ԼՂՀ ճանաչման հարցը Ազգային ժողովում․ 2007-2016թթ.

հոկտեմբերի 15, 2020

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին հարցը Հայաստանի Ազգային ժողովում քննարկման առարկա է 2007 թվականից: Հարցը ԱԺ նիստերի դահլիճում քննարկվել է 5 անգամ՝ 2008, 2010, 2013, 2014, 2016 թվականներին: 5 նախագծերն էլ հեղինակել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները. 1 անգամ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, 1 անգամ խմբակցության 7 պատգամավորները, 3 անգամ Զարուհի Փոստանջյանը (3-ից մեկը՝ ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի հետ միասին):

Նախագծերից ոչ մեկին ԱԺ գլխադասային հանձնաժողովը և կառավարությունը դրական եզրակացություն չեն տվել: Բոլոր քննարկումների ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը հեղինակներին կոչ է արել նախագիծը դուրս բերել օրակարգից: Նախագծերի ներկայացումը ՀՀԿ-ականները համարել են պոպուլիզմ, սադրանք, քաղաքական քմահաճույք: 3 անգամ «Ժառանգություն» խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգից, նախագիծը համարել է արտահերթ՝ խորհրդարանին պարտադրելով ընդգրկել այն քառօրյա նիստերի օրակարգ ու դարձնել քննարկման առարկա:

Որպես եզրահանգում ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն ասել է. «Ընդդիմությունը պետք է շատ լավ հասկանա, որ չի կարող բացարձակապես հաշվի չնստել իշխանության վարած քաղաքական կուրսի հետ: Հուսով եմ, որ իշխանությունն էլ հասկացավ, որ ամեն ինչ հաղթողինը չէ։ Չի՛ կարելի բոլորովին անտեսել ընդդիմության տեսակետը»։

Քննարկումներից մեկի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսել է, կարծես, մեր օրերի մասին: Նա ասել է. «Տա՛ Աստված, որ երբեւիցե այն վիճակը չհասնի, որ ՀՀ-ն միանա Ղարաբաղին կամ Ղարաբաղի անկախությունն ընդունի։ Դա պատերազմ է։ Թողե՛ք, հանգիստ գործընթացները գնում են, եւ չփչացնենք այն իրողությունները, այն ձեռքբերումները, որոնք մենք ունենք»։

Parliamentmonitoring.am-ը վերընթերցել է Ազգային ժողովի այն նիստերի սղագրությունները, որոնք ներկայացնում են ԼՂՀ ճանաչման հարցի քննարկումները: Հետհայացքով փորձել ենք ամբողջացնել հայության համար կարևորագույն՝ ԼՂՀ ճանաչման հարցի խորհրդարանական քննարկման պատկերը՝ հնչած ելույթներից մասնակի մեջբերումերով:

Քննարկում 1-ին. 2008թ., ապրիլի 28, ԱԺ 4-րդ գումարում, 3-րդ նստաշրջան

«Եթե անհրաժեշտ լինի, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, եւ դա արվի հենց խորհրդարանում ընդունվող օրենքի միջոցով, ես կարծում եմ, որ 7 րոպեում մենք կարող ենք ե՛ւ նախագիծը ունենալ սեղանին, ե՛ւ բոլոր ստորագրությունները` ցանկացած պահին արտահերթ նիստ գումարելու եւ անմիջապես այդ քայլը անելու»:

Այս միտքը 12 տարի առաջ արտահայտել է ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծի քննարկման առիթով: Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել 2007 թ.: Դրա ընդգրկումը նստաշրջանի օրակարգ հետաձգվել է 2 անգամ՝ մինչև 90 և մինչև 30 օրով:

Նստաշրջանի օրակարգ ընդգրկելը ոչ թե մերժել, այլ հետաձգել. սա բնորոշ է եղել ԼՂՀ ճանաչման մասին նախագծերի քննարկման ընթացքին: Այսպես մեծամասնությունը 2 հարց է կարգավորել. ձգձգելով փորձել է կանխել հակամարտության կարգավորմանը չնպաստող նախաձեռնության քննարկումը, և չքվեարկել հայության համար չափազանց կարևոր նախագծին դեմ՝ որքան հնարավոր է:

2008թ. ապրիլի 28-ին, այնուամենայնիվ, խորհրդարանը մերժել է նախագծի ընդգրկումը ԱԺ 4-րդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգ:

Դեմ եղել է 60 պատգամավոր՝ ՀՀԿ-ից, կողմ՝ 17-ը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցություններից:

Նախագիծը սահմանում էր՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Քննարկում երկրորդ. 2010թ. հոկտեմբերի 5, ԱԺ 4-րդ գումարում, 8-րդ նստաշրջան

2009թ. հոկտեմբերին ԼՂՀ ճանաչման մասին նախագիծը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվում «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորների կողմից: 4 անգամ, 2-ը՝ մինչև 15 օրով, մյուսները՝ մինչև 30 և 90 օրով, հետաձգվել է նախագծի ընդգրկումը նստաշրջանի օրակարգ: 2010 թ., նախագիծն ընդգրկվել ԱԺ 4-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգ, քննարկվել հոկտեմբերի 5-ին՝ խմբակցության կողմից արտահերթ համարվելու միջոցով: Քննարկումը, համաձայն Աժ կանոնակարգի, տևել է մեկուկես ժամ:

Հիմնական զեկուցող Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթում ասել է, թե օրենքը հիմք կդառնա ԼՂՀ ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքները եւ պարտականությունները որոշակիացնելու, ազգային շահը եւ պետական քաղաքականությունը սահմանելու համար։

ՀՀԿ-ական Արտակ Դավթյանի հարցին՝ ինչպիսի՞ն կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների արձագանքը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ ՀՀ ինքնիշխանության, միջազգային հեղինակության առավել բարձր ռիսկ կարող ենք ակնկալել ԼՂՀ-ի ճանաչման դեպքում, քան ներկա չճանաչված իրավիճակում»։ 

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանն ասել է. «Հազար անգամ կրկնել ենք, չենք վարանում կրկնել տասհազարերորդ անգամ։ Քանի դեռ ԼՂ-ի հակամարտությունը փորձում ենք լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, պարտավոր ենք այլ քայլեր չձեռնարկել: Եկեք դեռ մեր հույսը դնենք նախատեսված  ձեւաչափով ԼՂ խնդրի լուծման վրա, փորձենք Մինսկի խմբի գործընկերների հետ հասնել խնդրի լուծմանը, չհարուցել նրանց դժգոհությունը։ Աստված ամենակարող է, հետո մի դուռ գուցե կբացի, կամ ինքներս կորոշենք մեր հետագա քայլերը»։

Նախագիծն ընդունելու աննպատակահարմարության մասին է խոսել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ում ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը հարցրել է.

«Եթե հարցը ֆրակցիաների ստորագրությամբ մտներ մեծ օրակարգ, ի՞նչ վտանգ կլիներ։ Եթե հստակ կողմնորոշվել ենք եւ կոնցեպցիա ունենք,  եկեք ոչ թե Ղարաբաղը, այլ Ադրբեջանը ճանաչենք այն սահմաններում, որ մենք համարում ենք ճիշտ։ Ճանաչենք միակողմանիորեն»։

Շավարշ Քոչարյան. «91թ., մինչեւ հանրաքվեն, երբ ԼՂ-ում հռչակվեց անկախություն, եթե միաժամանակ ճանաչվեր եւ՛ Ադրբեջանի անկախությունը, եւ՛ ԼՂՀ-ն, փայլուն կլիներ։ Ճանաչման հարցը չի հանվել ու չի հանվի օրակարգից: Դա դիտարկում ենք տեսանկյունից, որ ճանաչումը լինի առավելագույնն արդյունավետ հենց մեր ընդհանուր նպատակի համար»։

Մեջբերումներ 2010թ.հոկտեմբերի 5-ին խորհրդարանում հնչած ելույթներից

Տիգրան Թորոսյան, ՀՀԿ. «Նրանք, ովքեր խոսում են Մինսկի խմբի մասին, պետք է հիշեն, որ ԼՂՀ-ի ընտրությունների շուրջ վերաբերմունք արտահայտելիս, Մինսկի խմբի համանախագահները ասում էին՝ չենք ճանաչում, որովհետեւ անգամ ՀՀ-ն ԼՂՀ-ն չի ճանաչել։ Արժե Մինսկի խմբին հանգիստ թողնել եւ խոսել մեր խնդիրների մասին։ Առաջինը, որ ՀՀ-ն պիտի անի, պիտի հայտարարի, որ քանի որ Մադրիդյան սկզբունքներում ինքնորշման իրավունքն արձանագրված է, ապա հենց ԼՂ-ն պիտի ներկայացնի իր տեսակետները։

Գալուստ Սահակյան, ՀՀԿ. «Մենք ասում ենք, որ Ղարաբաղը մերն է, անկախ պետություն է, որ երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել։ Ղարաբաղի հարցը մեզ համար միջոց չէ, նպատակ է։ Մենք դեմ ենք քվեարկելու, բայց նախաձեռնությանը, ոչ թե նախագծին»։

Նախագծի քվեարկությունը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը: Դեկտեմբերի 9-ին Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ կոալիցիան չի մասնակցելու քվեարկությանը: Կողմ են քվեարկել միայն «Ժառանգության» և ՀՅԴ-ի 13 պատգամավոր և Տիգրան Թորոսյանը: Նա, 2008թ. լինելով ՀՀԿ անդամ և ԱԺ նախագահ, այս հարցին դեմ էր քվեարկել:

Քննարկում 3-րդ. 2013թ., նոյեմբերի 12, ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջան

2012թ. ԼՂՀ-ն ճանաչելու մասին նախագիծը շրջանառության մեջ է դրել Զարուհի Փոստանջյանը: Նախագծի ընդգրկումը նստաշրջանի օրակարգ հետաձգվել է մինչև 1 տարով: 2013թ. ընդգրկվել է և քննարկվել քառօրյայի ընթացքում՝ խմբակցության կողմից արտահերթ համարվելու միջոցով: Դարձյալ մերժվել է:

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը չեն մասնակցել քվեարկությանը: Կողմ են քվեարկել 10 պատգամավոր. 5-ը՝ ՀՅԴ-ից, 3-ը՝ «Ժառանգությունից», և Նիկոլ Փաշինյանն ու Հրանտը Բագրատյանը՝ ՀԱԿ-ից. դե յուրե նրանք խմբակցության անդամ էին, դե ֆակտո գործում էին առանձին: «Ժառանգության» անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը քվեարկել է ձեռնպահ:

Քննարկում 4-րդ, 2014թ. նոյեմբերի 11, ԱԺ 5-րդ գումարում, 6-րդ նստաշրջան

2014թ. Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ՝ ԼՂՀ-ի եւ ՀՀանվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին:

ԼՂՀ-ի ճանաչումից բացի՝ այս որոշման նախագիծը բովանդակում էր ևս 3 կետ. բացառել ԼՂ-ի եւ ՀՀ-ի սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի տեղակայումը, բացառել ԼՂեւ Ադրբեջանի սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը, բացառել ՀՀ-ի անդամակցումը կամ միավորումը որեւէ կառույցի, որը կվտանգի ԼՂեւ ՀՀ-ի ինքնիշխանությունը եւ/կամ տարածքային ամբողջականությունը:

Նախագծի ընդգրկումը նստաշրջանի օրակարգ հետաձգվել է մինչև 1 տարով, իսկ ընդգրկվելուց հետո քառօրյայի ընթացքում քննարկվել է որպես «Ժառանգության» արտահերթ համարված հարց:

Զարուհի Փոստանջյանը բացատրել է որոշման նախագիծ ներկայացնելու հիմնավորումը: «Ես չգիտեմ, թե ՍԴ-ն ինչպիսի որոշում կկայացնի՝ կապված ԵՏՄ պայմանագրի հետ, բայց եթե պայմանագիրը գա ԱԺ, ապա ԱԺ-ն մինչ դա, պետք է իր դիրքորոշումը հայտնի Արցախի ճանաչման վերաբերյալ: Սա կապված է նաեւ մեր անվտանգության հետ: Այսօր Արցախը եւ ՀՀ-ն գտնվում են մեկ անվտանգության տարածքում»:

Մեջբերումներ 2014թ. նոյեմբերի 11-ին ԱԺ-ում հնչած ելույթներից

Լևոն Զուրաբյան, ՀԱԿ. «1992-ից ԼՂՀ խնդրի լուծմանն ուղղված Մինսկի խմբի բանակցությունների հիմնահարցը հենց ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակի որոշումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող բանակցությունների գործընթացը 1994-ի մայիսի 12-ին ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ ստորագրված զինադադարի պահպանման, ՀՀ-ի եւ Ղարաբաղի, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգության կարեւորագույն երաշխիքներից է: ԼՂՀ-ի անկախության ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը միակողմանիորեն դուրս է գալիս բանակցություններից եւ դառնում դրա տապալման պատասխանատուն»:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ. «ԼՂՀ-ի խնդրի եւ ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտի արդարացի լուծումը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է: Միակողմանի ճանաչումը, սակայն, կարծում եմ, խոչընդոտ կհանդիսանա բանակցային պրոցեսի համար»: Հիշեցրել է, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է:

Արմեն Ռուստամյան. ՀՅԴ. « Նման հարցերը պետք չէ անընդհատ բերել օրակարգ, առանց նախնական համաձայնության: Ոչ բարեկամ երկրները կարող են մեկնաբանել, թե իրենք էլ չեն ուզում Ղարաբաղը ճանաչել: Իսկ այս նախագծի անվտանգության հետ կապված կետերը. մենք համարում ենք, որ այդ անվտանգությունը 3 կետով չէ, որ լուծվում է: Մենք ունենք մեր մոտեցումը` ռազմաքաղաքական դաշինք՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև, եւ եթե դա տեղի չունենա, լիարժեք չի լինի Հայաստանի եւ ԼՂ-ի տեղն ու դերը այս ամբողջ պրոցեսում»:

Էդմոն Մարուքյան, անկախ պատգամավոր. «Մենք կարող ենք ընդունել օրենք կամ հայտարարություն, բայց որոշում չենք կարող ընդունել: Հարցը արժեզրկվում է: Անհարկի քննարկման առարկա է դարձվում խաղաղապահ ուժերի կամ օտարերկրյա զորքերի հարցը: ԼՂՀ պաշտպանության նախարարը ասաց, որ ամենալավ խաղաղապահ ուժը ԼՂ-ի պաշտպանության բանակն է, այսինքն` այս հարցի քննարկումը վնաս է մեզ համար»:

ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը քվեարկությունից առաջ հայտարարել է, թե ժամանակին, երբ պետք է լինի, այս նախաձեռնությունը հենց 131 կողմ ձայն պետք է ունենա խորհրդարանում։

ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն նախագծի քվեարկությանը չեն մասնակցել: Կողմ է քվեարկել 8 պատգամավոր. 2-ը՝ «Ժառանգությունից», 5-ը՝ ՀՅԴ-ից: ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը քվեարկել է կողմ, Հրանտ Բագրատյանը՝ ձեռնպահ: Հաջորդ անգամ Հրանտ Բագրատյանը, որպես համահեղինակ, միացել է Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը:

Քննարկում 5-րդ, 2016թ., մայիսի 16, ԱԺ 5-րդ գումարում, 9-րդ նստաշրջան

Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի նախագծում փոխվել է միայն անվանումը՝ Արցախի Հանրապետություն՝ Լեռնային Ղարաբաղի փոխարեն: Նախագիծը նստաշրջանի օրակարգ չի ընդգրկվել:  

Զարուհի Փոստանջյանն ասել է, որ մենք արդեն պատերազմում ենք, և իրավիճակը փոխվել է։ «Մենք ճանաչենք կամ չճանաչենք, դրանով պատերազմական լայնածավալ գործողությունները չեն կանխվելու։ Կարող էին կանխվել, եթե չմտնեինք ԵՏՄ։ Այս պահին դրված է Ադրբեջանի ԵՏՄ-ի անդամակցությունը, դրա գինն արցախապատկան հողատարածքների հանձնումն է։ Հետեւաբար, մենք պետք է ճանաչենք եւ պաշտպանենք»:

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Մեջբերումներ 2016թ. մայիսի 16-ին ԱԺ-ում հնչած ելույթներից

Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ. «Եթե վստահ լինենք, որ ճանաչելով չենք վտանգելու սահմանին կանգնած զինվորին, չենք հրահրելու լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, անենք։ Նման քայլ անելուց առաջ պետք է առաջնորդվենք «մի՛ վնասիր» տարբերակով»։

Հեղինե Բիշարյան, ՕԵԿ. «Հենց այնպես հարցն ԱԺ-ում դնել քննարկման, անընդունելի ենք համարում։ Ոչ միայն անկախության, այլև վերամիավորման հարց պետք է քննարկվի մեր կողմից։ Դա նույնպես շատ կարեւոր մոտեցում է»։

Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ. « Ընդամենը կես ժամվա խնդիր է, որ մենք Ազգային ժողովում հավաքվենք ու այս հարցին վերջնական լուծում տանք։ Երբ կգա պատեհ պահը, խնդիրը կդրվի քննարկման: Ոչ միայն ՀՀ-ն, այլև միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ-ն: Ես կհորդորեմ վտանգի տակ չդնել մեր վաղեմի նպատակը: ՀՀԿ-ն չի մասնակցի այս քվեարկությանը»:

Էդմոն Մարուքյան, անկախ պատգամավոր. «Հնարավոր չէ՞ հայ-թուրքական արձանագրությունների պես այս նախագիծն էլ ունենալ մեծ օրակարգում եւ օգտագործել այն ըստ բանակցությունների ընթացքի, ըստ մեր ռազմավարության։ Այսինքն՝ պետք լինի՝ կօգտագործվի, պետք չլինի՝ չի օգտագործվի»:

Սա եղել է ԼՂՀ ճանաչմանը վերաբերող 5-րդ և առայժմ վերջին քննարկումը խորհրդարանում: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել ապրիլյան պատերազմի օրերին՝ ապիլի 6-ին: Նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը քննարկվել է մայիսի 16-ին, ու դա, դատելով «Ժառանգության» պատգաավոր Ռուբեն Հակոբյանի ելույթից, եղել է անսպասելի: Նա ասել է. «Ինձ համար զարմանալի է, որ ոլորտային հանձնաժողովը միանգամից շատ օպերատիվ քննարկեց եւ բերեց՝ նկատի ունենալով, որ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, որոնք այսօր կարեւոր են»։

Ավելի վաղ, մայիսի 5-ին, կառավարությունը քննարկել էր նախագիծը, ու քննարկմանը մասնակցող Զարուհի Փոստանջյանը այդ քննարկումից «ունեցել է տպավորություն, թե կառավարությունը դրական եզրակացություն է տվել»: «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում նա ասել է. «Այն հայտարարությունը, որ հնչեց, այսինքն՝ մենք դեմ չենք, ժամանակին այլ ձեւակերպումներով էին հանդես գալիս, սա կարծում եմ, ինչ-որ չափով առաջընթաց է»:

Արցախի Հանրապետության ճանաչման մասին այս նախագիծը ԱԺ նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը Հայաստանի խորհրդարանում քննարկվել է նույն օրը, երբ Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ։

Հարցի անսպասելի քննարկումը երկու երկրների նախագահների հանդիպման օրը և կառավարության ոչ միանշանակ դիրքորոշումը թույլ են տալիս ենթադրել, որ սա, գուցե, եղել է այն դեպքը, երբ Հայաստանի իշխանությունը չբարձրաձայնված մտադրություն է ունեցել կիրառել ԼՂՀ-ն ճանաչելու զինանոցային միջոցը՝ պայմանավորված 2016թ. քառօրյայի պատերազմով: