Կեղծավորության ու դեմագոգիայի մղձավանջում

նոյեմբերի 18, 2020

Մեր վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Արդեն չեմ հիշում ՝ երբվանից։ Գուցե և նոյեմբերի 9-ից 10-ի գիշերվանից։Ավելի հակված եմ մտածել, որ այդ վիճակում էինք հայտնվել դրանից դեռ շատ առաջ։ Այդ գիշեր պարզապես տեղի ունեցավ արձանագրումը։

Արդեն մեկ շաբաթից ավելի այդ գիշերը շարունակվում է։ Արդեն մեկ շաբաթից ավելի մենք ապրում ենք այդ մղձավանջային գիշերվա մեջ, ու լույսը չի բացվում։

Բոլորը խոսում են, նույնիսկ բղավում, գոռում -գոչում։ Ոչինչ չի լսվում դեմագոգիայի ու կեղծավորության այս մղձավանջում։ Լռեք, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, գոնե մի փոքր, գոնե մի քանի ժամ լռեք, թողեք գիշերն ավարտվի, թողեք լուսանա։

Անհետաձգելի գործեր կան։ Զբաղվեք անհայտության ու գերության մեջ գտնվողներով։ Գոնե մի կյանք փրկեք, դա ավելին արժե, քան տարբեր կողմերից հնչող անիմաստ արդարացումներն ու մեղադրանքները։

Լրջացեք։ Կորցրածը հետ բերելու մասին դատարկախոսության փոխարեն մտածեք ավելին կորցնելու վտանգից խուսափելու մասին։ Բայց նախ լռեք։ Բոլորդլռեք։ Ձեզ հնարավորություն տվեք լռության մեջ առերեսվելու իրականության ու ինքներդ ձեզ հետ։ Մտածելու ժամանակ տվեք ինքներդ ձեզ ու փորձեք մտածել։ Հավատացեք, դա ոչ միայն արգելված չի, ոչ միայն հնարավոր է, այլև ծայրահեղորեն անյրաժեշտ։ Ու եթե կպարզեք, որ ԱՍԵԼԻՔ ունեք, ասեք ու մենք ձեզ կլսենք։

Առայժմ այն, ինչով բոլորդ զբաղված եք, նման է պայթած փուչիկներ փչելուն։ Իսկ դա ամենևին էլ անմեղ զբաղմունք չէ այն վիճակում, որում հայտնվել ենք բոլորս։

Տիգրանուհի Մովսեսյան