Արցախի ճանաչումը Հայաստանի օրակարգո՞ւմ է, թե՞ զինանոցում

հոկտեմբերի 1, 2020

Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին խոսվեց Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 27-ի հատուկ և սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստերում: Դրանք հաջորդեցին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային. սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովը քննարկում էր Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու հարցը, 28-ին՝ ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարությունը:

Վարչապետի մակարդակով արդեն հայտարարվել է, որ հարցը Հայաստանի օրակարգում է, բայց դրան, կարծես, զինանոցային դեր է վերապահվել, ու դրա կիրառումը կախված է ռազմական գործողությունների ընթացքից:

Սեպտեմբերի 27-ի ԱԺ հատուկ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ուղիղ հարցին՝ արդյո՞ք Հայաստանի օրակարգում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարց, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր . «Այո՛, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց: Երկրորդ հարցը՝ մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ չենք գնում, մենք, նաև Ձեր հարցից հետո, հրապարակային, այո՛, պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք»: Վարչապետը կարևորել էր այդ հարցի ընդգրկուն քննարկումը։

Ճանաչումը բանակցելուն վնա՞ս է

Հրադադարի խախտումից 5 օր անց՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու կամ Արցախի անկախությունը ճանաչելու մասին խոսվել է տարբեր առիթներով, բայց գաղափարին փաստաթղթային ձևակերպում դեռ չի տրվել:

Արցախի անկախության ճանաչման շուրջ խորհրդարանական ուժերը տարաձայնություններ չունեն, բայց հարցը, ըստ նրանց, պահի ճիշտ ընտրությունն է. ե՞րբ է անհրաժեշտ գնալ այդ քայլին, որպեսզի հետևանքները ծանր չլինեն, բանակցությունները չվտանգվենի։

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան փաստացի վերացրել է այն հանգամանքները, որոնք հաշվի առնելով Հայաստանը չէր ճանաչում Արցախը, բանակցություններ փաստացի չկան, լայնածավալ պատերազմ է: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանն ունի միջոցներ, որոնցով կարող է պայքար մղել միջազգային հարթակներում, սակայն դրանք, նրա խոսքով, պետք է գործի դնել հերթականությամբ։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը համոզված էր, որ Արցախի ճանաչումը ընդամենը 5 րոպեի հարց է, ու հիմա, երբ չկան բանակցություններ, ճիշտ ժամանակն է Արցախի ճանաչման:

«Էլ ի՞նչ պիտի անի Ադրբեջանը, որ մենք մտածենք՝ չվնասենք բանակցային գործընթացին, կարծում եմ՝ այս պահին խաղաղ բանակցային գործընթացի մասին մտածելը աբսուրդ է: Պիտի գնալ մինչև վերջ, որովհետև աշխարհը, ցավոք սրտի, հաշվի է նստում ուժի հետ, և ինձ, որպես հայ, անկեղծորեն վիրավորում են միջազգային հանրության այդ հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները, դրանով միջազգային հանրությունը մեծապես ջուր է լցնում ռազմական հանցագործ Ադրբեջանի ջրաղացին: Ես սա ասում եմ ամեն օր եվրոպացի իմ կոլեգաների հետ զրույցներում», - հայտարարել էր Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ասում է, որ Արցախի ճանաչման և Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցի շուրջ քննարկումներ կան։ «Այդ հարցի շուրջ մենք կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Սա այն հարցերից է, որի վերաբերյալ որոշումը շատ կշռադատված պետք է լինի», -կարծում է կառավարող խմբակցության պատգամավորը։

Նույն խմբակցություն Անդրանիկ Քոչաևյանը, որ ղեկավարում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, հորդորում է չշտապել: «Ճանաչումը միշտ կա, բայց քանի որ գործողությունները գնում են մեր համար բարենպաստ հունով այս պահին, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել: Դա կախված է զարգացումներից ռազմի դաշտում»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը:

Արցախի Ազգային ժողովում ևս կարծում են, որ համապատասխան իրավիճակում Հայաստանի խորհրդարանում պետք է քննարկվի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: Դա կարող է տեղի ունենալ, եթե պատերազմը երկարի: