ԱԺ-ի ընդունած հայտարարությունները ԼՂ խնդրի վերաբերյալ

հոկտեմբերի 19, 2020

2020թ.սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած ագրեսիայի, զինված բախման վերաբերյալ։ Հայտարարությամբ ԱԺ-ն դատապարտում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործությունն ու միջազգային հանրությունից պահանջում իրերը կոչել իրենց անուններով։

Սա ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող առաջին հայտարարությունը չէ՝ ընդունված ԱԺ-ի կողմից: Օրենսդիրը, պայմանավորված հակամարտության ընթացքում արձանագրված տարբեր իրավիճակներով, այդպիսի 5 հայտարարություն է ընդունել:

Առաջինը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հեղինակությամբ, ընդունվել է 2008 թվականին:

2008թ. ապրիլի 10-ին «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության նախագիծը ներկայացնելիս՝ Թորոսյանը նշել է, որ ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները լավատեսություն չեն ներշնչում։

Հայտարարությամբ մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ միանշանակ, սկզբունքների խախտմամբ կազմված հայտարարությունների առնչությամբ։

«Ցավալի է, որ հետեւողական աշխատանք՝ գիտական շրջանակների, քաղաքական շրջանակների, համակարգված աշխատանք գրեթե գոյություն չունի։ Ամեն ինչ մնում է առանձին անհատների նախաձեռնությանը, առանձին անհատների աշխատանքի վրա։ Սա, ես կարծում եմ, բացարձակապես անընդունելի է, եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել՝ ինչքան էլ մեր խնդիրը, ինչքան էլ ԼՂ-ի խնդիրն անխոցելի է միջազգային իրավունքի տեսակետից։ Ընդհանրապես միջազգային իրավունքը մենք, ավանդույթ է դարձել, աչքաթող ենք արել եւ շարունակում ենք աչքաթող անել։ Մինչդեռ այստեղ իսկապես ԼՂ-ի մոտեցումները բացարձակապես անխոցելի են, ավելին՝ նաեւ քայլերը։ Լուրջ վերլուծություններ, որոնք պիտի լինեն տարբեր ատյաններում մեր ներկայացուցիչների ձեռքին, որոնք պիտի լինեն նաեւ բանակցությունները վարողներ ներկայացուցիչների ձեռքին, որոնք պիտի ամուր հիմք եւ դիրք ապահովեն մեր ներկայացուցիչների համար, չափազանց քիչ են, չափազանց քիչ։ Հետևաբար այստեղ լուրջ աշխատանքի անհրաժեշտություն կա», -հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասել է Տիգրան Թորոսյանը։

Քննարկմանն ակտիվորեն մասնակցել են «Ժառանգություն» և «Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները:

Հարցեր են հնչել նաև Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ, հարց, որը քննարկման առարկա է նաև այսօր: Դրա մասին Տիգրան Թորոսյանն ասել է. «Եթե ԼՂՀ-ն մենք ճանաչելով ապահովեինք անվտանգությունը և պաշտպանությունը, վաղուց դա հաստատ արած կլինեինք: Ագրեսիան բացառել նման ճանաչումով, կարծում եմ ճիշտ չի լինի, պարզապես հնարավոր չէ, ոչ թե` ճիշտ չի լինի: Ագրեսիայի ժամանակ համապատասխան միջամտության անհրաժեշտությունն է անպայման լինելու, եթե դա լինելու է լայնածավալ փորձ: Սրա մասին է խոսքը, իսկ դրա դեմ ուղղակի ԼՂՀ-ի ճանաչելը ոչինչ չի լինելու: Խոսքը ռազմական գործողությունների մասին է և ոչ թե այլ որևէ բանի։ Այս պարագայում, ճիշտն ասած, մի քիչ լավ չեմ պատկերացնում ճանաչման գործոնը ինչպիսին է: Այլ բան է ոչ թե մեր ճանաչումը, այլ միջազգային հանրության կողմից ճանաչումը, որը իհարկե, կարող է լինել շատ կարևոր գործոն` անվտանգության և պաշտպանության ապահովման համար: Տարբեր քննարկումներ ունենալով՝ նպատակահարմար եմ համարում այստեղ ևս 2 կետ ավելացնել. մեկը, որ ամեն ջանք գործադրել, որպեսզի միջազգայնորեն ճանաչված ԼՂՀ-ն, որպես հակամարտության կողմ, բանակցային գործընթացի մեջ ներգրավվի, 2-րդը` ամեն ինչ արվի, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը իրականություն դառնա»։

Հենց այս հիմնավորմամբ մի քանի օր անց խորհրդարանը մերժում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախագիծը՝ ԼՂՀ ճանաչման մասին, որին կողմ են քվեարկում միայն ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»։

Ի վերջո, երկօրյա քննարկումների արդյունքում ընդունված հայտարարության մեջ ՀՀ նախագահին ու կառավարությանը հետևյալ առաջարկներն են ներկայացվել.

- ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ.

- ակտիվացնել և ընդլայնել հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման ջանքերը` այդ նպատակով ներգրավելով համահայկական ներուժը, հնարավորություններն ու միջոցները.

- միջազգային իրավունքի շրջանակներում մշակել այն իրավական հիմքերը, որոնք կապահովեն ՀՀ-ԼՂՀ առավել արդյունավետ համագործակցություն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում Հայաստանին` որպես ԼՂՀ անվտանգության երաշխավորի, հնարավորություն կտան ապահովելու ԼՂՀ լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը.

- բանակցությունների արդյունավետության ապահովման նպատակով ամեն ջանք գործադրել` վերականգնելու համար ԼՂՀ ներկայացուցիչների լիարժեք մասնակցությունը այդ գործընթացին` որպես հակամարտության միջազգայնորեն ճանաչված կողմ.

-նախապատրաստել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման այլընտրանքային հնարավորություններ, որոնք պետք է գործադրվեն Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների տապալման դեպքում:

2014 թ. ԱԺ 6 խմբակցությունների ընդունած համատեղ հայտարարությունը պայմանավորված էր 2014-ի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին արցախաադրբեջանական սահմանին դիվերսիոն ներթափանցման փորձերով ու դրանց արդյունքում տեղի ունեցած սահմանային լարվածությամբ։

Այս հայտարարությամվբ խորհրդարանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի քննության և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների և գործողությունների բացառման ուղղությամբ:

Միջազգային կազմակերպություններին և պետություններին կոչ է արվում հրաժարվել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջև հավասարություն դնող մոտեցումից և դատապարտել Ադրբեջանի` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտված նախահարձակ ու սադրիչ գործողությունները: Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքներին:

Նշվում է նաև, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձությունների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ինքը, իսկ հայ ժողովուրդն ու հայ զինվորը ապացուցելու են, որ պատրաստ են ապահովել ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը:

Արցախյան հիմնախնդրին Հայաստանի Ազգային ժողովը անդրադարձել է նաև 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի առիթով։

Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման և ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վերբերյալ ԱԺ հայտարարությունը խորհրդարանն ընդունել է 2016-ի ապրիլի 4-ին՝ պատերազմական գործողությունների 3-րդ օրը՝ արդեն հայտնի բովանդակությամբ և կոչերով։

Հայտարարությամբ դատապարտվում է «Ադրբեջանի կողմից 1994 թ. զինադադարի պայմանագրի խախտումը, Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի ոտնահարումը, քաղաքացիական բնակչության և բնակավայրերի թիրախավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափով հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերի նպատակային ձախողումն ու մերժումը և ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին կոչ է արվում հասցեական և համարժեք արձագանք տալ ստեղծված իրավիճակին՝ ադրբեջանական կողմի նկատմամբ կիրառելով զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից եւ տարածաշրջանն ապակայունացնող քայլերից խուսափելու համար:

Ակնկալում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն` դատապարտելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը և կմիանան Ադրբեջանի իշխանություններին սանձելու միջազգային հանրության ջանքերին», -ասված է հայտարարության տեքստում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը արծարծվել է նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականին ընդունված հայտարարության մեջ։

Հատուկ հայտարարության առիթ է եղել հունգարական դատարանի կողմից 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու հարցը։

2015-ի սեպտեմբերին Հայաստանի ԱԺ-ն հայտարարությամբ դատապարտել է Հունգարիայի իշխանության դրսևորած վարքագիծը և կասեցրել Հունգարիայի խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները։

«Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում իր սանձազերծած  հակահայկական թշնամանքի և ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները,   կրկին ի ցույց է դնում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը:

Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է, որ ԼՂՀ-ն որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում», -ասված է 5 տարի առաջ ընդունած Ազգային ժողովի հայտարարության տեքստում։