Վարչապետը ԱԺ-ին պետք է ներկայացնի, թե ինչ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաների» մասին է խոսքը

սեպտեմբերի 26, 2020

Հարցազրույց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

-Պարոն Սիմոնյան, ՍԴ դատավորներն այսօր էլ նախագահ չընտրեցին, միակ թեկնածուն՝ Երվանդ Խունդկարյանը, անհրաժեշտ թվով կողմ ձայներ չստացավ։ Ի՞նչ եք սպասում հաջորդ փուլում։

-Նման հարցերում կանխատեսումներ անելը ճիշտ չէ։ Պարզապես կարելի է նկատել, որ անձն ինքնաառաջադրվել է, և նրան չեն ընտրել։ Եթե չեմ սխալվում, 2 կողմ ձայն է ստացել, երեքը դեմ են եղել, երկուսն էլ չեն մասնակցել նիստին։ Այստեղ մեկնաբանելու հարց չկա ունենք այն, ինչ ունենք։

աստորեն արդեն երեք օր Բարձր դատարանում չեն կարողանում նախագահ ընտրել։

-Մենք կես տարուց ավելի է խոսում ենք սահմանադրական կառույցում առկա ճգնաժամի մասին, մինչդեռ ճգնաժամը պետք է վերաբերի այն հանգամանքին, թե արդյոք այդ մարմինը իր սահմանադրական պարտականությունները պատշաճ կարողանում է կատարե՞լ, թե՞ ոչ։ Սահմանադրական դատարանում ճգնաժամը սկսել է հունիսի 22-ին Ազգային ժողովի կատարած սահմանադրական փոփոխություններից հետո, որոնց արդյունքում Սահմանադրական դատարանը նիստեր չի կարողանում գումարել, որովհետև քվորում չկա։ Սա է ճգնաժամը։ Դատարանի նախագահ ունենալ-չունենալը մեծ հաշվով խնդիր չէ, որովհետնախագահը արարողակարգային հարցերով է զբաղվում և ապահովում է բնականոն գործունեությունը։

-Պարոն Սիմոնյան, վարչապետը Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, խոսել է բանակցային գործընթացի մասին, նաև անդրադարձել «կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտմանը», նշել,որ եթե Հայաստանն էլ նույնն անի, ապա այդ դեպքում Ադրբեջանում իրավիճակը կապակայունանա։ Ինչպե՞ս եք վերաբերում այս արտահայտությանը։

-Ճիշտն ասած, միանշանակ չեմ ընկալել ասվածը, որովհետև մինչև այսօր մենք գիտեինք, որ բանակցությունների ամբողջ պրոցեսը հանրությունից չի թաքցվում, և հանրությունը գիտի, թե ինչի մասին է խոսքը։ Բայց այսօր, ինչպես հասկացա, հաստատվեց այն կասկածը, որ հնարավոր են առանձին կոնֆիդենցիալ ինֆորմացիաների փոխանակում բանակցությունների ընթացքում, որոնց մասին մենք՝ և հանրությունը, և քաղաքական գործիչներ, չգիտենք։ Այնպես որ, մենք այդ պահանջը պետք է դնենք, որպեսզի առնվազն ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին ներկայացվի, թե ինչի մասին է խոսքը, ինչ ինֆորմացիաներ են, որ փոխանակվում են և դա հանրությունից թաքուն է պահվում։ Կամ՝ եթե կա այդպիսի ինֆորմացիա, որը բացահայտելու դեպքում Ադրբեջանում ներքին խնդիրներ կառաջանան, ինչու դա չենք անում։ Այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանը ես անձամբ չունեմ և պետք է ամեն ինչ անեմ, որ ունենամ։ Դա պետք է վարչապետը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնի, որովհետև ի վերջո կառավարությունը Ազգային ժողովին է հաշվետու։

-Հնարավո՞ր է պահանջեք, որ վարչապետը գա և պատասխանի Ձեր հարցերին այդ առնչությամբ։

-Այո։ Դուք գիտեք, որ մենք արտաքին քաղաքականության հետ կապված միշտ էլ քննարկումներ ունենում ենք։ Նախկինում էլ ենք ունեցել։ Այս ֆորմատը շատ լավ ֆորմատ է, որ բաց հարցեր չմնան։

-Պարոն Սիմոնյան, ընդդիմադիր արտախորհրդարանական ուժերն իշխանություններին քննադատում են բանակցային գործընթացում որդեգրած մոտեցումների համար, տարբեր մեղադրանքներ ներկայացնում։ Դուք դրա համար հիմքեր տեսնո՞ւմ եք։

-Մեզ համարը կարևորը ոչ թե թշնամական պետության ղեկավարի կամ արտաքին գործերի գերատեսչության հայտարարություններն են, այլ՝ մեր պետության, պետական ներկայացուցիչների խոսքն ու գործը։ Նրանք ինչ ասես կարող են ասել։ Միակ խնդիրը, որ այս ընթացքում տեսանք, վարչապետի այսօրվա խոսքն էր, որն անուղղակիորեն հաստատեց այն վարկածը, որ կան որոշակի ինֆորմացիաներ, որոնք գաղտնի են պահվել։

-Պարոն Սիմոնյան, «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Քանի որ սա առաջին դեպքը չէ, ինչ եք կարծում, իշխանական խմբակցությունում լուրջ տարաձայնություննե՞ր կան, թե՞ այլ խնդիր է։

-Իրականում ցավում եմ տիկին Աբրահամյանի՝ մանդատը վայր դնելու կապակցությամբ, որովհետև նրան ճանաչում եմ դեռ մինչև պատգամավոր դառնալը և գիտեմ, որ լավ ռեսուրս ունի, որը շատ լավ կօգտագործեր՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Բայց կարծես ներքին խնդիրներ կան և որոշ հարցերում անհամաձայնություն, ինչն էլ հանգեցրել է նման որոշման կայացմանը։ Ես նաև տիկին Աբրահամյանի հետ աշխատել եմ Եվրանեսթի պատվիրակության շրջանակներում, այսինքն՝ նրա հետ նաև ճանապարհ եմ գնացել, իսկ դա շատ կարևոր է մարդուն ճանաչելու համար։ Կարծում եմ՝ քաղաքական համակարգի առողջացման հարց է։ Եթե մենք ունենայինք քաղաքական առողջ համակարգ, որտեղ անգամ իշխանության ներսում պատգամավորները կարող էին այլ կարծիք ունենալ, այլ կերպ քվեարկել, այլ գործողություններ անել, և դա չէր ազդի կառավարություն-Ազգային ժողով հարաբերության վրա, նման դեպքեր չէին լինի։ Պատգամավորները կարող էին իրենց գաղափարներն առաջ քաշել, կարող էին դեմ քվեարկել, ներքին ժողովրդավարություն ձևավորել և այլն։ Բայց քանի որ մեզանում դեռ Հանրապետականի ժամանակներից կա սկզբունք, որ բոլորը պետք է միակարծիք լինեն բոլոր հարցերում ու այդպես էլ պետք է քվեարկեն, նման բան կարող է լինել։ Դա հենց քաղաքական անառողջ մթնոլորտի հետևանքներն են։ Ի վերջո, մենք պետք է հրաժարվենք այդ գործելաոճից, եթե ուզում ենք, որ մեր հասարակության կարող ուժերը, որոնք ունակ են օգուտ բերել պետությանը, գան ու մասնակցեն քաղաքական կյանքին։