3 դատավոր՝ 1 օրում․ ԱԺ-ն ՍԴ դատավորներ ընտրեց

սեպտեմբերի 15, 2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը սեպտեմբերի 15-ին փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավոր՝ Արթուր Վաղարշյանին կողմ էր քվեարկել 86, Էդգար Շաթիրյանին՝ 85, Երվանդ Խունդկարյանին՝ 84 պատգամավոր:

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին ընտրությունները՝ պատճառաբանությամբ, թե ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներ իրավական չեն: Նրանք նաև դժգոհ էին, որ թեկնածուները հանդիպել էին միայն իշխող խմբակցության հետ, բայց հայտարարեցին, որ դեմ են ոչ թե իրենց չհանդիպած թեինածուներին, այլ «ոչ իրավական» գործընթացին։

«Ինքներդ գիտեք, մենք Սահմանադրական դատարանում վիճարկում ենք սահմանադրական այն փոփոխությունների ընդունման գործընթացը, որի հետևանքը այսօր այս քվեարկությունն է»,- հիշեցրեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ բացատրեց. «ԲՀԿ-ն, ինչպես չի մասնակցել խորհրդարանում ՍԴ հետ կապված որևէ գործընթացի, այնպես էլ չի մասնակցելու ձեզանից որևէ մեկի քվեարկությանը»։

ՍԴ դատավորի երեք թեկնածուների հարցը ԱԺ-ն քննարկեց մեկ օրում, հնչեցին սակավաթիվ հարցեր ու ելույթներ:

Երվանդ Խունդկարյան. ապտակ հեղափոխությանը

Ամենաշատը քննադատվեց Դատավորների ընդհանուր ժողովի ներկայացրած թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Մինչև ԱԺ-ում հարցի քննարկումը մամուլըև քաղաքական շրջանակները հիշում էին, որ նա նախկին իշխանությունների կամակատարն էր, տարբեր ատյաններում նրա մասնակցությամբ կայացված բազմաթիվ վճիռների արդյունքում Հայաստանը պարտություններ է ունեցել ՄԻԵԴ-ում և ավելի քան 300 հազար եվրոյի փոխատուցում վճարել։ Հիշեցին «Ա1պլյուս» հեռուսատաընկերության եթերազրկման, Հյուսիսային պողոտայի և Թեղուտի բնակիչներին սեփականության իրավունքից զրկելու, ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի ու մի շարք այլ գործեր։

ԱԺ-ում քննադատական հարցադրումներ հնչեցնողը հիմնականում որևէ խմբակցությունում չընդգրկված Արման Բաբաջանյանն էր ու Թագուհի Թովմասյանը՝ «Իմ քայլից»: Արման Բաբաջանյանը հայտարարեց, թե «Ա1պլյուսի» գործը «սովորական գործ չէ, այն համակարգային նշանակություն ունեցող ակտ է, որից էլ սկսվեց պետության ու իշխանության բռնազավթումը պետության զավթիչների պարագլուխ Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով»։ Պատգամավորի խոսքով՝ ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանին ընտրելով՝ «մենք լեգիտմացնում ենք նախկինում պետության ու իշխանության զավթումը՝ դառնալով այդ հանցագործության թեկուզ անուղղակի մասնակիցները»։ «Ի՞նչ է սա, եթե ոչ ապտակ Հայաստանի թավշյա հեղափոխությանը, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին»,- հայտարարեց պատգամավորը։

«Եթե այն, ինչ ֆիքասված էր մամուլում, վերցնեք կետ առ կետ վերլուծեք, կհամոզվեք, որ գործերի մի շարք կա, որին ես որևէ մասնակցություն չեմ ունեցել, գործերի մի շարք կա, որ ընդհանրապես պետք է վերլուծել, թե իրական խախտումը, եթե տեղի է ունեցել, որ ատյանի թերացումների արդյունքում է եղել։ Մենք պետք է հիշենք մեկ բան. Վճռաբեկ դատարանը կաշկանդված է բողոքի հիմքերով և հիմնավորումներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երվանդ Խունդկարյանը։

Թագուհի Թովմասյանը հիշեցրեց դատական համակարգի վերաբերյալ նախկին օմբուդսեն Կարեն Անդրեասյանի 2013թ. զեկույցը. «Գործել է մի սխեմա, այն ժամանակ Արման Մկրտումյանի և Ձեր գլխավորությամբ, որ բոլոր անցանկալի դատավորները, որոնք չեն իրականացրել ձեր հրահանգները և չեն կայացրել ցանկալի վճիռներ, կարգապահապական պատասխանատվության են ենթարկվել»։

Երվանդ Խունդկարյանն արձագանքեց. «Իմ մասով՝ հերքում եմ: Էսպիսի որևէ գործողություն իմ կողմից ոչ կատարվել է, ոչ էլ կարող էր կատարվել»:

Արթուր Վաղարշյանը ձայնալարերի խնդիր ունի

Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Վերջինս նրա թեկնածությունը այս խորհրդարանում ներկայացրել էր նաև 2019թ., բայց «Իմ քայլը» նրան չընտրեց։ Այս անգամ թեկնածուն հայտարարեց, թե ՍԴ-ում հենց իր նման «անձնավորությունը պետք է լինի, որ կարողանա հավասարակշռել երկու թևերը»։ Եվ շեշտեց, որ չի նեղացել, երբ իրեն չընտրեցին, «Ես ամբիցիայի մեջ չմտա, ես ցուցամոլ չդարձա` հասկանալով, որ դա իրավական գործընթաց է, որը որոշակի միտումներով վերածվելու է նաև քաղաքականի»,- բացատրեց Արթուր Վաղարշյանը:

Պատասխանելով Արման Բաբաջանյանի քննադատական հարցադրումներին՝ նա հայտարարեց. «Հիմա մարզում ինչ- որ մեկը նստել-մտածում է՝ էս հակահեղափոխականին բերել, ուզում էին ընտրեին, Արման Բաբաջանյանը կանխեց, հա՞։ Հիմա Դուք այդ խոսքերն ասում եք տպավորություն ստեղծելու համար, որ ես հակահեղափոխական ուժ եմ, Դուք էլ հեղափոխական եք։ Մի՛ ընտրեք ինձ՝ ձեր գործն է։ Ընտրողն էլ եք դուք, չընտրողն էլ»։

Ի դեպ՝ Արութր Վաղարշյանն ԱԺ ամբիոնից անկեղծացավ և ասաց, որ ՍԴ դատավոր դառնալու համար ունի անձնական «դրդիչ խնդիր»։ «Ձայնալարերի խնդիր ունեմ, լսում եք իմ ձայնը, օրը ութ ժամ դասավանդում եմ»,- խոստովանեց նա։

Էդգար Շաթիրյանն էլ չի նեղանա

Էդգար Շաթիրյանը մոտ մեկ տարի առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր ընտրվել: Նրան առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։ Բայց նա վիրավորված՝ հրաժարական տվեց, քանի որ հանձնաժողովը նախագահի պաշտոնում ընտրեց ոչ թե իրեն, այլ ԼՀԿ թեկնածու Հայկուհի Հարությունյանին։ Այս անգամ ՍԴ դատավորի պաշտոնում նրան առաջադրել էր կառավարությունը։

Ընդդիմության պատգամավորները Էդգար Շաթիրյանին հիշեցրեցին, որ ԱԺ-ից վստահության քվե է ստացել, սակայն մեկ օր անգամ չի աշխատել այդ պաշտոնում։ «Զուգահեռ անցկացնելը տեղին չէ: ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում մոտեցումներս սկզբունքորեն այլ են: Վստահեցնում եմ, որ պատրաստ եմ ընդունել ԱԺ-ի թե՛ դրական, թե՛ բացասական քվեն: Բացասականի դեպքում որեւէ ողբերգություն չեմ տեսնում, կյանքը շարունակվում է»,- պատասխանեց նա:

Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ Էդգար Շաթիրյանը նախկինում որեւէ դիրքորոշում չի հայտնել որեւէ պաշտոնյայի, դատավորի վերաբերյալ, իրեն դրսեւորել է որպես խիստ հարմարվող պաշտոնյա։ «Ես ցանկանում եմ տեսնել ոչ թե իշխանությանը, այլ պետությանն ու արդարադատությանը ծառայող ՍԴ։ Եվ եթե այդպես է, ապա մենք պետք է թույլ չտանք Շաթիրյանի ընտրությունը՝ որպես ՍԴ-ի դատավորի»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Նույնքան կոշտ էր նաև թեկնածուի պատասխանը. «Այդ երբվանի՞ց Դուք դարձաք ազգի փրկիչ, իսկ ես՝ ազգակործան էլեմենտ։ Ո՞վ է Ձեզ բարոյական իրավունք տվել այդչափ կտրուկ եւ վիրավորական գնահատականներ հնչեցնել բարոյական նկարագրիս վերաբերյալ։ Ձեր անցած ուղին նայեք, մտորելու շատ տեղ ունեք»,- հակադարձեց Շաթիրյանը։

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Ռուբեն Ռուբինյանը: Ասաց՝ ընդդիմությունը բոյկոտեց, քանի որ նրան ձեռնտու էր ՍԴ-ի նախկին կազմը։

Նախկին իշխանության հետ թեկնածուների կապերի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ քննադատություններին հակադարձեց, թե իրենք խամաճիկային դատարան չեն ուզում. «Նոր ՍԴ ունենալ՝ արդեն մեզ հաճելի քաղաքականացված անձանցով, նույնն է, ինչ նախկինում էր, ուղղակի հակառակ ուղղությամբ: Մեր թավշյա հեղափոխության կարևոր արժեքներից մեկը համերաշխությունն էր և բոլորին նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու հնարավորություն տալը»: