Պատերազմը դադարեցվեց․ ինչ են սպասում Ազգային ժողովից

նոյեմբերի 12, 2020

Հայաստանում ցուցարարները երկրորդ անգամ ծեծի ենթարկեցին երկրի խորհրդարանի նախագահին

2020թ. նոյեմբերի 10-ին, 1996թ. սեպտեմբերի 25-ից 24 տարի անց Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ ցուցարարները Երևանում ծեծեցին Ազգային ժողովի նախագահին: Պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունն էր՝ ստորագրված Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հետ:

Կապիտուլիացիա

Արցախյան պատերազմի 44-րդ օրը ստորագրված հայտարարության համաձայն կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին են վերադարձվում Արցախի Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջանները, 5-ամյա ժամկետով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորամասը, Արցախը Հայաստանին կապելու համար Լաչինից 5 կմ լայնությամբ միջանցք է տրամադրվում: ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը: Դրա հսկողությունը կիրականացնեն ՌԴ սահմանապահ ծառայության մարմինները: Այս դեպքում տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանով` Մեղրիով: Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ խոսք փաստաթղթում չկա:

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ փաստաթուղթը նա ստորագրել է «ռազմական իրադրության խորը վերլուծությունից հետո՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»:

Հայտարարության բովանդակությունից դժգոհ բազմաթիվ մարդիկ նոյեմբերի 9-ի երեկոյան դուրս եկան Երևանի փողոցներ, ներխուժեցին կառավարության շենք՝ Նիկոլ Փաշինյանից բացատրություն ստանալու: Վարչապետը շենքում չէր: Կառավարության շենքում անկարգություններից հետո ցուցարարները շարժվեցին դեպի ԱԺ՝ բացատրություններ ստանալու խորհրդարանական մեծամասնությունից: Բաղրամյան պողոտայում տեսնելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեքենան՝ ցուցարարները նրան դուրս հանեցին ու դաժան ծեծի ենթարկեցին: Բազմաթիվ վնասվածքներով նա տեղափոխվեց հիվանդանոց: Կոտրվել էր ԱԺ նախագահի թևը, վնասվել դեմքը: ԱԺ շենքում, ինչպես Կառավարությունում, ցուցարարները մտել էին նիստերի դահլիճ, խառնաշփոթ ստեղծել աշխատասենյակներում, ջարդել կահույքը:

Հայաստանում առաջին անգամ ԱԺ նախագահի նկատմամաբ բռնություն կիրառվել է 1996թ. սեպտեմբերի 25-ին` սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը չէր ընդունում ընդդիմությունն ու նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանը:

ԱԺ արտահերթ նիստեր. չհաջողված փորձեր

Նոյեմբերի 10-ին, օրվա ընթացքում ցուցարարներ նորից ԱԺ նիստերի դահլիճում էին: Հայտարարեցին, թե 2 ժամ են տալիս պատգամավորներին՝ արտահերթ նիստ գումարելու համար: ԱԺ շենքում միայն ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորներն էին:

Լրագրողների հետ զրույցներում ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ պետք է չեղարկել ռազմական դրությունը և ստորագրված փաստաթուղթը քննարկելու նպատակով արտահերթ նիստ գումարել: ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն քննարկում էին արտահերթի համար ստորագրություններ հավաքելու հարցը՝ քաջ գիտակցելով, որ ընդդիմադիր պատգամավորների ստորագրությունը բավարար է նիստ նախաձեռնելու, բայց ոչ քվորում ապահովելու համար: Նրանք, ըստ Զոհրաբյանի, զանգում են իմքայլական պատգամավորներին, բայց զանգերը մնում են անպատասխան:

Նույն օրը, չշտապելով միանալ ԲՀԿ-ի ստորագրահավաքի նախաձեռնությանը, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպեց ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Ասաց՝ այդ հանդիպումից եկել է եզրակացության, որ առնվազն առաջիկա մեկ շաբաթում ռազմական դրությունը հանելը նպատակահարմար չէ:

Նոյեմբերի 11-ին արդեն ԱԺ արտահերթ նիստի և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան 17 կուսակցությունները՝ 16 արտախորհրդարանական +ԲՀԿ: Նրանք հանրահավաք հրավիրեցին Ազատության հրապարակում: Հայտարարեցին, որ իշխանությունը պատերազմի ժամանակ ցույց է տվել «իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու անընդունակությունը: Կուսակցությունները պահանջում էին վարչապետի և կառավարության «ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը՝ իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմին ստեղծելու նպատակով»:

«Լուսավոր Հայաստանը» հրապարակում չէր: Նրանք ևս պահանջում էին վարչապետի հրաժարականը, բայց Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե կայունությունը երկրում կարևոր է իրենց համար։ Նա իր ասելիքը հայտնում էր ֆեյսբուքում. «Դուք այլևս իշխանություն չունեք պարոնա´յք, և այդ հարցերին դուք պատասխանելու եք բոլորովին այլ ձևաչափում։Ակնհայտ է, որ այս ամոթալի էջը քննարկվելու և քննվելու է տարիներ: Մենք թույլ չենք տա, որ ցուցմունքի փոխարեն ժողովուրդը ստանա միայն մենախոսություններ», -ասում էր Մարուքյանը՝ նկատի ունենալով վարչապետի պարբերական ուղիղ եթերները։

Նոյեմբերի 10-ին ԼՀԿ-ն չէր միացել «Բարգավաճ Հայաստանի» ստորագրահավաքի նախաձեռնությանը: ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ պատճառն այն է, որ իրենց վարչապետի թեկնածու չի ներկայցվել. ««Ով էլ գա, ավելի լավ կլինի» սկզբունքը մեզ համար անընդունելի է: Մենք 2018 ենք տեսել ենք, նույն սխալը կրկնելու իրավունք չունենք»։

Այսուհանդերձ, նոյեմբերի 11-ին ԱԺ արտահերթ նիստի նախաձեռնողը «Լուսավոր Հայաստանն» էր։ ԲՀԿ-ն աջակցեց, արտահերթ նիստ գումարելու համար պահանջվող 33 ստորագրությունները հավաքվեցին, սակայն նիստի օրակարգը ԱԺ խորհրդի նիստում հնարավոր չեղավ հաստատել, քվորում չկար: «Իմ քայլից» խորհրդարան եկել էր միայն ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը

Չկայացած նիստի օրակարգում ստեղծված իրավիճակի, ելքերի, ստորագրված հայտարարության քննարկումն էր: «Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ ԱԺ «Իմ քայլի» 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով: Հետո չասեք, թե համաձայն չէիք ...», -հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, եթե ԱԺ արտահերթ նիստ չի հրավիրվում, ապա ինքը կարող է հայտարարել, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման ճգնաժամ է։

Ավելի ուշ հայտարարություն տարածեց «Իմ քայլը» խմբակցությունը: Արձանագրելով, որ ստեղծված պատմաքաղաքական իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ հնարավորությունն էր խուսափելու Արցախի ամբողջական կորստից և հազարավոր մարդկային զոհերից՝ խմբակցությունը հայտնում էր, որ չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։

Միաժամանակ, առաջարկում էին, որ ընդդիմադիր ուժերը հայտարարեն, որ կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը, ռուսական խաղաղապահների դուրսբերմանը, պատերազմի շարունակմանը, ինչպես նաև՝ պարտավոր են ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը: