Կարևոր հանդիպումներ՝ առանց մանրամասների․ վարչապետը հանդիպել է քաղաքական ուժերի և դեսպանների հետ

հոկտեմբերի 12, 2020

Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 11-ին, կիրակի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպեց ԱԺ խորհրդի անդամների հետ։ Խորհրդի կազմում են ԱԺ նախագահը, փոխնախագահները, երեք խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովի նախագահները։ Հանդիպմանը մասնակցում էր նաև արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը։

Վարչապետի հետ հանդիպման անհրաժեշտության մասին հոկտեմբերի 6-ին, ԱԺ հերթական նիստի մեկնարկին խոսել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Դիմելով ԱԺ նախագահին՝ նա ասել էր. «Շատերս ուզում ենք իմանալ՝ ինչ խոսակցություն է գնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիային նախագահ Էմանուել Մակրոնի հետ, Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականի և այլ պաշտոնատար անձանց հետ»։

Պատգամավորները չեն մանրամասնում

Վարչապետ-պատգամավորներ երկժամյա հանդիպումը, պայմանավորված քննարկվող խնդրով, դռնփակ էր, ու դրանից հետո էլ, ինչպես և սպասվում էր, բովանդակային մանրամասներ հայտնի չդարձան: Հանդիպմանը մասնակից որևէ պատգամավոր չհստակեցրեց, թե արցախաադրբեջանական սահմանին ընթացող պատերազմի վերաբերյալ ինչ հարցեր են բարձրացվել, ինչ պատասխաններ են տրվել։ «Հանդիպումը եղել է փակ, հետևաբար մանրամասներ ասել չենք կարող: Քննարկվել է իրավիճակը». ընդհանուր առմամբ՝ այսպիսին էր պատգամավորների պատասխանը:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ մտահոգի՞չ էին Նիկոլ Փաշինյանի պատասխանները: «Կարծում եմ՝ սեպտամբերի 27-ից հետո մենք բոլորս մտահոգ ենք»,-պատասխանեց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով Արցախի անկախությունը ճանաչելու հարցին՝ նա նշեց, որ եթե Հայաստանը պետք է ճանաչի և մնա միայնակ այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է, ու Միսնկի խմբի առջեւ կփակի դուռը։ «Եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ Արցախի անկախությունը ճանաչեն մեզ հետ միաժամանակ, օրինակ, Մինսկի խմբի համանախագահ երկրներից որևէ մեկը, այլ երկրներ, այդ պարագայում դա իմաստ կունենա։ Այս պահին այդ հարցը քննարկվում է։ Դա ուղերձ է արտաքին աշխարհին, և շատ ճիշտ է։ Շատ հավանական է, որ լավ աշխատանքի արդյունքում Ֆրանսիան, Ռուսաստանը ճանաչեն Արցախը։ ԱՄՆ-ն՝ չէի ասի, որովհետեւ այնտեղ հիմա շատ խառը վիճակ է»,-ասաց ԼՀԿ նախագահը:

ԲՀԿ-ական պատգամավորները ևս մանրամասներ չհայտնեցին: «Պետք է մեկ բան արձանագրեմ՝ հարցերը շատ էին և, ցավոք, ժամանակը չբավարարեց ամբողջ ծավալով բոլոր հարցերը քննարկելու, քանի որ մենք ունենք այսօրեական խնդիրներ և առաջնահերթություններ»,– ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

«Քննարկվել է ստեղծված իրավիճակը, ելքերը։ Ամենատարբեր՝ քաղաքական հարցերից մինչև զուտ ռազմական հարցերը։ Լայն սպեկտոր է եղել, բայց ավելին չեմ կարող ասել»,- ասաց ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը:

«Իմ քայլը» խմբակցությունից Բաբկեն Թունյանն էլ անդրադարձավ ոչ թե հանդիպմանը հնչած հարցերին, այլ մամուլի լուրերին, թե հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, սակայն վարչապետն ասել է, որ այս պահին չի կարող հրաժարական տալ։ «Այդ հրապարակումը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև կոնկրետ ուղղված է Հայաստանի և Արցախի շահերի դեմ։ Այդ հրապարակումն ուղարկվել է համապատասխան մարմիններին, որպեսզի դրանով զբաղվեն»,- նշեց Բաբկեն Թունյանը։

Չգաղտնազերծեցին նաև արտախորհրդարանականները

Խորհրդարանականների հետ հանդիպումից 1 օր անց՝ հոկտեմբերի 12-ին, Նիկոլ Փաշինյանը նույն խնդրի քննարկման նպատակով հանդիպեց նաև արտախորհրդարանական ուժերին: Այս հանդիպման նախաձեռնությունը վարչապետինն էր, հանդիպման վայրը՝ կառավարությունը: Թավշյա հեղափոխությունից և ԱԺ-ում 2018-ի հոկտեմբերի 2-ի դեպքերից հետո սա, թերևս, Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն էր արտախորհրդարանական ուժերի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ քարտուղար Սուրեն Սահակյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար խորհրդի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու այլք։

Հանդիպումից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, թե վարչապետը ներկայացրել է պատերազմի վերաբերյալ տեղեկություններ, իրենք՝ իրենց կարծիքը։ «ՀՅԴ-ն այս իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրել է մի քանի օր առաջ, 13 այլ կուսակցությունների հետ միասին: Դա Արցախի հետ ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությունն էր: Կոնկրետ «Դաշնակցությունը» Արցախի հարցի շուրջ դետալներով ներկայացրել է իր պատկերացումները, բայց հասկանալի պատճառներով դա այս պահին հրապարակման ենթակա չէ»,-նշեց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ «պատմական, կարևոր ու բարդ ժամանակահատված է մեր երկրի համար, և պետք չէ ներքաղաքական օրակարգերով առաջ գնալ»։ Նա ներկայացրեց ՀՀԿ-ի դիրքորոշումը՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Հավելեց, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչել այն ժամանակ, երբ դա օգտակար կլինի Արցախին, իսկ հիմա, նրա խոսքերով, «պետք է արվի ամեն ինչ, որ հրադադարն աշխատի»։

ՔՈ-ից Սուրեն Սահակյանն էլ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հնչած շատ կարծիքների հետ։ «Այն, ինչ վարչապետը ասաց, հնչել է նաև հրապարակային տիրույթում»,- ասաց նա։

Սուրեն Սահակյանի խոսքով՝ ՔՈ-ն դեմ չէ Արցախի ու Հայաստանի միավորմանը, բայց եթե այս պահին դա առաջացնելու է անվտանգության խնդիր, իրենք դեմ չեն լինի նաև Արցախի անկախության ճանաչմանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե այս փուլում ո՞ր կետից պետք է սկսել բանակցությունները, ՔՈ ներկայացուցիչը ասաց. «Ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում, և կետը, որից պետք է սկսել, որոշվելու է մարտի դաշտում և կոնկրետ պահին, ոչ թե հիմա»:

Խաղաղապահների հարց չի քննարկվել

Արտախորհրդարանական ուժերից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ։ Նրանցից, մասնավորապես, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինը լրագրողներին ասել է, որ ՀՀ վարչապետը տեղեկություններ է փոխանցել ստեղծված իրավիճակի մասին և տվել իր գնահատականները։

Հարցին, թե Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն, դեսպանը կոնկրետ պատասխան չի տվել: Նա ասել է. «Ռուսաստանի դիրքորոշումը այնպիսին է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղան և վարել բովանդակային բանակցություններ այն ֆորմատով, որն այսօր գործում է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սերգեյ Կոպերկինն ասել է, որ վարչապետի հետ հանդիպմանը հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը չի քննարկվել: