքացի։ Մարդիկ միայն մտաբերում են այն դժգոհությունները, որոնք պարբերաբար բարձրացվում են տարբեր շրջանակների կողմից։

- Մանդատից հրաժարվելու իր որոշումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի բացատրեց Արայիկ Հարությունյանի հետ ունեցած հակասություններով։ Կարծո՞ւմ եք՝ իշխանական թիմի ներսում էլ կա՞ն տարաձայնություններ ։

-Դատելով պարոն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությունից, դրանք, այո, կան։ Ինձ թվում է՝ նախարարի գործելաոճի, ոլորտի ձախողումների մասով քննարկումներ իշխանական թիմի ներսում էլ կան, այլապես չեմ կարծում, թե պարոն Ջուլֆալակյանը մանդատը վայր կդներ։ Դա նշանակում է, որ կան մտահոգություններ, որոնք չեն փարատվում։