Ազգային ժողովը ռազմական դրության օրերին

հոկտեմբերի 23, 2020

Հայաստանում, արդեն 27 օր, ռազմական դրություն է: Այս ընթացքում Ազգային ժողովը 1 հատուկ(որի ընթացքում քննարկվել է հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու հարցը) և 4 արտահերթ նիստ է հրավիրել: Արցախում ընթացող պատերազմը փոխել է խորհրդարանի աշխատանքային գրաֆիկն ու օրակարգը: Այդ օրակարգում բավական մեծացել է ծավալը այն աշխատանքի, որն ուղղված է արտաքին աշխարհին՝ հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, ելույթներ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի իրական պատկերը ներկայացնելու համար:

Պատգամավորները, խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն օգտագործելուց և օրենքներ ընդունելուց բացի այս օրերին նաև հաճախ են լինում Արցախի Հանրապետությունում, ոմանք են արդեն հայտարարել են առաջնագիծ մեկնելու մասին:       

Վարչապետի զինվորագրվելու կոչը և դրա արձագանքները

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչով:

«Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանք պետք է լինեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ ու ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում ու իրականացնեն այն խնդիրը, որը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վարչապետի հայտարարությունից հետո իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ իր բոլոր կուսակիցներին հորդորում է ներկայանալ համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվել Հայոց բանակին։

«Սիրելի՛ կուսակցականներ և համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձեւավորելու նպատակ չունենք։ Մենք ունենք կայացած պետություն և համապատասխան պետական մարմիններ ու ընթացակարգեր. խնդրում եմ՝ այլևս մի՛ դիմեք ինձ նման հարցով։ Սա կուսակցական հարց չէ. պատերազմը կուսակցություններ, թիմեր չի ճանաչում։ Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց բանակ, որն այն վարում է ու հաղթում», -ընդգծել էր Մարուքյանը։

Կուսակցություններից կամավորական ջոկատ է ձևավորել «Քաղաքացիական պայմանագիրը»: Ըստ մամուլի տեղեկությունների՝ այն գլխավորում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ ջոկատի կազմում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատգամավոր Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գևորգյանը և այլք։

Ջոկատներ կազմելու մտադրության մասին հայտարարեց նաև հոկտեմբերի 22-ին կալանավայրից դուրս եկած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Պատգամավորներն ու առաջնագիծը       

Պատգամավորները ՀՀ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված այն բացառություններից են, որոնք զորակոչի ենթակա չեն:
Օրենքը զորահավաքային զորակոչի ենթակա չի համարում քաղաքացուն, որը`
1) ամրագրվել է ՀՀ կառավարության սահմանած կարգով.
2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի.
3) ունի չորս և ավելի երեխա.
4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է:

«Տրամաբանությունը շատ պարզ է. դրա նպատակը պետական կառավարման շարունակականությունն ապահովելն է։ Բացի այդ, ցանկացած պատերազմական դաշտում բարձրաստիճան պաշտոնյան թիրախ է», -Parliamentmonitoring.am-ին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ եթե խորհրդարանում կազմավորվի պատգամավորներ-կամավորների խումբ, ապա պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները։

«Եթե պատգամավորները գնացին առաջնագիծ, ապա նրանց տեղը մնում է թափուր, և կառավարման շարունակականությունը խախտվում է, որոշում կայացնողները տեղում չեն լինում այդ դեպքում»,-նկատեց Համազասպ Դանիելյանը։

Կամավորագրված պատգամավորական խումբ Ազգային ժողովում չկա, բայց կան առանձին պատգամավորներ, որոնք պաշտոնապես հայտարարել են Արցախ մեկնելու մասին. «Իմ քայլից»՝ Սասուն Միքայելյանը, որը նաև ԵԿՄ նախագահն է, Լուսինե Բադալյանը, «Լուսավոր Հայաստան»-ից՝ Սրբուհի Գրիգորյանը:

Օրերս ԱՀ էր մեկնել նաև խորհրդարանական պատվիրակություն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Ըստ Արցախի նախագահականի պաշտոնական հաղորդագրության, պատվիրակությունը հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այցի մանրամասների վերաբերյալ մեր հարցին ԱԺ աշխատակազմից փոխանցեցին, որ պատվիրակությունը ունենալու է տարբեր հանդիպումներ և զբաղվելու է կազմակերպչական աշխատանքներով։

Մանրամասներ չուզեց ներկայացնել նաև Արցախում գտնվող «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյան:

«Շատ հաճախ ու պարբերաբար այցելում ենք Արցախ, ընդամենը երկու օր առաջ ենք վերադարձել, որպեսզի մասնակցենք արտահերթ նիստին», -Parliamentmonitoring.am-ին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Նրա խոսքով, խմբակցության կանայք կազմակերպում են տարբեր օգնություններ տրամադրելու աշխատանքները, հանդիսանում միջնորդներ արցախան ընտանիքների ու կազմակերպությունների միջև։ Այս խմբակցությունից Արցախում զինվորների հետ է Հրանտ Մադաթյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները ևս վերջին շրջանում հաճախ են լինում Արցախում։ Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք եղել են Ստեփանակերտում, ունեցել հանդիպումներ, մասնակցել թիկունքային աշխատանքներին, հենց Ստեփանակերտից նաև մասնակցել ԵԽԽՎ մոնիտորինգի նիստին։ Նույն խմբակցության երկու պատգամավորներ եղել են Քարվաճառում։