Եվրապատգամավորների հայամետ մոտեցումները ԱԺ խմբակցությունների աշխատանքի արդյունք են. Է․ Մարուքյան
Հարցազրույց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
–Պարոն Մարուքյան, Ազգային ժողովի վերջին նիստում դիմեցիք ԱԺ նախագահին` վարչապետի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով: Ո՞ր փուլում է Ձեր առաջարկը։
–Գիտենք, որ պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից սկսած վարչապետը հինգ անգամ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, խոսել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի, այլ գործիչների հետ: Գիտենք, որ արտգործնախարարը ևս խոսել է տարբեր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հետևաբար, ինչ-որ բաներ են քննարկվում, և բացի հրապարակային տեղեկատվությունից, այլ խնդիրների մասին մենք տեղյակ չենք։ Ես առաջարկել եմ անել փակ հանդիպում և խոսել դրա մասին, խելք խելքի տալ, միասին լուծումներ գտնել։ Սա է եղել իմ առաջարկությունը։ Պարոն Միրզոյանն ասել է, որ տեղեկացրել է վարչապետին։ Խորհրդարանական կառավարում ունեցող երկրում կարևոր է, որ ԱԺ ուժերը տեղյակ լինեն խնդիրներին։ Չեմ ասում՝ 130 հոգով գնանք, խոսենք, թող ամեն խմբակցություն որոշի, թե իրենցից ով մասնակցի հանդիպմանը:
–Այսինքն՝ ունեք արտաքին դիվանագիտությանը, վարվող քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնց պետք է պատասխա՞ն տրվի:
–Այո: Որպես պետություն՝ պետք է հասկանանք՝ որ պարագայում ինչ որոշում պետք է ընդունել։ Հարցեր են, որոնք անհրաժեշտ է քննարկել։
–Պարոն Մարուքյան, վերջին ճեպազրույցներից մեկում ասացիք, որ Ստեփանակերտում բունկերից մասնակցել եք ԵԽԽՎ-ի հեռավար նիստին: Ի՞նչ նիստ էր։
–ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստ էր, որի բովանդակության մասին չեմ կարող խոսել։ Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի հարցը արցախյան պատերազմի համատեքստում քննարկվել է, ելույթ ենք ունեցել ես և պարոն Ռուբինյանը, ադրբեջանցի 2 պատգամավոր է իշխանությունից և ընդդիմությունից, եվրոպացի պատվիրակներ: Բոլորի պահանջը նույնն էր՝ այս պատերազմը առանց նախապայմանների պետք է ավարտվի։ Մենք, բնականաբար, խոսել ենք ահաբեկչների, Թուրքիայի վարձկանների մասին և ապացույցներ ներկայացրել՝ հիմնավորելով, որ դրանք ահաբեկչական բանակի գործողություններ են։ Սրան պետք է հաջորդի լիագումար նիստը։ Սպասենք դրան։
–Ձեր կարծիքով՝ խորհրդարանական դիվանագիտությունն այս պահին հաջողություններ արձանագրե՞լ է:
–Վստահեցնում եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունը իրենից կախված ամեն ինչ արել է։ Ամեն ուժ իր քաղաքական կապերով արել է հնարավորը:
–Հոկտեմբերի 7-ին Եվրոպական խորհրդարանը քննարկում էր իրավիճակն Արցախում և դրա շուրջ: Կարմիր թելի նման անցնում էր քննադատությունը՝ ուղղված Թուրքիային: Ի՞նչ տպավորություն ստացաք նիստից, և արդյո՞ք հնչած քննադատությունը որևէ կերպ կսանձի Թուրքիա-Ադրբեջան տանդեմին:
–Արդյունքներ, կարծում եմ՝ կունենանք։ Այդ պատգամավորների պրոհայկական մոտեցումները հենց այնպես չեն ձևավորվում։ Այդ մոտեցումները ձևավորվել են մեր պատգամավորների աշխատանքի արդյունքում, օրինակ՝ մեր գործընկեր հոլանդական իշխող կուսակցության ներկայացուցիչները ամբողջությամբ պրոհայկական մոտեցումներ են արտահայտել։ Ընդհանուր մթնոլորտն էր այդպիսին։ Այս առումով Ադրբեջանը շատ լուրջ խնդիր ունի, քանի որ Թուրքիան Ադրբեջանի «գլխին սարքել է»՝ ահաբեկիչներին ներգրավելով այս հակամարտության մեջ:
–Իսկ Թուրքիա՞ն. նիստում պնդում էին, որ այդ երկիրը չի կարող ԵՄ անդամ դառնալ և պետք է զրկվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից։
