Գոյամարտ

հոկտեմբերի 10, 2020

Արդեն 14-րդ օրն ընթացող ու դեռ ավարտը չերևացող պատերազմը մեր գոյության՝ ապրելու իրավունքի համար կռիվն է այդ իրավունքը վայրագորեն ժխտողների դեմ: Սա ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է:

Այս ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որ նստած լինելով մեր գիտակցությունից էլ խորը մի տեղում, ստիպում է տանել մեր հերոս նահատակների կորստի դառնագույն ցավը:

Պատերազմի 14-րդ օրն է: Մենք՝ առաջնագծից դեռևս ապահով թվացող հեռավորության վրա գտնվողներս, միայն մի պարտականություն ունենք՝ ամուր պահել մեր ու մեր սերունդների ապրելու իրավունքի համար մարտնչող զինվորի թիկունքը:

Թշնամու հարձակման մասին լուրը գուժեց սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան: Նույն օրը նախ Արցախում, ապա և Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն: Հետո միմյանց խառնվեցին գիշերներն ու ցերեկները, ժամերն ու րոպեները՝ դուրս գալով ժամանակից ու դառնալով պերմանենտ սպասում: Աղոթք ու սպասում:

Հենց առաջին օրվա ավարտին Արայիկը ժպտաց: Ու դրանից հետո Արայիկի, Նիկոլի, Արծրունի, Վահրամի... խոսքում, գրառումներում տեղեկություններից զատ ու տեղեկություններից առավել սկսեցինք ազդակները լսել: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: Ծանր է, բայց հաղթելու ենք։ Աննախադեպ են թշնամու դիվային հարձակման ծավալները, առավել աննախադեպ է լինելու մեր հաղթանակը՝ վերջնական։

Ու արդեն երկու շաբաթ մենք մեր կենաց մահու կռիվն ենք տալիս ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների ու չգիտեմ ինչի համար օրուգիշեր «պայքարող» աշխարհի աչքի առաջ։ Սկզբում լուռ էր այդ աշխարհը՝ բոլորովին լուռ։ Հետո սկսեց ձայնարձակել՝ երկու կողմին «պոլիտկոռեկտ» կոչեր անելով, որը լռությունից ավելի անտանելի էր։

Էլ ավելի անտանելի էր այստեղ՝ թիկունքում, թաքստոցներից գլուխները հանածների ձայնակցումը թշնամու վայրահաչոցներին, որոնց անպատժելիությունն արձագանքվեց արդեն առաջնագիծը պառակտելու փորձերով։ Պատերազմն ու դավաճանությունը հաճախ են կողք-կողքի քայլել՝ հիշեցնում էին ստոիկները։

Մեզ՝ «մոռացկոտներիս», պատմությունը բազմիցս է փաստել, որ մենք հաղթում ենք, երբ միասնական ենք: Միակամ, բռունցք դարձած: Առաջնագծից թվացյալ ապահով հեռավորության վրա գտնվողներս նույնիսկ պարզագույն բնազդի թելադրանքով ենք գիտակցում ՄԻԱՍՆԱԿԱՆ լինելու հրամայականը:

Պատերազմի երկրորդ շաբաթն է ավարտվում։ Մարդասիրական հրադադարի մասին գիշերը   ձեռք բերված պայմանավորվածությունը այս պահի դրությամբ դեռևս անփոփոխ է թողել իրավիճակը ռազմաճակատում։