Պետք է մտածել Արցախի միջազգային ճանաչման մասին․Վահե Էնֆիաջյան

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ։
-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը, որը տրվեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիային:
- Միջազգային այն հարթակներում, որտեղ ցանկալի էր խնդրի մասին խոսել ու գնահատականներ հնչեցնել, ըստ էության, դա արվել է։ Մեզ համար ամենաառանցքային հարցն այնն է, որ արձանագրվի՝ տարածաշրջանում ապակայունացման հիմնական հեղինակն ու հրահրողը Թուրքիան է, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Էրդողանի գլխավորությամբ։ Հիմա դա արձանագրում է քաղաքակիրթ աշխարհը։ Ես վստահ եմ, որ դիվանագիտական, այդ թվում նաև խորհրդարանական դիվանագիտական հարթակներում այս խնդիրը դեռ քննարկման ու դատապարտման առարկա կդառնա։
- Խորհրդարանակա՞ն դիվանագիտության արդյունքն էր, որ միջազգային տարբեր կառույցների ու երկրների խորհրդարանական, միջխորհրդարանական հարթակներում Ադրբեջանին ու Թուրքիային ուղղված դատապարտող հայտարարություններ հնչեցին։
- Ոչ մի բան հենց այնպես չի լինում, և չեմ կարող ասել, թե դա միայն խորհրդարանական դիվանագիտության արդյունքն է։ Մենք մեծ սփյուռք ունենք, տարբեր կազմակերպություններ ու կուսակցություններ ունենք, որոնք դրսում ակտիվ գործունեություն են ծավալում։ Դա նաև նրանց աշխատանքի արդյունքն է։ Դա նույն նպատակին ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական քաղաքականության արդյունքն է։
- Իսկ միջազգային այդ հարթակները Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար դատապարտող հայտարարություններից բացի գործնական քայլեր կանե՞ն։
- Կարծում եմ՝ գործողությունները կանեն մեր մարտունակ բանակն ու ժողովուրդը։ Մենք նախ պետք է բարձր պահենք բանակի մարտունակությունը, սպառազինությունն ու ոգին։ Մենք ունենք նաև բարեկամներ, ռազմավարական գործընկեր և պետք է ընդլայնենք մեր փոխհարաբերությունները։ Եվ վստահեցնում եմ, որ ունենալու ենք մեծ հաջողություններ մարտի դաշտում և դիվանագիտական հարթակներում։ Աշխարհն ուժեղներին է հարգում։
- Չե՞ք կարծում, որ միջազգային կառույցներն ու երկրներն ինչպես նախկինում, այս անգամ էլ կսահմանափակվեն դատապարտող հայտարարություններով։
- Հայտարարությունների մակարդակով հնչել են կոչեր պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, բայց դրանք գործնական հարթություն բերելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Մենք ինքներս էլ պետք է հասկանանք, թե միջազգային որ կառույցից կամ որ երկրից ինչ ենք ակնկալում։
- Մենք գիտե՞նք, թե որ պետությունից կամ որ կառույցից ինչ պետք է ակնկալենք։
- Այսօր շփման գծում, Արցախում և առհասարակ տարածաշրջանում նոր իրականություն է, և մենք պետք է մեր օրակարգային հարցերը վերանայենք։ Իմ համոզմամբ՝ Արցախի Հանրապետությունը դե-յուրե գոյություն ունի, այսուհետ պետք է մտածել միջազգային ճանաչման հարցը լուծելու մասին։
- Իրատեսական համարո՞ւմ եք, որ եվրոպական երկրները՝ Գերմանիան, որը Թուքիայի հետ տնտեսական մեծ շահեր ունի, կամ Ֆրանսիան, որը Հայաստանի բարեկամն է, կճանաչեն Արցախի անկախությունը։
- Նույն այդ երկրները ժամանակին պատերազմել են միմյանց դեմ, թշնամի են եղել, բայց հիմա բարեկամացել են, տնտեսական գործընկեր են և Եվրամիության հիմնական քաղաքական ու տնտեսական շարժիչ ուժը։
- Բայց մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն դրսևորող շատ երկրներ Թուրքիայից ու Ադրբեջանից եկող տնտեսական շահը միշտ ավելի են կարևորել։
- Հիմա եթե մենք վեր հանենք Թուրքիայի հետ այլ երկրների առևտրատնտեսական ցուցանիշները, մեր պետությունը ներկայանալի դիրքում չի լինի, բայց դա չի նշանակում, որ մենք մեր նպատակներից պետք է նահանջենք։ Մենք պետք է աշխարհում մեր քաղաքականությունը առաջ տանենք ամեն դեպքում։
- Հայաստանին և Ադրբեջանին ուղղված իր հայտարարության մեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե «հակամարտությունը դեռ հեռու է ավարտվելուց»։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս միտքը:
- Տևական ժամանակ, հատկապես վերջին շրջանում, հայ-ռուսական հարաբերությունների մասին տարբեր վերլուծություններ են արվել։ Կգա ժամանակը, որ կանդրադառնամ այդ և այլ խնդիրներին։ Բայց մեր հիմնական ռազմավարական գործընկերը եղել ու մնում է ՌԴ-ն։ Եվ այնպես պետք է անենք, որ Արցախի հակամարտության կարգավորման դեպքում պահպանվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող ֆորմատը՝ Ռուսաստանի չնվազող դերակատարմամբ:
- Արցախի հակամարտության դեպքում ինչո՞ւ եք այդպես կարևորում ՌԴ-ի դերը։
- Որովհետև տարածաշրջանում և աշխարհաքաղաքական ասպարեզում Ռուսաստանի դերակատարումը առանցքային է։
- Մտավախություն չունե՞ք, որ Թուրքիան ու Ռուսաստանն այս անգամ էլ տարածաշրջանային իրենց շահերը կկարգավորեն հայկական հարցի հաշվին, ինչպես եղել է անցյալում:
- Պատմական փաստերը հաշվի առնելով հանդերձ՝ ես կրկնում եմ, որ մենք պետք է համագործակցենք միջազգային բոլոր հարթակների հետ և կարողանանք մեր ճշմարտությունը ներկայացնել։ Բայց մեր հույսը պետք է դնենք մեր բանակի վրա։