–Պետք է մի քիչ պետք է ռեալիստ լինել: Չեմ կարծում, թե Թուրքիան կզրկվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից, բայց ՆԱՏՕ-ն հաստատ կարող է դեր ունենալ Թուրքիային զսպելու հարցում, և այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Պետք է այնպես անել, որ ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիային լինեն նախատինքներ, հորդորներ՝ դադարեցնել պրովոկացիան։ Ես ավելի շատ հավատում եմ, որ հնարավոր է Թուրքիային զրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամությունից։ Այնտեղ 12 երկրներ են, որոնք պարտավորություն ունեն պաշտպանել մարդու իրավունքները, հակամարտությունների նկատմամբ ցուցաբերել անաչառություն, ինչը, ըստ էության, Թուրքիան չի անում: Սա կարևոր հանգամանք է, և պետք է քննարկման առարկա դարձնել:
–ԵԽ նույն նիստում հնչեցին հայտարարություններ, թե Ռուսաստանը տարածաշրջանում անելիք չունի և ունակ չէ լուծել հակամարտությունը։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
–Եվրոպան հարթակներում հակառուսական տրամադրությունները շատ են: Չկա մի քննարկում, որ հակառուսական հայտարարություններ չարվեն։ Բայց կա ռեալ մի բան. այն դերը, որ այս տարածաշրջանում ունի Ռուսաստանը, ոչ մի երկիր չունի, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները։ Ակնհայտ է, որ առաջատար դերն այստեղ ՌԴ-ինն է։ Դրա համար նման հայտարարությունները ես դիտարկում եմ հակառուսականության կոնտեքստում։
–Այս օրերին շատ ենք լսում, թե Հայաստանը այս պատերազմում մնացել է միայնակ, ոչ մի պետություն, նաև Ռուսաստանը, Հայատսանի կողքին չէ: Կա՞ն հիմքեր այսպիսի եզրահանգումների համար:
–Դրանք անհիմն, մեր դաշնակցային հարաբերություններին դեմ հայտարարություններ են։ Փորձ է արվում սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Ակնհայտ է, որ եթե չլինեին հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, Թուրքիան այս կռվում կներգրավեր՝ ոտնձգություն գործելով հենց ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ: Դրա համար երբ ինչ-որ բան ասում են, պետք է մտածեն։ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ես շատ եմ կարևորում, որովհետև հստակ ուղերձներ է տալիս։ Եթե թարգմանենք, ասում է՝ Հայաստանի տարածքը անձեռնմխելի է, դրանից հեռու մնացեք, երկրորդը՝ ասում է Ադրբեջանում, Հայաստանում և Արցախում ապրում են մեզ հարազատ մարդիկ, այսինքն՝ ակնհայտորեն առանձնացնում է Արցախը, որպես սուբյեկտ, նաև ասում է՝ Արցախում ողբերգություն է կատարվում: Հետո էլ ավելացնում է՝ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ ունի պայմանագրային պարտավորություն, որը կասկածի տակ չի դնում, և շեշտում է ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում ունեցած պարտավորությունները։ Ո՞ր երկրի նախագահն է նման հայտարարություն արել Հայաստանի վերաբերյալ, Արցախը առանձնացրել՝ որպես առանձին սուբյեկտ։ Թող անընդհատ ինչ-որ բաներ խոսեն, բայց թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմի մեջ Ռուսաստանի զսպող դերակատարումը հաշվի չառնել, չտեսնել՝ անհնարին է։
–Կարծում եք՝ հիմա պետք է բանակցային գործընթացը սկսել զրոյի՞ց, նոր էջի՞ց։
–Այդ մասին ես կարող եմ խոսել միայն պատերազմի ավարտից հետո։ Հիմա թեժ կռիվներ են գնում, քիչ առաջ Շուշիի մայր տաճարն է ռմբակոծվել, ու այսօր այդ մասին խոսելը ավելորդ է։ Ենթադրում եմ, որ լինելու են բանակցություններ նոր կետից, բայց ով որտեղ կլինի այս իրավիճակում, չգիտեմ։ Մեր խնդիրները հիմա լուծվում են մարտի դաշտում: Դրանք կլուծվեն, ու հետո կարող ենք ասել՝ բանակցություններ կլինե՞ն, թե՞ չեն լինի։