Ո՞վ կանի հաջորդ քայլը Ջուլֆալակյանից հետո

սեպտեմբերի 22, 2020

Սահմանադրական դատարանի 3 դատավորների ընտրությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դրանով լուծվեց ՍԴ ճգնաժամը, մինչդեռ, ըստ լուրերի, այդ լուծումը ճգնաժամ է հասունացնում իշխող ուժի՝ «Իմ քայլի»  խորհրդարանական խմբակցության ներսում: Մամուլը գրում է, որ խմբակցության որոշ պատգամավորներ, ՍԴ դատավորների թեկնածուների շուրջ տարբեր դիրքորոշումներ ունենալու պատճառով, պատրաստվում են լքել խմբակցությունը։ Այդ պատգամավորները, իբրև թե, դեմ գնալով իրենց սկզբունքներին, կողմ են քվեարկել առաջադրված թեկնածուներին։

Պատգամավորները, որոնց անունները շրջանառվում են, հերքում են այդ լուրերը։

Նստաշրջանի առաջին ճեպազրույցներում «Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ խմբակցությունում, բացի ընթացիկ աշխատանքային պրոցեսից, այլ բան չի կատարվում։ «Եթե կլինեն պատգամավորներ, որ այդ քայլին կդիմեն, կարծում եմ, իրենք պետք է մեկնաբանեն պատճառները։ Քանի դեռ նման հայտարարություն չի եղել, թույլ տվեք որևէ մեկնաբանությունից ձեռնպահ մնալ։ Ասեմ նաև, որ, եթե հետևենք մամուլին, հենց մեր գործունեության սկզբից մամուլը նման տարատեսակ նյութեր է հրապարակում։ Եթե դրանք համապատասխանեին իրականությանը, հիմա երևի «Իմ քայլի» ցուցակը սպառված կլիներ», -ասաց Սուրեն Գրիգորյանը։

Նույն խմբակցությունից Համազասպ Դանիելյանը չհերքեց, որ Սահմանադրական դատարանի թեկնածուների շուրջ բուռն բանավեճ է տեղի ունեցել։ «Բանավեճը եղել է թե՛ սկզբունքների, թե՛ կոնկրետ թեկնածուների շուրջ, և սա հարիր է ժողովրդավարական խորհրդարանին», -ասաց Դանիելյանը:

Մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները իշխող ուժի պատգամավորը մամուլի հորինվածք որակեց. «Ինչ վերաբերում է մանդատը վայր դնելուն, դա լրատվամիջոցի հորինվածքն է: Ես շատ պարզ գիտեմ՝ երբ և որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել այն հանձնառությունից, որը ստանձնել եմ: Այդ պահը չի եկել»: 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհուրդ տվեց խմբակցությունից հեռանալու հավանականության մասին հարցերն ուղղել այն պատգամավորները, որոնց անունները շրջանառվում են:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը նկատեց, որ իր ղեկավարած խմբակցությունում եղել են աշխատանքային քննարկումներ, բայց առանձին պատգամավորներին վերաբերող հարցերին ինքը չի պատրաստվում պատասխանել։

«Որևէ լուրջ խնդիր չկա։ Ինձ թվում է՝ մենք արդեն պետք է համակերպված լինենք այն իրավիճակի հետ, որ մեր խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տաբեր մոտեցումներ, և այդտեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Նորմալ է, բնական է։ Ավելին՝ առողջ երևույթ է», -նշեց Մակունցը։

Այդուհանդերձ, լրագրողի հարցին, թե բացառո՞ւմ է, որ կլինեն պատգամավորներ, որոնք վայր կդնեն մանդատները, Մակունցը պատասխանեց, թե բռնատիրական համակարգում չենք ապրում, և այդ պատգամավորները իրենք կարող են որոշել՝ ինչպես վարվել։ 

«Իմ քայլը» լքելու մասին խոսակցությունները մամուլում ակտիվացան, երբ ՍԴ դատավորների ընտրությունից հետո Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե հակասական մտորումներ է ունեցել ՍԴ թեկնածուների շուրջ: Մանդատից հրաժարվելու մասին լրագրողների հարցերին նա հրաժարվել էր պատասխանել՝ խոստանալով ամեն ինչի մասին խոսել առաջիկայում։

Իհարկե, ոչ սկզբունքային տարաձայնությունների, այլ կառավարություն գնալու նպատակով մանդատից հրաժարվելու մասին հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, իսկ ավելի վաղը ԿԳՄՍ նախարարի հետ տարաձայնությունների պատճառով մանդատից հրաժարվել էլ Լևոն Ջուլֆալակյանը: