Չլիներ Էրդողանի ճնշումը, Ալիևը պատրաստ էր հարգել հրադադարը

հոկտեմբերի 16, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին հայտարարեց, որ իր կառավարության համար ընդունելի չէ նախկինից մնացած բանակցային ժառանգությունը, որի համաձայն պետք է Ադրբեջանին հանձնել ազատագրված 5 շրջանները, հստակեցնել մյուս 2 շրջանների վերադարձի ժամկետը, իսկ Արցախը պետք լինի Ադրբեջանի կազմում: Վարչապետն իր այդ հայտարարությամբ մերժեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՞ն, որը նույն օրը լրագրողներին ասել էր, թե բանակցային սեղանին հենց այդ տարբերակն է դրված:

- Ոչ: Նիկոլ Փաշինյանի ելույթը ծրագրված էր և որևէ կերպ Սերգեյ Լավրովի հայտարարության արձագանք չէր: Այս պահին իրավիճակից դուրս եմ համարում լուծման առաջարկվող տարբերակների վերաբերյալ քննարկումները: Ամիսներ առաջ էլ Սերգեյ Լավրովը խոսել էր փուլային լուծման մասին, և մեր արտգործնախարարությունը պատասխանել էր, թե այդ լուծումը չի քննարկվում: Այս պահի միակ առարկայական քննարկումն այնն է, թե ինչպես պարտադրել Ադրբեջանին հարգել հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:

-Ինչո՞ւ Ադրբեջանը համաձայնեց, բայց չպահեց այդ պայմանավորվածությունը:

- Ես վստահ եմ, որ Թուրքան Ադրբեջանին հնարավորություն չի տալիս պահպանել հրադադարը, որովհետև խնդիրը միայն Արցախը չէ, խնդիրը աշխարհաքաղաքական է: Օրերս Ալիևը թուրքական լրատվամիջոցներց մեկին հստակ ասել էր, որ Թուրքիայի հետ նպատակ ունեն հզորանալ, որ տարածաշրջանում իրենց հետ այլ կերպ խոսեն: Այդ երկրները փորձում են խնդիրները լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը, և դա ապացուցվում է նաև նրանց հայտարարություններով ու գործելաոճով:

- Կարելի՞ է ենթադրել, որ վերջին տարիներին տնտեսական և աշխարհաքաղաքական հարցերում համագործակցելով Թուրքիայի հետ՝ ՌԴ-ն նրան անուղղակի հնարավորություն տվեց ոտնձգություն անել Հարավային Կովկասի նկատմամբ, որն ավանդաբար համարվում էր ռուսական ազդեցության գոտի:

- Կարծում եմ, որ Թուրքիան, երես առնելով Հունաստանի, Մերձավոր Արևելքի հետ ունեցած իր հարաբերությունների անպատժելիությունից, որոշեց վերադառնալ Հարավային Կովկաս: Էրդողանն իր նպատակները երբեք չի թաքցրել՝ փորձում է գերազանցել Աթաթուրքին ու իրականացնել հայտնի պանթուրանական ծրագիրը: Իսկ ընդհանուր առմամբ, ռուսական կողմը, որպես մեր ռազմավարական դաշնակց և տարածաշրջանային կարևոր դերակատար, թույլ չի տա Թուրքիայի ուժեղացումը Հարավայն Կովկասում, որովհետև դա ուղղակիորեն հարվածում է իր, նաև Իրանի աշխարհաքաղաքական շահերին:

- Միջազգային տարբեր հարթակներից դատապարտող կոչեր են հնչում, բանաձևեր ընդունվում, բայց դրանք չեն զսպում Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմատենչ քայլերը: Ինչո՞ւ եվրոպական երկրները չեն փորձում կոնկրետ պատժամիջոցներով ճնշել Թուրքիային: Նիկոլ Փաշինյանն էլ զգուշացրեց, որ Թուրքան շուտով կհայտնվի Վիեննայի մատույցներում:

- Հիշեցնեմ նաև նրա այն հայտարարությունը, թե արդյո՞ք Եվրոպան ուզում է ունենալ երկրորդ Հիտլեր: Եվրոպայում, թերևս, լիարժեք չեն գիտակցում թուրքական վտանգը: Դեր է խաղում նաև բյուրոկրատական շատ դանդաղ ընթացքը, որը ճկուն չէ, բայց հնարավոր պատժամիջոցների հարցը քննարկվում է: Պարզապես ամեն օրը մեզ համար կարևոր է, և Եվրոպան օր առաջ պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, եթե իսկապես, չի ցանկանում, որ թուրքական հաջորդ «արշավանքը» դեպի Եվրոպա լինի:

- Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում շփվելով Ձեր գործընկերների հետ՝ ի՞նչ եք նկատել, հակամարտությունը ներկայացնելու առումով նախկինում տարվե՞լ է այնպիսի աշխատանք, որն ավելի հեշտացնում է աշխատանքը այսօր:

- Հակամարտության վերաբերյալ եղել է թյուրընկալում՝ եվրոպական շատ երկրներ դա ընկալել են որպես տարածքային վեճ: Բայց այս պահին Թուրքիայի ներգրավվածությունը, Ադրբեջանի ագրեսիան, ահաբեկիչների առկայությունը ցույց են տալիս, և մեր եվրոպացի գործընկերներն էլ շեշտում են, որ սա արդեն էքզիստենցիալ անվտանգության խնդիր է: Այսինքն, այն, ինչ մենք փորձում էինք ապացուցել տասնամյակներ, Ադրբեջանը հաշված օրերի ընթացքում ապացուցեց Եվրոպային:

- Իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ն չի փորձում զսպել Թուրքիային: Պատճառը Դոնալդ Թրամփի նախընտրական զբաղվածությո՞ւնն է, թե՞ այդ երկրին ձեռնտու է, որ այս տարածաշրջանում Թուրքիային օգտագործի Ռուսաստանի դեմ:

- ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի վերջին հայտարարությունը հենց այդ զսպամանն ուղղված կարևոր քայլերից մեկն էր՝ անգամ նախընտրական գործընթացում: Նա շեշտեց, որ Թուրքիան անելիք չունի հակամարտության մեջ, դա կարևոր հայտարարություն էր:

- Բայց պատերազմը զսպելու ողջ ծանրությունն ընկած է Ռուսաստանի վրա:

- Այո, որովհետև որպես դաշնակցային պետություն, որպես միջնորդ պետություն և տարածաշրջանի կարևոր խաղացող, ռուսական կողմը չի կարող մտահոգված չլինել այս իրավիճակով:

- ՌԴ-ն, կարծես, փորձում է Ալիևին պոկել Թուրքիայից: Ո՞րն է ազդեցության այն լծակը, որը կարող է արդյունք տալ:

- ՌԴ-ն հսկայական ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, բայց Ալիևը վարում է պրոթուրքական քաղաքականություն: Փոքր հաջողությունները շլացրել են նրան, և չի գիտակցում, թե այս պատերազմում ամբողջությամբ պարտվելուց հետո ինչ դաժան հետևանքներ կլինեն: Ես տպավորություն ունեի, որ Ադրբեջանը պատրաստ էր հարգել ձեռք բերված հրադադարը, եթե չլիներ Էրդողանի հսկայական ճնշումը: Դա ցույց է տալիս, որ այսօր Ադրբեջանն ամբողջությամբ ղեկավարվում է Թուրքիայի կողմից:

- Հնարավո՞ր է, որ ՌԴ-ն, Արցախի հարցում զիջումներ խոստանալով, փորձի ազդել Ադրբեջանի վրա:

- Ընդհանրապես նման խնդիր չկա: Մենք բազմիցս ենք ասել, որ, որպես ռազմավարական դաշնակից, Մոսկվային պետք է ուժեղ Հայաստան, Հայաստանին՝ ուժեղ Մոսկվա: Իսկ Ադրբեջանի վրա ազդեցության լծակները բազմաթիվ են՝ տնտեսական, քաղաքական, ու կարծում եմ, որ այս ընթացքում Մոսկվան հսկայական ջանք է գործադրում հումանիտար հրադադարը պարտադրելու համար:

- Ռուսական և հայկական լրատվամիջոցներից հաճախ ենք լսում, թե թուրքերը «չլսեցին Լավրովին, կլսեն ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին»: Ի՞նչ քայլեր կարող են լինել այս մակարդակով:

- Շատ քայլեր ակնհայտ և հանրային չեն: Մենք ընդամենը տեսնում ենք դրանց դիվանագիտական ձևակերպումները, որոնք ցույց են տալիս, թե ինչ ահռելի աշխատանք է տարվում հրադադարի հասնելու համար: