Մինաշանակ չէ, որ ՄԻԵԴ–ի որոշումների հիմքում Վճռաբեկի դատավորի մեղքն է

սեպտեմբերի 20, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ։

- Պարոն Հովակիմյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանն ինչո՞ւ կողմ քվեարկեցիք։ Քննադատությունն ու փաստերը, թե դատավճիռներ կայացնելիս նա համագործակցել է իշխանության հետ, Ձեզ հետ չպահեցի՞ն: Ի վերջո, նրա մասնակցությամբ կայացված վճիռների հետևանքով Հայաստանը ՄԻԵԴ-ում մի քանի գործով պարտվել և 300 հազար եվրոյից ավելի փոխհատուցում է վճարել։

-Քվեարկությունը փակ-գաղտնի էր, և ճիշտ չէ հարցնել, թե ինչու կողմ քվեարկեցիք։ Վճռաբեկ դատարանի դեպքով էլ արձանագրեք, որ դա, ըստ էության, վարչական-քաղաքացիական պալատն է, և առնչություն ուներ բողոքարկված վարչական և քաղաքացիական գործերի հետ։ Այնքան էլ միանշանակ չեմ ընդունում, որ ՄԻԵԴ-ի այդ որոշումների հիմքում Վճռաբեկ դատարանի դատավորի մեղքն է։ Յուրաքանչյուր վճիռ պետք է առանձին դիտարկվի՝ հասկանալու համար, թե տվյալ իրավունքի խախտումն ում մեղքով է եղել։ Պետք է հստակեցնել, թե որ դատավորի կամ դատական ատյանի մեղքով է տեղի ունեցել տվյալ իրավունքի խախտումը։ Կան իրավունքի խախտումներ, որոնք տեխնիկական են, ՄԻԵԴ-ն էլ դա նկատում է։

- Ձեզ հետ չպահեց անգամ Երվանդ Խունդկարյանի մասին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական խորհրդատվական կարծիքը։

- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը հրապարակման ենթակա փաստաթուղթ չէ և խորհրդատվական է։

- Երվանդ Խունդկարյանին ընդդիմադիր ուժերը տարբեր գործերի առիթով շատ են քննադատել: Կանխատեսում են, որ եթե նախկինում նա իշխանության կամակատարն էր, այսօր կդառնա ձեր կամակատարը։

-Նախկինում, որպես ընդդիմություն, մենք քննադատել ենք Հայաստանի կոռուպցիոն համակարգը վերից վար, իսկ թավշյա հեղափոխությունից հետո պատմության այդ էջը համարել ենք փակված։ Պետական համակարգի բոլոր աշխատողներին ասել ենք, որ իրենց նախկին գործելաոճը մոռանալով՝ հնարավորություն ունեն ծառայելու նոր Հայաստանին։ Ով այս հնարավորությունը կօգտագործի, փառք ու պատիվ իրեն։ Ով չի օգտագործի և հին մեթոդներով ի վնաս պետությանը կաշխատի, այդ մարդը չի մնա իր տեղում։

- Ուրեմն, ինչո՞ւ այդ նույն վարքագիծը չներվեց կառավարության նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանին, հատկապես, որ հիմնական մեղադրանքները ոչ թե անձամբ նրա, այլև հոր՝ նախկին դատավոր Դավիթ Ավետիսյանին էին վերաբերում:

- Իմ կամ իմ գործընկեր պատգամավորների կողմից որևէ գործողություն, հակաքարոզչություն եղե՞լ այդ թեկնածու դեմ: Նա եկավ խորհրդարան և չընտրվե՞ց, որ նման եզրակացություն եք անում: Եթե մարդ մտածում է, որ ինքը անհրաժեշտ ութսուն ձայնը չի ունենա, դա իր խնդիրն է:

- Այնուամենայնիվ, Երվանդ Խունդկարյանի ո՞ր արժանիքները, որակները հաշվի առնելով՝ ընտրեցիք նրան։

- Երվանդ Խունդկարյանին առաջադրել է դատարանների ընդհանուր ժողովը, պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ քվեարկել են, նա ստացել է անհրաժեշտ թվով՝ 84 ձայն և ընտրվել է ՍԴ դատավոր։

- Իսկ Արթուր Վաղարշյանին ինչո՞ւ ընտրեցիք, երբ մեկ տարի առաջ մերժել էիք նրա թեկնածությունը։ Ի՞նչ փոխվեց այս ընթացքում։

- Պարոն Վաղարշյանը համաձայնել է առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու նախագահի կողմից, եկել է խորհրդարան՝ ելույթ է ունեցել, տեղի է ունեցել քննարկում, որից հետո պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ քվեարկել են, արդյունքում նա ընտրվել է ՍԴ դատավոր։

- Այս ընտրությունը լուծե՞ց ՍԴ ճգնաժամը։

- Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությամբ ՍԴ ճգնաժամը մասնակի լուծվեց: Բայց ես հույս ունեմ, որ դրանից հետո դատավորներն իրենք ջանք չեն խնայի, որ ՍԴ-ն հանրության շրջանում դառնա վստահություն վայելող բարձրագույն դատական ատյան։ Ճգնաժամն առաջացել է ՍԴ անդամների քաղաքական ընդդիմադիր գործունեությամբ, ինչի իրավունքը նրանք չունեին։

- Ունե՞ք վստահություն, որ այս կազմը ՍԴ նախագահի պաշտոնում նորից Հրայր Թովմասյանին չի ընտրի։

- Այդ հարցը ոչ թե կազմի ցանկությամբ է պայմանավորված, այլև կարգավորվում է Սահմանադրության և ՍԴ մասին օրենքով, որոնց համաձայն անձը ՍԴ նախագահ ընտրվելու հնարավորություն ունի միայն մեկ անգամ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ՍԴ դատավորներն ազատ են ընտրելու իրենց նախագահին: Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, պահանջվում է 2/3 քվե կամ առնվազն 6 կողմ, իսկ եթե առաջադրվել է մեկ թեկնածու՝ պարզ մեծամասնության քվեն:

- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում կարծիքները, թե Երվանդ Խունդկարյանը գնում է ՍԴ նախագահ դառնալու համար:

- Այդ հարցի հասցեատերը նախ ՍԴ նախագահի պաշտոնին հավակնող դատավորն է, հետո ընտրող դատավորներն են, որոնք պետք է իրենց քվեն տան:

- Հնարավո՞ր է՝ այս ընտրությունը ժամանակավոր լուծում է մինչև սահմանադրական փոփոխությունները, մինչև Գերագույն դատարանի ստեղծումը, եթե իհարկե, այդ տարբերակն ի վերջո ընդունվի:

- Ոչ: Եթե, այնուամենայնիվ, նոր Սահմանադրությամբ առաջարկվի ներդնել բարձրագույն դատական ատյանների միավորման մոդելը, այն ինքնին չի կարող ենթադրել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների պաշտոնանկում: Իրավահաջորդությունը կշարունակվի, և դատարաններն իրենց կազմերով պետք է միավորվեն: Հակառակ պարագայում այն կարող է շատ ծանր հարված հասցնել ՀՀ իրավական համակարգին: