Հարկային օրենսգիրքը փոփոխվեց՝ դեռ ուժի մեջ չմտած

դեկտեմբերի 21, 2017

Ազգային ժողովը դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում 62 «կողմ»-ով, առանց «դեմ»-ի  ու  «ձեռնպահ»-ի, ընդունեց Հարկային օրենսգրքում և մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այն ընդունվեց կոալիցիոն խմբակցությունների պատգամավորների  քվեարկությամբ, ոչ իշխանական ուժերը բոյկոտում էին արտահերթի աշխատանքը:

Բիզնեսի պայմանները լավացնող օրինագիծ

Նախատեսվում է, որ  2016թ. ընդունված Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից: Կառավարությունը, սակայն,  կարծում է, որ մինչև ուժի մեջ մտնելն այն լուրջ բարեփոխման կարիք ունի: Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ օրենսգրքի 109 հոդվածներում մոտ 240 փոփոխություն ու լրացում է առաջարկվում: Դրանցից 180-ը խմբագրական բնույթի է, 29-ը՝ տերմինաբանական, ավելի քան  30-ը՝ բովանդակային:

Փոփոխություններից մեկը  վերաբերում է եկամտային հարկի հաշվին  հիփոթեքային վարկերի տոկոսների փոխհատուցմանը: Կառավարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն  «առավելապես նպաստել է հանրության գնողունակ զանգվածի՝ լրացուցիչ անշարժ գույք ձեռք բերելու ֆինանսավորմանը, իսկ  ծրագրի սոցիալական բաղադրիչը լիարժեք չի գործել» 

Ծրագրի սոցիալական նշանակությունը վերականգնելու համար  կառավարությունը  3 սահմանափակում է առաջարկում։ Առաջինը վերաբերում է  անշարժ գույքի արժեքին:  Բազմաբնակարան շենքի կառուցապատողից, ինչպես նաև պետությունից ու համայնքից բնակարան ձեռք բերելու գործարքների առավելագույն շեմ է սահմանվում 55 մլն դրամը: Մյուս սահմանափակմամբ՝  բնակարան ձեռք բերելու գործարքներում եկամտային հարկի հետ ստացման առավելագույն շեմը  եռամսյակի համար դառնում է 1,5 մլն դրամ: Նաև սահմանվում է, որ   2018 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացին՝ որպես վարկառու կամ համավարկառու, ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Փոփոխություններից մյուսով  ներգնա տուրիզմը նորից ազատվում  է ԱԱՀ-ից: Արտոնությունն, ըստ գործադիրի,  տրվում է ոլորտի զարգացումը ռիսկի տակ չդնելու համար: Մեկ այլ փոփոխությամբ սահմանվում է, որ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը կարող է փաստաթղթավորվել և հարկային մարմիններին ներկայացվել նաև թղթային տարբերակով, եթե մեկ գործարքը չի գերազանցում 300 հազար դրամի, իսկ ամսվա ընթացքում՝ 3 մլն-ի սահմանը:

«Փոփոխությունները բնորոշում ենք որպես լավացնող, 99 տոկոսով այս դրույթներն ավելի լավ իրավիճակ են ստեղծելու հունվարի 1-ից օրենսգիրքը կիրառելու առումով»,- հայտարարեց ֆինանսների փոխնախարարը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հավելեց, որ 20 առաջարկ  ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունը, 4-ը՝ «Ելք»-ը: «Կարելի է ասել, որ այս փաստաթուղթը ԱԺ բոլոր խմբակցությունների, կառավարության և բիզնեսի ոլորտի համատեղ քննարկման արգասիքը դարձավ»,- հավելեց Խ.Հարությունյանը:

Կործանարար և ներդրումները չխրախուսող նախագիծ

Խորհրդարանի ոչ իշխանական հատվածը դժգոհեց, որ կառավարությունը փոփոխությունների ծավալուն նախագիծը արտահերթ նիստով է ներկայացնում ու լիարժեք ծանոթանալու հնարավորություն չի տալիս: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը  ընդգծեց՝  Հարկային օրենսգիրքը դեռ ուժի մեջ չի մտել, բայց  արմատապես փոփոխվում է: « Փաստաթուղթը արմատական փոփոխության է ենթարկվում՝ գործնականում առաջին արդյունքները դեռ չզգացած: Մեկ տարի առաջ, երբ օրենսգիրքը խորհրդարան բերվեց, ասացինք, որ լրջագույն խնդիրներ կան, եկեք ավելի երկար քննարկենք: Իսկ հիմա դեռ ուժի մեջ չի մտել, որ հասկանանք ազդեցությունը, փոփոխությունների փաթեթ եք բերում: Ես չեմ ընդունում այս գործելաոճը: Սա նշանակում է, որ կառավարության կանխատեսելիության ունակությունը չի բավարարում»,- հայտարարեց նա:

Դրական գնահատելով փոփոխություններից մի քանիսը, օրինակ, ներգնա տուրիզմին հարկային արտոնություններ տալը՝ Մելքումյանը նկատեց, որ կան դրույթներ, որոնք վատ հետևանքներ են ունենալու: Նրա խոսքով՝ դիզվառելիքը ԱԱՀ-ով հարկելն այդ ապրանքը թանկացնելու է, ինչը բացասաբար է ազդելու գյուղատնտեսության վրա: «Դա այն ոլորտն է, որի շահութաբերությունն առանց այդ էլ ցածր է: Մարդիկ արդեն դիզվառելիք են կուտակում՝ իմանալով, որ թանկանալու է: Մենք կանգնած ենք 4-րդ սերնդի արդյունաբերական հեղափոխության եզրին, եթե խաղի ճիշտ կանոններ չընդունենք, չենք կարողանա առաջ շարժվել»,- ասաց Մ.Մելքումյանը՝ հայտարարելով, որ «Ծառուկյան» դաշինքը փաթեթին դեմ է քվեարկելու;

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն էլ նկատեց, որ նման կարևոր փաստաթուղթը քննարկվում է կիսադատարկ դահլիճում: Անդրադառնալով փոփոխություններից մեկին՝շահաբաժնի հարկմանը, որով տեղական ներդրողի համար կիրառվելու է համեմատաբար ցածր դրույքաչափ, քան՝ օտարերկրյա ներդրողի, ասաց, որ փոփոխությունը  չի խրախուսի ներդրումները: «Ելք»-ը  նույնպես դեմ քվեարկեց փաթեթին: