Գնեք անսահմանափակ ազատություն.... գրոշներով

հոկտեմբերի 23, 2020

Յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունք: Քաղաքակիրթ աշխարհը դա ամրագրել է մարդու հիմնարար իրավունքների ցանկում: Ավելի գործածական է խոսքի ազատություն ձևակերպումը:

Հետհեղափոխական Հայաստանում կայծակնային արագությամբ նվաճեցինք խոսքի ազատության ամենաանառիկ թվացող բարձունքները: Նվաճելուն պես տեսանք, որ այնտեղ՝ այդ բարձունքներում, ոչ թե ազատություն է, այլ ամենաթողություն: Տեսանք, բայց քաջություն թե լրջություն չունեցանք՝ մի քիչ հետ քաշվելու զբաղեցրած դիրքերից:

Որոշեցինք մտնել Հռոմի պապից ավելի կաթոլիկի դերի մեջ ու համարել, որ ամեն ինչ կարգին է (այդպես չհամարողների նյարդերի թեման կփորձենք հնարավորինս շրջանցել):

ՀՀ Սահմանադրությունը, ի հավատարմություն մարդու հիմնարար իրավունքների միջազգայնորեն ընդունված նորմերի, հռչակում է՝ «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Հետհեղափոխական Հայաստանի օրակարգում, սակայն, «սահմանափակում» հասկացությունն ընդգրկված չէր: Նույնիսկ այլ իրավունքների պաշտպանության համատեքստում: Խոսքի, կարծիքի արտահայտման ազատությունը մեր ցանկում (ընդգծումը միտումնավոր է) անարգել «վազանցում» էր մյուս բոլոր իրավունքները՝ հավակնելով բացարձականացման: Բարոյականության, մարդու պատվի ու բարի համբավի, նույնիսկ հասարակական կարգի պաշտպանության ու պետական անվտանգության հարցերը երկրորդական էին թվում ժողովրդավարական այս գերագույն արժեքի՝ խոսքի ազատության համեմատ:

Այսպես գրեթե երկու տարի՝ մինչև համավարակն ու արտակարգ դրությունը: Թե ինչ եղավ հետո՝ արտակարգ դրության այդ կես տարվա ընթացքում, արդեն չենք անդրադառնա, որովհետև արդեն ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է: ՊԱՏԵՐԱԶՄ:

Երկրում ռազմական դրություն հայտարարվեց պատերազմը սկսվելուց ժամեր անց՝ սեպտեմբերի 27-ի երեկոյան: Հոկտեմբերի 9-ին՝ ընթացող պատերազմի 14-րդ օրը, Կառավարությունը խորհրդարան բերեց օրենսդրական կարգավորումների փաթեթ, որը վերաբերում էր ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումների և սահմանափակումների խախտման համար պատասխանատվությանը:

Ասել է թե՝ ՀՀ օրենսդրությունն այս առումով բացեր ուներ, որոնք պետք է լրացվեին: Պարզվել էր, որ բաց են կամ բացակայում են նաև ռազմական դրության պայմաններում հրապարակումների, տեղեկությունների տարածման սահմանափակումներ նախատեսող իրավակարգավորումները։ Այսինքն՝ սահմնափակումներ նախատեսված էին, բայց դրանց շրջանակներում մնալու հարցը թողնված էր մարդկանց բարձր ինքնագիտակցությանը։ Այդպիսի ինքնագիտակցություն չունեցող լրատվամիջոցներն ու անհատները կարող էին ազատորեն ինքնադրսևորվել՝ առանց պատասխանատվություն կրելու կաշկանդվածության։

Այն, ինչ գրեթե երկու շաբաթ կատարվում էր լինելիության համար պատերազմող երկրի մեդիա և սոցիալական տիրույթում, անհնար է բնութագրել՝ չխախտելով կոռեկտության սահմանները։ Մեղսունակության հետ խնդիրներ ունեցող մի զանգված կատաղի գրոհում էր տեղեկատվական հնարավոր բոլոր հարթություներում՝ փորձելով ստեղծել խուճապային տրամադրություններ։ Դա արվում էր միջոցների առջև խտրականություն չդնելով՝ ընդհուպ թշնամու քարոզչական նյութերը տարածելով։ Ամենանողկալի ձևերով՝ ստերով ու բամբասանքով, իշխանափոխության կոչերով։ Մենք քաղում էին ամենաթողության դառը պտուղները։

Իսկ ինչպե՞ս փորձ արվեց իրավակարգավորել այս վիճակը։ «Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը», «կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը», «սահմանված կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը» առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև․․․ չափով։ Առավելագույնը հազարհինգհարյուրապատիկն է, այն էլ՝ համառողների համար։

Իրավակարգավորման այսպիսի «գրպանային» փիլիսոփայության ճանապարհը մենք փորձարկել էինք արտակարգ դրության ժամանակ և ճաշակել դրա արդյունավետությունը։

Գրոշներ՝ երկրի անվտանգությանը սպառնացող «ազատ կարծիքի» իրավունքի համար, ռազմական դրության պայմաններում։ Մեր մեդիադաշտի բոլորին հայտնի վիճակի, նյութական ռեսուրսների բաշխվածության պայմաններում։ Երբ ագրեսիային տևականորեն նախապատրաստված թշնամին առաջին իսկ օրվանից արգելափակել կամ լրջորեն սահմանափակել էր սեփական երկրի մեդիատիրույթը։

Ավելի քան տասն օր է անցել ՀՀ օրենսդրության մեջ առկա բացը լրացնող իրավակարգավորումն ուժի մեջ մտնելուց։ Շա՞տ բան է փոխվել։ Ամեն ինչ կարգի՞ն է։ Եթե այո, ուրեմն թող ԱԱԾ-ն դադարի կոչեր հնչեցնել։

Եվ վերջապես, ո՞ւմ ենք ցանկանում ժողովրդավարության երբևէ չտեսնված նվաճումներ ցուցադրել։ Այն աշխարհի՞ն, որտեղ, Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի դիպուկ բնութագրմամբ, խնդիր է դարձել «ժողովրդավարական արժեքների կեղծ պաշտամունքը»։

Տիգրանուհի Մովսեսյան