ԱԺ-ում ստեղծվեց կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով

սեպտեմբերի 16, 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որոշ անհամաձայնություններով հանդերձ, սեպտեմբերի 16-ի իր կողմ քվեարկությամբ աջակցեց, որ խորհրդարանում ձևավորվի կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի մեղմման ուղղությամբ կառավարության ու պարետատան գործունեության արդյունավետությունը ուսումնասիրելու համար իրավունքի ուժով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը:

Կողմ քվեարկեց 110, ձեռնպահ՝ 5 պատգամավոր: Դեմ քվեարկող չեղավ:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսը հաղթահարված չէ, շատ գիտնականներ փորձում են պարզել կորոնավիրուսի ծագման իրական պատճառը, և իրենք, դեմ լինելով հանդերձ, չեն խոչընդոտի հանձնաժողովի ձևավորմանը.

«Մենք պնդում ենք, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելը այս պայմաններում առնվազն անհասկանալի է, որովհետև այն իրական շոշափելի արդյունք չի տալու։ Այնուամենայնիվ, «Իմ քայլը» չի խոչընդոտի հանձնաժողովի ստեղծմանը, կառաջադրի պատգամավորներ, որոնք ներգաված կլինեն հանձնաժողովի աշխատանքներում», -հայտարարեց Լիլիթ Մակունցը։

Կորոնավիրուսի քննիչ հանձաժողովը ձևավորվելու է նախկին իշխանություններից ժառանգված Դոնթի բանաձևով, և մեծամասնությունը կազմելու է իշխող խմբակցությունը: Դրա 12 անդամներից 7-ը լինելու են «Իմ քայլը» խմբակցությունից, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 2-ը՝ «Լուսավոր Հայաստանից»։ Հանձնաժողովը նախագահելու է «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանը։

Մինչ հարցի քվեարկությունը՝ իշխանական պատգամավորները քննադատում էին համավարակի ժամանակ ընդդիմության վարքագիծը, իսկ ընդդիմադիրները վկայակոչում էին կառավարության որոշ անդամների հակասական հայտարարություններն ու որոշումները։

Նախաձեռնող խմբակցություններից «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը կտրուկ էր. «Ինձ համար հանձնաժողովի ստեղծումը և նրա գործունեությունը լինելու է լակմուսի թուղթ է, թե որքանով է Հայաստանը ժողովրդավար երկիր։ Սև ու սպիտակ է ինձ համար։ Եթե այս որոշումը տապալվեց, ապա ինձ համար Հայաստանը դադարում է լինել ժողովրդավարական երկիր»։

Նորաստեղծ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրելու է համաճարակի վերացման ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած գործողությունների արդյունավետությունը և արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների սահմանափակումների իրավաչափությունը։ Առանձնահատուկ քննարկելու են ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը։ «Մամուլում շատ գրվեցին տեղեկություններ Կովիդ-19-ի հաշվեհամարից գումարների ծախսման մասին, թող հանձնաժողովը ուսումնասիրի և պարզի՝ ինչ են եղել այդ գումարները։ Բացի այդ, կուզենայի, որ հանձնաժողովը քննարկեր ոստիկանական ուժերի գործողությունների իրավաչափությունը, որ դիմակը մի փոքր իջեցնելու համար տուգանքներ են գրվում», -հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը։

Հիմնական զեկուցող Էդմոն մարուքյանն էլ հիշեց կառավարության գործողությունները համավարակի սկզբնական շրջանում. «Օրինակ, «Մարիոթ» հյուրանոցում առողջ մարդկանց 14 օր ինչի՞ ենք պահել պետության փողերի հաշվին: Եթե ամեն ինչ նորմալ ա էղել, ասել` լավ, սաղ շահարկում էր, ամեն ինչ նորմալ ա: Եթե ամեն ինչ նորմալ չի էղել, ուրեմն, կոնկրետ մարդիկ պետք ա կոնկրետ պատասխան տան», -ասաց ԼՀԿ ղեկավարը:

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի անուղղակի մեղադրանքը ընդդիմության հասցեին լարեց իրավիճակը։

Նա Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ հանձնաժողովը քննարկելո՞ւ է ընդդիմության վարքագիծը, որը շատ դեպքերում եղել է ապակողմնորոշող, ապատեղեկացնող։

«Ընդդիմության գործողություններն ու հայտարարությունները այդ շրջանում եղելեն հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող, միտված են եղել մեկ օրվա լրահոսում երևալու և տարբեր անհարմարություններ կրող մարդկանց բարեհաճությունը վայելելու համար։ Օրինակ՝ ընդդիմությունը առաջարկել է, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել եք, որ խորհրդարանում դիմակ չպետք է կրեն պատգամավորները։ Ասել եք, որ սահմանափակումները պետք է կիրառվեն այլ իրավական ակտով, բայց դեմ եք քվեարկել կարանտին մտցնելու մասին որոշմանը։ Երկրում արտակարգ դրություն է սահմանված եղել, բայց եղել են բողոքի ակցիաներ, որի ընթացքում վարակվել են պատգամավորներ և ոստիկաններ։ Մարդկանց ազատել են աշխատանքից և պետությունից պահանջել սոցիալական աջակցություն տրամադրել», - հայտարարեց ԱԺ փոխխոսնակը Լենա Նազարյանը։ 

Ի պատասխան Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցությունը ունենալու է 7 անդամ, և ցանկացած հարց, որ առաջարկեն, քննարկվելու է, սակայն հարցը պետք է վերաբերի կառավարության և պարետատան գործողությունների արդյունավետությանը։

«Ես իմ գործընկերներին կտրամադրեմ ընդդիմության գործունեության մասին բոլոր փաստերը, որոնք հավաքել եմ այս ամիսների ընթացքում։ Ունեմ փաստեր, որ այս ամիսների ընթացքում ընդդիմությունը այնքան հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող տեղեկություններ է հայտնել, որ ավելի շատ վնասել է համաճարակի հաղթահարմանը, քան նպաստել», -հակադարձեց իմքայլական փոխխոսնակը:

ԱԺ փոխնախագահի այս հայտարարությունը չանտեսեց Նաիրա Զոհրաբյանը և նկատեց, որ «ընդդիմության անպատասխանատվությունը կարող է լինել փառահեղ առիթ, որ իշխանությունը կողմ քվեարկի հանձնաժողովի ստեղծմանը»։

Զոհրաբյանը նույնիսկ հիշեց կառավարության պատասխանատուների հայտարարությունները «կորոնավիրուսը պինցետով ախտահանելու», «կորոնավիրուսն ում շունն է» և դիմակ կրել-չկրելու մասին, ինչպես նաև առողջապահության նախարարի հակասական հայտարարությունները։

«Միգուցե հանձնաժողովը պարզի, որ համակարգը փայլուն աշխատել է, և առողջապահության նախարարին քննիչ հանձնաժողովը ներկայացնի արիության մեդալի, եթե շատ ձգենք՝ միգուցե նաև Ազգային հերոսի կոչման», -հեգնեց Նաիրա Զոհրաբյանը։

ԱԺ «Իմ քայլից» Միքայել Զոլյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումն իրենց շարքերի համար շոկ չի եղել։ Ավելին, նա ասաց, որ եթե ընդդիմութունը նման նախաձեռնությամբ հանդես չգար, իրենք կստեղծեին։ «Համոզված եմ, որ հանձնաժողովի եզրակացությունը դրական է լինելու՝ համավարակի դեմ պայքարը կառավարությունը ճիշտ ու արդյունավետ է իրականացրել։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև հետևում եմ շատ երկրներում համավարակի դեմ պայքարին, այդ առնչությամբ իրականացրած որոշումներին ու կարծում եմ՝ հաշվի առնելով մեր ժառանգած ենթակառուցվածքները, մենք արել ենք հնարավորը», -ասաց Միքայել Զոլյանը։

Հանձնաժողովի ստեղծման հարցում իշխանական շահագրգռվածության մասին խոսեց նաև «Իմ քայլից» Սոս Ավետիսյանը: Նկատեց, որ պետք է ամրագրել, թե առողջապահական, ոստիկանական համակարգերը ի՞նչ ռեսուրսներով են սկսել պայքարը, և այդ ռեսուրսները ինչպես են պայքարի ընթացքում զարգացել։ «Միշտ հեշտ է ասել՝ էս թվերը նայեք, հետո երկու օր սուս մնալ ու ասել՝ այ, մի հատ էս թվերը նայեք։ Ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը իր ունեցած ռեսուրսների ու սահմանափակումների մեջ արել է հնարավոր ամեն ինչ այս պայքարը լավ տանելու համար։ Վստահ եմ՝ այս քննիչ հանձնաժողովը իր գործունեության մեջ կգտնի շատ ու շատ կարևոր հարցերի պատասխաններ», -հայտարարեց Սոս Ավետիսյանը:

Ի դեպ, կորոնավիրուսի համավարակի շրջանում կառավարության գործունեությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը 7-րդ գումարման Ազգայի ժողովի 6-րդ քննիչ հանձնաժողովն է: Սա նաև առաջին քննիչ հանձնաժողովն է, որը կղեկավարի ԼՀԿ-ի պատգամավորը: ԼՀԿ-ի նախաձեռնությամբ նախորդ՝ 6-րդ նստաշրջանում մեկ քննիչ հանձնաժողով արդեն ձևավորվել էր, բայց մեծամասնությունը իր դեմ քվեարկությամբ թույլ չէր տվել, որ այն ձևավորվի և գործի: