Պետք է ավելի ակտիվ աշխատել Ռուսաստանի հետ․ Արման Աբովյան

հոկտեմբերի 19, 2020

Հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հետ։

-Արտախորհրդարանական 13 կուսակցություններ օրերս հայտարարություն տարածեցին՝ կառավարությունից պահանջելով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։ «Բարգավաճ Հայաստան»-ում քննարկվե՞լ է այս հարցը:

-«Բարգավաճ Հայաստանը» և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը, հիշեցնեմ՝ շինծու և քաղաքական պատճառներով այսօր գտնվում է կալանքի տակ, միշտ բոլոր առումներով շատ ուշադիր հետևում են բոլոր քաղաքական գործընթացներին։ Այսքանը կարող եմ ասել։

-Քաղաքական դաշտում ոմանք 13 կուսակցությունների հայտարարությունը դավաճանական քայլ են համարում:

-Ես ասացի այն, ինչ պետք է ասեի։ Ավելին չեմ կարող ասել։

-Իսկ պարոն Ծառուկյանի հետ խոսե՞լ եք, ի՞նչ է մտածում սահմանային լարվածության մասին։

-Պարոն Ծառուկյանը մի քանի ամիս առաջ զգուշացնում, մատնանշում էր բոլոր այն զարգացումները, որոնք այսօր տեղի են ունենում։ Այդ կանխատեսումները իրականացան։ Ի՞նչ է մտածում պարոն Ծառուկյանը. իհարկե, պատերազմի ժամանակ լինելով անազատության մեջ, որքան թույլ է տալիս հնարավորությունը, կարողանում է օգտակար լինել։ Միաժամանակ, ամեն ինչի մասին տեղեկացվում է, և հիշեցնեմ նրա կոչը՝ մի կողմ դնել ներքին գզվռտոցը և համախմբվել հայ զինվորի շուրջը։

-Երկրորդ անգամ հայտարարված հրադադարը, ինչպես առաջինը, Ադրբեջանը դարձյալ խախտեց: Սպասելի՞ էր:

-Ցավոք, մենք ինքներս մեզ գցել ենք շփոթության մեջ. հրադադար չի կնքվել, կողմերը պայմանավորվել են կրակի հումանիտար դադարեցման մասին։ Հիշեցնեմ, որ զինադադարի կնքվել է միայն մեկ անգամ՝ 1994 թվականին, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև։ Մենք պետք է սա շատ հստակ ֆիքսենք. չի կարելի սա համարել հրադադար։

Ադրբեջանը, լինելով Թուրքիայի կատարածու, որպես անկախ քաղաքական միավոր գոյություն չունի: Կա Ադրբեջան անունով մի քաղաքական սուրոգատ, որը ստեղծվել է, կառավարվում է, առաջ է մղվում Թուրքիայի կողմից։ Պետք է ընդունենք, որ այսօր դիվանագիտական դաշտում հիմնական խաղացողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան։ Ալիևին, փաստացի, կարելի է անվանել Էրդողանի աշխատակազմի հասարակ մի պաշտոնյա։

Ադրբեջանը, լինելով Թուրքիայի ենթակայության տակ, երբեք չի գնա կրակի դադարեցման, որովհետև այն խնդիրները, որոնք իրենց առջև այդ զույգը դրել է, չի կարողանում լուծել։ Կրակի դադարը և դրա պայմաններին հետևելը կնշանակի, որ նրանք ընդունում են իրենց պարտությունը։ Դա չի նշանակում, որ հայկական կողմը միջազգային հարթակներում կամ իր գործընկերների առաջ չպետք է հումանիտար բարձրացնի և նրանց հետ փորձի սաստել վայրենիներին։ Մենք պետք է շատ հստակ ֆիքսենք մի կարևոր բան՝ չի լինի ոչ մի կրակի դադար, լավագույն դեպքում՝ կլինի կրակի նվազում, բայց դա էականորեն ոչ մի բան չի փոխի։

-Եթե թուրք-ադրբեջանական զույգը դիվանագիտական ճնշումների չի ենթարկվում, ելքը ո՞րն է:

-Պատերազմ, պատերազմի շարունակություն։ Այս պարագայում պետք է շատ ակտիվ աշխատել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, որովհետև ազդեցության լծակները, որ ունի Ռուսաստանը Թուրքիայի և դրա խամաճիկ Ադրբեջանի վրա, վստահ ասում եմ՝ որևէ պետություն չունի։ Ինչի՞ց է առհասարակ պատերազմն սկսել։ Միամիտ է կարծել, որ այս պատերազմը միայն Արցախի կամ Հայաստանի դեմ է: Խնդիրն այն է, որ Թուրքիան այսօր իրականացնում է պանթուրանական գլոբալ ծրագիրը, որը ենթադրում է ՀՀ-ի և Արցախի ոչնչացում, որովհետև իրենք ունեն դիվանագիտական ու ռազմավարական խնդիր՝ միավորվել Ադրբեջանի հետ և ամրապնդվել Հարավային Կովկասում։ Մենք հասկանում ենք, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի հետաքրքրությունների դաշտում է, և պարզ է, որ այդ երկիրը ամեն ինչ կանի ու թույլ չի տա Թուրքիային ամրապնդվել այս տարածաշրջանում։ Թուրքիան էլ կփորձի անել հակառակը։ Մենք պետք է այս կոնտեքստում նայենք ու հասկանանք իրադարձությունները, որոնք այստեղ տեղի են ունենում։ Թուրքիայի ֆաշիստական ու տեռորիստական նկրտումների իրագործման միակ խոչընդոտը հայերն են՝ ոչ միայն որպես քաղաքական միավոր, այլ ընդհանրապես՝ հայ ազգը։ Եվ սա 1915 թվականի իրենց ծրագրի շարունակությունն է։

-Ասում եք՝ Հայաստանը պետք է առավել ակտիվ աշխատի դաշնակից Ռուսաստանի հետ։ Ի՞նչ նկատի ունեք. ի վերջո, արդեն հինգ անգամ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել։

-Մենք պատերազմի մեջ ենք, և թույլ տվեք մանրամասներ չբացահայտել: Իմ խոսքից, հավանաբար, պատկերացրիք՝ ինչ է կատարվում գլոբալ առումով, և որ երկրի հետաքրքրություններն են համընկնում մեզ հետ: Կարծիքը, թե Թուրքիան սիրիացի ահաբեկիչներ է բերում Ադրբեջան Հայաստանի դեմ պատերազմելու համար, թերի է: Մենք գիտենք, որ ահաբեկիչները, որպես պատերազմողներ, մսացու են, և դա շատ լավ հասկանում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Խնդիրն այն չէ, թե Ադրբեջանն ու Թուրքիան ահաբեկիչների հաշվին փորձում են նվազեցնել իրենց զոհերի թիվը, ոչ։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի տարածքում տեղակայելով ահաեկիչներին, փաստացի ռումբ են դնում Ռուսաստանի, Հյուսիսային Կովկասի տակ։ Տեսեք՝ ահաբեկիչների գոյության մասին ՌԴ հատուկ ծառայությունները հայտարարեցին, բացի այդ, ռուսական տարբեր քաղաքներում ՌԴ հատուկ ծառայությունները օպերատիվ գործողություններ իրականացրին՝ կանխելով ահաբեկչության նախապատրաստություններ, ձերբակալվեցին Սիրիայից եկած ահաբեկիչներ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, թույլ տվեք մանրամասներ չհայտնել, բայց, իմ կարծիքով, պետք է ավելի ու ավելի ամրապնդել այդ հարաբերությունները։

-Երկու օր առաջ ադրբեջանական երկու ԱԹՍ խոցվեց Հայաստանի տարածքում։ Մինչ դա էլ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանը հարվածել է ռազմական նշանակության օբյեկտի, ինչը նրանք չէին հերքել։ Ուրեմն, ինչո՞ւ ՀՀ-ն չի դիմում ՀԱՊԿ-ին։

-Քանի որ դիվանագիտությունը լուռ արվեստ է, և կա ինֆորմացիայի պակաս, ես այս պարագայում կդժվարանամ պատասխանել։

-Հնարավո՞ր է՝ ՀՀ-ն չի դիմում ՀԱՊԿ-ին՝ մտածելով, որ կարող է դիմել և չստանալ մեծամասնության աջակցությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների սերտ հարաբերությունները։

-Ոչ, կարծում եմ՝ ոչ։ Կարծում եմ՝ այստեղ ուրիշ պատճառներ կան, որոնք կբացահայտվեն։ Ռուսաստանի արձագանքը նկատի ունենալու դեպքում ՀԱՊԿ-ին չդիմելը հասկանալի է դառնում: Առավել մանրամասն մեկնաբանություն չեմ կարող տալ: