«Ասում են՝ գնաս, ի՞նչ անես, ասում եմ՝ կոորդինատ կհաղորդեմ». Սրբուհի Գրիգորյան

հոկտեմբերի 20, 2020

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ։

-Տիկի՛ն Գրիգորյան, ինչո՞ւ որոշեցիք գնալ առաջնագիծ։

-Ես առաջին օրերին եմ հայտարարել, որ պատրաստ եմ գնալ ճակատ: Ազգային ժողովում ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ պատրաստ եմ լինել սահմանին, բայց ոչ թե ոգևորելու, այլ կռվելու համար։ Ու քանի որ համարվում եմ բարձրաստիճան պաշտոնյա, շատ արգելող հանգամանքներ կան՝ որպես շարքային քաղաքացի առաջնագծում հայտնվելու և քո ծառայությունը մատուցելու համար: Պետք է ասեմ, որ մեկ փորձ մի քանի պատգամավորով արեցինք, որ հասնենք Ստեփանակերտ, այնտեղ փորձենք թիկունքում օգնել մեր քաղաքացիներին՝ առանց թիկնազորի, առանց մեր վրա ուշադրություն գրավելու։ Սակայն Գորիսից արդեն չկարողացանք գնալ Արցախ, որովհետև պայման կար մեզ առանձնացնելու, հատուկ վերաբերվելու, իսկ մենք ուզում էինք գնալ օգնելու նպատակով։ Խոսեցինք հրամանատարներից մի քանիսի հետ և նրանց պատասխաններից հասկացանք, որ դեռ պետք է սպասել։ Հետ եկանք Երևան։ Հիմա, սակայն, մտածում եմ, որ պահը հասունացել է. թշնամին փորձում է Սյունիքում խուճապ առաջացնել: Գիտեք, ես սյունեցի եմ և իմ պարտքն է լինել այնտեղ։ Որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ մեզ չեն զինվորագրում, բայց որպես կամավոր ես պարտավոր եմ համալրել կամավորների շարքը, որովհետև դա իմ իրավունքն է։ Ես այսօր առավոտ կապվել եմ մեր զինկոմի հետ և խնդրել եմ կազմակերպել այդ աշխատանքը։

-Դուք հիմա Սյունիքո՞ւմ եք։

-Ոչ, ես հիմա Երևանում եմ։ Ազգային ժողովում մի փոքր գործ ունեի։ Նաև վիրավոր զինվորներից մեկի ծնողի խնդրանքով եղել եմ Հանրապետական հիվանդանոցում՝ հասկանալու՝ ինչով կարող եմ օգնել զինվորին։ Վերջացրել եմ, պայմանավորվել եմ, որ վաղը առավոտը արդեն կլինեմ նշված վայրում և կքննարկենք անելիքները արդեն որպես կամավոր։

-Երկու օր առաջ, ի դեպ, Սյունիքից խուճապ առաջացնող տեղեկություններ տարածվեցին։ Նկատի ունեմ համայնքապետերի մարտակոչը։ Ունե՞ք տեղեկություններ, թե ինչ վիճակ է այնտեղ։

-Ոչ, իհարկե, լարվածություն չկա։ Ընդամենը նախազգուշական միջոցառում էր, որ հավաքվենք, մոբիլիզացվենք, որ եթե հանկարծ ոտնձգություն լինի, կարողանանք պաշտպանել մեր հողը, մեր տները, մեր երեխաներին։ Առանձնապես խուճապ չկա։ Ես զանգել եմ տարբեր համայնքներ, խոսել եմ մարդկանց հետ, նրանք իրենց գործին են, չիր պատրաստելու սեզոնն է, մարդիկ աշխատում են, ապրում են առօրյայով։ Ընդհանրապես, պետք է ասեմ, որ սյունեցիներին հեշտ չէ խուճապի մատնել։ Բայց պետք է պատրաստ լինել, զգոն լինել ամեն վայրկյան, որովհետև մենք գիտենք՝ ինչի դեմ ենք մենք հիմա կռվում։ Դա միայն Ադրբեջանը չէ, եթե միայն այդ երկիրը լիներ, ավելի շուտ իրենց հարցերը կլուծեինք։ Մեր դիմաց նաև Թուրքիան է, ու ահաբեկչական բավականին մեծաքանակ գրոհային վարձկաններ։ Այդ պատճառով է, որ շատ զգոն պետք է լինենք, որ կարողանանք շատ շուտ խաղաղությունը վերականգնենք մեր տարածաշրջանում։

-Տիկին Գրիգորյան, Դուք մարտական պատրաստություն անցե՞լ եք, հմտություններին տիրապետո՞ւմ եք։

-Ես, անկեղծ ասած, ոչ, չեմ անցել, բայց կսովորեմ, ոչ մի խնդիր։ Ես միշտ ասել եմ, որ դպրոցներում դա մեզ պետք է։ Մենք շատ թեթև ենք անցել ռազմագիտություն, ընդ որում՝ տեսական։ Բայց ես հիշում եմ, որ առաջին անգամ փորձնական կրակելուց բավական լավ եմ կրակել, և երեք դասարաններում առաջիններից մեկն էի։ Բացի այդ, պետք է ասեմ՝ հայրս ազատամարտիկ է եղել, և երբ ազատ ժամանակ էինք ունենում, ինքնաձիգից կրակելու փորձեր անում էինք։ Նա սովորեցնում էր նաև պարկուճները արագ լցնել և այլն։ Իհարկե, հիմա զենքերը փոխվել են, կարելի է վերապատրաստվել, և ինչով կարող եմ, կօգնեմ։ Հրամանատարներից մեկն ինձ ասում է՝ գնալու ես՝ ի՞նչ անես, ասում եմ՝ կոորդինատ կհաղորդեմ, մի բան կանեմ։ Հնարավոր չէ, որ այնտեղ պետք չլինի մեր ուղեղը։ Մի ավել ձեռքը չի խանգարի հաստատ։

-Այս օրերին, հատկապես իշխող խմբակցության պատգամավորների մասին սոցցանցերում հաճախ են գրում՝ ո՞ւր են, ինչո՞ւ չեն գնում առաջնագիծ։ Կարծում եք՝ սրանք արդարացի՞ հարցադրումներ են:

-Ես չեմ կարող ասել՝ ինչ են մտածում իմ գործընկերները պատերազմ գնալու մասին, բայց ընդգծեմ. ինձ ասացին՝ օրենքով չի թույլատրվում մեզ, որպես բարձրաստիճան պաշտոնյաներ, զորակոչել բանակ , չնայած առաջնագիծ գնալու ցանկություն ունեցող պատգամավորները, իհարկե, կարող են գնալ որպես կամավորներ։ Յուրաքանչյուրի խնդրանքը պետք է հաշվի առնեն և գրանցեն որպես կամավոր։ Այդտեղ արգելք, բնական է, որ չկա։ Ես ուղղակի մի բան կարող եմ հիմա ասել՝ ամեն ինչ արեք, որ մեր թիկունքը ամուր լինի, իսկ մենք կփորձենք ամեն ինչ անել առաջնագծում։