«Իմ քայլը» պնդում է՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է

սեպտեմբերի 17, 2020

Սեպտեմբերի 16-ին խորհրդարանը քննարկում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը: Նախարարի հրաժարականի պահանջ ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կառավարությանն ուղղված հարցապնդմամբ։ ԼՀԿ-ն, բացի հարցապնդումից, ԱԺ դահլիճ էր բերել պաստառ՝ «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ։ Պաստառը, սակայն, ԼՀԿ-ականները դժվարությամբ էին դահլիճ մտցրել, ու դրա համար պահանջվել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջամտությունը:

90 րոպե տևած քննարկմանը սեպտեմբերի 17-ին հաջորդած քվեարկությամբ խորհրդարանը մերժեց նախարարի հրաժարականի պահանջը. կողմ էր քվեարկել 35, դեմ՝ 85 պատգամավոր: Նախարարը, որ նախօրեին դահլիճում էր ու ակտիվորեն հակադարձում էր իր հասցեին հնչող քննադատությանը, քվեարկության օրը խորհրդարան չէր եկել: ԱԺ նախագահն ասաց՝ ինքն է խորհուրդ տվել սեպտեմբերյան խառը օրերին գործը չթողնել ու ԱԺ չգալ, քանի որ անկախ քվեարկության արդյունքից, նրա ներկայությունից ոչինչ չէր փոխվելու:

ԼՀԿ-ի հարցապնդումը ԿԳՄՍ նախարարի ու նախարարության հետ կապված օրվա միակ իրադարձությունը չէր. ԱԺ-ի բակում «Լուսավոր Հայաստանի» կողմնակիցներն էին պահանջում նախարարի հրաժարականը, նախարարության շենքի դիմաց՝ ՀՅԴ երիտասարդները:

Հրաժարականի պահանջից ու բողոքի ակցիաներից նախարարը չէր ընկրկել. ԱԺ ամբիոնից նա հայտարարեց, որ այս նախաձեռնությունները ավելի ուժեղացնում են նախարարությունը:

Խոսելով նախարարության բարեփոխումների շուրջ ստեղծված լարվածության մասին՝ նա ասաց, թե կա օբյեկտիվ պատճառ. դա հանրության, Ազգային ժողովի, շահագրգիռ խմբերի ու նախարարության միջև կոմունիկացիայի հարցն է, որը, ըստ նրա, շտկելի է:

Նախարարությունն ունի բարեփոխումների ժամանակացույց, որը խելամիտ կառուցողական առաջարկների դեպքում կարող է շտկումներ կրել, բայց ներքաղաքական շահարկումների դիմաց տեղի չեն տալու։

Նախարարը թվարկեց, թե որ համայնքներում են դպրոցներ ու մանկապարտեզներ վերանորոգվել: Ասաց. «Այս համայնքները չեն հավատալու կոյուղաջրերի հետ խաղալը չարաշահողներին, իմ խրտվիլակով ամբողջ Հայաստանը շրջած և փոքր թվով մարդկանց աջակցությունը ստացածներին, երրորդ ուղու մանիպուլյացիաներով շարունակ զբաղվողներին, տուկի թելով գերողներին»:

Ընդգծեց՝ այն պահին, երբ իր քաղաքական թիմը արձանագրի, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում, «մեկ րոպե ավել չի զբաղեցնի նախարարի պաշտոնը»։

Նախարարին ուղղված հարցերը հիմնականում «Լուսավոր Հայաստանից» էին։

Գևորգ Գորգիսյանին հետաքրքրում էր, թե բարեփոխումների շրջանակում ինչպիսի՞ արժեհամակարգով քաղաքացի է պատրաստում Հայաստանի կրթական համակարգը։ «Չի նկատվում այդ նպատակը, թե վաղվա քաղաքացին, վաղվա հանրությունը ինչպիսին պետք է լինի։ Ինչի՞ն են միտված այս փոփոխությունները, վաղը մենք ինչպիսի՞ հանրություն ենք ունենալու», -հետաքրքվեց պատգամավորը:

Նախարարն ասաց, որ հանրակրթական նոր չափորոշիչներում այդ մասին նշված է. «Մենք ուզում ենք ունենալ իր ազատություններն իմացող, իր իրավունքներն ու պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի, և հենց այս ձևակերպումն է, որ խանգարում է որոշ շրջանակների։ Քանի որ երբ մենք ունենանք այդպիսի քաղաքացի, այլևս այդ խմբերը կամ քաղաքական ուժերը որևէ աջակցություն չեն կարող ունենալ հանրության մեջ, որովհետև այն արժեքները, որ նրանք ունենալու են, քննադատվելու են նոր սերնդի կողմից»։

Գորգիսյանը եզրակացրեց՝ այսինքն, լինելու է սերունդ, որը կունենա կոնկրետ քաղաքական կողմնորոշում: Նա հակասություն էր տեսնում ազատության մասին նախարարի խոսքի ու ուսուցիչների շրջանում վախի մթնոլորտի միջև. «Մարդիկ հեռացվում են դպրոցների կառավարման խորհուրդներից քաղաքական նկատառումներով, որտեղ մեղքը նույնիսկ իրենցը չէ, այլ իրենց բարեկամինը, որովհետև Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը»:

«Լո՞ւրջ եք ասում, հա՞, երբեք, ամենայն պատասխանատվությամբ եմ Ձեզ ասում` 30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այդքան ազատ չի եղել, որքան հիմա է։ Դուք եկեք իմ ֆեյսբուքյան գրառումների մեկնաբանությունները կարդացեք, թե որքան ուսուցիչ է ազատորեն իր կարծիքը հայտնում», - արձագանքեց նախարարը։

Մտքերի փոխանակման ընթացքում ակտիվ էին հենց «Իմ քայլի» պատգամավորները։ Սարգիս Խանդանյանը պնդեց, որ ԿԳՄՍ նախարարի ու նախարարության շուրջ ստեղծված օրակարգը չի ձևավորվել ԱԺ դահլիճում և սպասարկում է «որոշ մերժված, հետադիմական, տեղ-տեղ հակապետական ուժերի օրակարգը»։ Նրա խոսքով, դրանք այն շրջանակներն են, որոնք երկար տարիներ ունեցել են մանդատ ոլորտում կատարել բարեփոխումներ, բայց ձախողել են։ «Ցավում եմ, որ «Լուսավորը» միացել է խավարը պաշտպանողների այդ օրակարգին», -ընդգծեց Խանդանյանը։

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը վստահ էր, որ սուպերնախարարի հավակնություններ ունեցող Արայիկ Հարությունյանը ձախողվել է իր ենթակայության բոլոր ոլորտներում։

«Դուք հրապարակային և ոչ հրապարակային սկսեցիք նվաստացնել մանկավարժներին, ծաղրել նրանց կարողությունները, Դուք հայտարարեցիք, որ ապակուսակցականացնում եք դպրոցները, բայց կառավարման խորհուրդներում հանրապետականներին դանդաղ փոխարինեցիք ՔՊ-ականներով, ՀՀԿ-ական տնօրենները դարձան ձեր տնօրենները, կրկնապատկեցիք վախի մթնոլորտը դպրոցներում», -հայտարարեց նա:

Վախի մթնոլորտի թեման շարունակեց «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, թե բազմաթիվ տնօրեններ սոցիալական ցանցերում վերահսկում են ուսուցիչների գրառումները։ «Պարո՛ն Հարությունյան, Դուք տապալել եք կառավարումը Ձեզ վստահված բոլոր ոլորտներում», -հավելեց Զոհրաբյանը՝ հայտարարելով, թե միանում են նախարարի հրաժարականի պահանջով «Լուսավոր Հայաստանի» հարցապնդմանը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը զարմացած էր՝ ի՞նչ հարցապնդում, երբ չկան նախարարին ուղղված լուրջ հարցեր։ «Վստահեցնում եմ, որ եթե ներկա լինեք նախարարի հետ մեր քննարկումներին, կտեսնեք, որ մենք ավելի շատ ենք իրար քննադատում, իրար հարցեր ուղղում։ Ո՞ւր են եկեղեցու պատմության հետ կապված հարցերը, ո՞ւր են կանացի զգեստով ուսուցիչների մասին հարցերը, որ մեր երեխաներին այլասերություն են դասավանդելու։ Ո՞ւր են այդ լուրջ հարցերը, որոնք որպես ալիք օգտագործելով՝ հարցը հասցրիք խորհրդարանի դահլիճ։ Լրիվ պռավալ տվեցիք ձեր հարցապնդումը», -հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Արայիկ Հարությունյանի եզրափակիչ ելույթը լի էր մեղադրանքներով: «Լուսավոր Հայաստանին» ուղղված մեղադրանքը պատմություն ուներ. նախարարն ասաց, որ ինչ-որ գրադարանի տնօրենի համար նույն խմբակցության երկու պատգամավոր տարբեր միջնորդություններով խնդրել են միջամտել նախարարությանը։ «Միջամտությունից խոսելուց մի հատ ձեր խմբակցության մեջ կողմնորոշվեք, նոր խոսեք»:

Նաիրա Զոհրաբյանի ձևակերպած «այլասերվածության քարոզին» անդրադառնալով էլ Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Տիկի՛ն Զոհրաբյան, այս չափորոշիչները գիտե՞ք ինչի մասին են. դրանք մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն։ Ա՛յ դա է սովորեցնում այս չափորոշիչը»։

Նախարարի այս հայտարարությունը բողոքի ալիք բարձրացրեց «Բարգավաճ Հայաստանի» շարքերում: Ոմանք սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին, իսկ «Լուսավոր Հայաստանը» ավելի վեր բարձրացրեց «Քայլ արա՛, դուխով հեռացի՛ր» գրությամբ պաստառը։

Երբ կրքերը մի փոքր հանդարտվեցին, նախարարը ցույց տվեց սեռական դաստիարակության մասին երկու գիրք, որոնք ընդդիմադիր տարբեր շրջանակներ ներկայացնում էին որպես դասագրքեր, որոնք շուտով մտնելու են դպրոց: Ասաց՝ սուտ է, թե դրանք դառնալու են դասագիրք, ու հորդորեց քաղաքացիներին և, մասնավորապես, ծնողներին չտրվել սադրանքներին. «Այս բարեփոխումները բացառապես ձեր երեխաների շահերից են»,-վստահեցրեց Արայիկ Հարությունյանը: