Արտահերթ հարցեր՝ ԱԺ հերթական նիստում

նոյեմբերի 18, 2020

Նոյեմբերի 17-ի ԱԺ հերթական նիստը եռակողմ հայտարարության ստորագրումից և պատերազմի դադարից հետո առաջին անգամ ԱԺ դահլիճ էր բերել ընդդիմության և իշխանության պատգամավորներին: Մինչ դա ընդդիմադիրները փորձել էին արտահերթ նիստ հրավիրել, բայց «Իմ քայլի» պատգամավորները նպատակահարմար չէին գտել դրա համար ԱԺ գալ, իսկ նոյեմբերի 16-ին ընդդիմությունը չէր մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը. նա եկել էր Ազգային ժողով՝ պատասխանելու ստորագրված հայտարարությանն ու պատերազմին վերաբերող հարցերին:

Նիստի օրակարգը հաստատվեց մեկնարկից միայն ժամեր անց: Մինչ դա՝ ընդդիմադիրներն իրենց հարցադրումներով ու ելույթներով քննարկման առարկա դարձրեցին պատերազմից հետո օրակարգային դարձած հարցերը:

Բացակայությունը՝ դիրքորոշում

Ինչո՞ւ «Իմ քայլի» պատգամավորները չեկան, չգրանցվեցին, որպեսզի ընդդիմությունը կարողանար արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հատարարության իրավաչափությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այս հարցին ԱԺ նախագահին փոխարինող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը բացատրեց, թե իրենց չգալով «Իմ քայլի» պատգամավորները իրենց դիրքորոշումն են արտահայտել ընդդիմության նախաձեռնության վերաբերյալ:

«Իմ քայլի» պատգամավորները նույն դիրքորոշումը ցուցաբերեցին ընդդիմության՝ նաև նոյեմբերի 17-ին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության նկատմամբ: Նրանք չմասնակցեցին և դրանով տապալեցին Ազգային ժողովի խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրվելիք արտահերթ նիստի օրակարգը, որում միայն մեկ հարց էր՝ ռազմական դրության չեղարկումը:

ԲՀԿ-ի կարծիքով՝ պատերազմից հետո ԱԺ-ի օրակարգում պետք է լիներ ընդամենը 3 հարց. Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնեց այդ հարցերը՝ ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, նոր բանակցություններ Ղարաբաղի խնդրի շուրջ:

Ծառուկյանի փեսաները՝ կառավարության շենքում

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը նոյեմբերի 17-ի նիստում ամենաշատ բարձրացված հարցն էր ընդդիմադիրների կողմից: Ի պատասխան՝ «Իմ քայլի» պատգամավորները հիշեցնում էին նոյեմբերի 10-ի գիշերը եռակողմ հայտարարության ստորագրումից դժգոհ զանգվածի հարձակումները կառավարության և Ազգային ժողովի շենքերի վրա: Արփի Դավոյանը հիշեցրեց, որ այդ գիշեր Ազգային ժողովում աշխատասենյակներ են տակնուվրա արվել, դռների բռնակներ են պոկվել, ու վարչապետի հրաժարականը պահանջելուց առաջ նախ պետք էր դատապարտել այդ բռնարարքները:

Նոյեմբերի 10-ի դեպքերի մասին հիշեցումը հատկապես վրդովեցրեց ԲՀԿ-ական պատգամավորներին, երբ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց, որ կառավարության շենք ներխուժողների մեջ են եղել նաև Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները՝ նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանն ու ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանը: ԱԺ փոխխոսնակն ասաց, թե «այս պայմաններում, երբ ջարդուխուրդ են անում կառավարության շենքը, չի կարելի պահանջել հրաժարական»: ԲՀԿ-ից արձագանքեցին՝ ոչ միայն Դավիթ Մանուկյանը, այլև ԲՀԿ-ի բազմաթիվ պատգամավորներ նոյեմբերի 10-ի գիշերը եղել են կառավարության շենքում բռնություններ թույլ չտալու նպատակով, մինչդեռ «այնտեղ պետք է լինեին հենց իշխանության ներկայացուցիչները, որպես կատարվածի պատասխանատուներ»:

Ինչպես փրկել բանակը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն հորդորեց ռազմական գործողությունները Ազգային ժողովի տարածք չբերել, հանդարտվել, ներդաշնակվել ու քննարկել ոչ թե վարչապետի հրաժարականի հարցը, այլ ներքին ներդաշնակության հասնելու ճանապարհային քարտեզը: Նրա խոսքով՝ այսօր առաջնահերթորեն պետք է քննարկել բանակի հարցը, մասնավորապես՝ ինչպես փրկել զինված ուժերի փշրանքները: Ավելի ուշ, հայտարարությունների ժամին Անդրանիկ Քոչարյանը հստակեցրեց, որ բանակը փրկելու համար հրաժարական պետք է տան բացթողումներ թույլ տված բարձրաստիճան զինվորականները և հատկապես Պաշտպանության նախարարը, որի «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզից շատ լավ օգտվեց միայն թշնամին: «Իմ քայլի» պատգամավորը թվարկեց այդ բացթողումները՝ անհարկի գնումներ, տարրական չգնումներ, ստորաբաժանումների կազմալուծում, զորահավաքի տապալում և այլն: Թերացումները, ասաց, չեն վերաբերում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, քանի որ դրանք գալիս են դեռ 2016 թվականից, երբ ԳՇ պետ էր Արտակ Դավթյանը:

Անդրանիկ Քոչարյանը, որը ղեկավարում էր ԱԺ-ում ստեղծված ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը, ասաց, որ շուտով կհրապարակվի հանձնաժողովի եզրակացությունը, որի «որոշ եզրահանգումներ արդիական են նաև այսօր»:

Մեզ բյուջե պե՞տք է

Նոյեմբերի 17-ին հրավիրված ԱԺ նիստի օրակարգում 2 հարց էր՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի ժամկետի երկարաձգում և 2021 թվականի բյուջեի նախագիծը: «Իմ քայլի» պատգամավորները բացատրում էին, որ օրակարգային այս հարցերը պակաս կարևոր չեն, քան վարչապետի հրաժարականի պահանջը: Մասնավորապես, համաձայնագրի երկարաձգման հարցը չքննարկելու դեպքում, Հայաստանը ստիպված կլինի 15 միլիոն եվրոյի տուգանք վճարել:

2021թ. բյուջեի նախագիծը ԱԺ ամբիոնից ներկայացրեց Ֆինանանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա վստահեցրեց, որ չնայած իրեն ուղղված հրաժարական ներկայացնելու հորդորին, ինքը հավատարիմ է մնալու իր երդմանը և բարեխղճորեն իրականացնելու է պատրականությունները, որքան էլ մթնոլորտը լարված լինի: Նրան հրաժարական ներկայացնեու հորդորով դիմել էր ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ բյուջեի նախագիծը մշակվել է մինչեւ ռազմական գործողությունների մեկնարկը:

Ընթացիկ տարում տնտեսական անկումը մեր երկրում կազմել է 5,7 տոկոս, ակնկալվում է, որ գալիք տարում տնտեսական աճը կկազմի 3,2 տոկոս:

2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը խորհրդարանում ընդմիջվել է առնվազն 4 օրով, պատգամավորները եւ խմբակցությունները կարող են իրենց առաջարկները ներկայացնել քսանչորս ժամվա ընթացքում:

Նախագծի քննարկմանը ընդդիմությունը չէր մասնակցում. ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը: