Մանդատս դնելուց, ինձնից բացի, ոչ ոք օգուտ չի ստանա․ Լուսինե Բադալյան

նոյեմբերի 20, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ

- Մի քանի օր առաջ գրել էիք, որ եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, վայր կդնեք Ձեր մանդատը։ Խմբակցությունը կամ իշխանությունն ընդհանրապես քայլեր ձեռնարկո՞ւմ է այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար, Դուք դեռ մտածո՞ւմ եք մանդատը վայր դնելու մասին։

- Քայլեր ձեռնարկվում են։ Կբավարարե՞ն դրանք, թե ոչ, ինձ համար դեռ վաղ է ասել։ Մի փոքր ժամանակ է պետք հասկանալու՝ այդ գործուն քայլերն արվո՞ւմ են կամ այնպե՞ս են արվում, որ դրանք ծառայեն իրենց նպատակին։

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

- Ակնկալիքները շատ են, բայց դրանք եղել են նախապատերազմյան շրջանում, կան նաև հիմա։ Այդ պահին երբ ես էմոցիոնալ վիճակում գրեթե վերջնական որոշում կայացնելու եզրին էի, ինձ հետ պահեց միտքը, որ մանդատը վայր դնելուց ինձանից բացի որևէ մեկը օգուտ չի ստանա։ Այս պահին, եթե կարողանանք չլուծված խնդիրներին լուծում տալ, որոշակի սխալներ շտկել, դրանից հետո մանդատը կարող ենք միշտ էլ վայր դնել։

- Իսկ ի՞նչ հարցեր պետք լուծվեն, և ո՞ր սխալները պետք է շտկվեն։

- Այդ մասին կուզենայի մի փոքր ուշ խոսել։ Կարող եմ ընդամենը ասել, որ գոնե առողջապահական, կրթական, սոցիալական համակարգերում իմ պատկերացրած սխալները շտկելու ուղղությամբ պայքարելու համար ինձ մի փոքր ժամանակ է պետք։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին հրապարակել էր առաջիկայում անելիքը, 6 ամիս անց էլ պետք է արածի հաշվետվություն ներկայացնի։ 6 ամիս հետո նա հրաժարակա՞ն է տալու, ձեր իշխանությունը հեռանալո՞ւ է. նման ենթադրություններ կան։

- Պնդել չենք կարող, բայց ամեն ինչ կարող ենք ենթադրել, որովհետև ոչ միայն երկրում, այլև տարածաշրջանում ամեն վայրկյան բան է փոխվում։ Ես շատ կուզեի հավատալ, որ պատերազմն ավարտվել է, բայց մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ այդպես չէ, և վերջնական արդյունքները չկան։ Սա այն պահն է, որ մենք պետք է սթափվենք ու մեր անձնական խնդիրները, անհանգստություններն ու հուսահատությունները դնենք մի կողմ ու շատ արագ աշխատենք։ Գործելու և ոչ թե բողոքելու ժամանակն է։

- Ձեզ հասկանալի՞ է, թե ինչու ընկավ Շուշին, երբ այդ քաղաքը գրեթե անառիկ էր, և տրամադրություններն էլ, մինչև անկումը, հաղթական։

- Ասել, որ ամեն ինչ պարզ է, կեղծած կլինեմ։ Գուցե ինչ-որ բաներ պարզեմ, որոշ հարցերի պատասխաններ ստացել եմ, բայց դեռ շատ հարցերի պետք է պատասխաններ տրվեն։ Սկսած՝ Շուշիի անկումից։ Օրինակ, Շուշիի վերաբնակեցման մասին վարչապետի դիրքորոշումը, որը էմոցիոնալ տեսանկյունից ճիշտ է եղել՝ պայքարենք և չհանձնենք։ Բայց եթե էմոցիաները դնում ենք մի կողմ, հարցեր են առաջանում՝ եղե՞լ է այլընտրանք այդ խնդիրը այլ կերպ լուծելու, հնարավո՞ր էր վերաբնակեցնել Շուշին: Վարչապետը շատ հարցերի պատասխանները տվել է, դրանք բավարար են, որ ես իմ ներսում հասկանամ, որ դավաճանության վարկածը պիտի հանենք։ Բայց եթե դավաճանություն չէր, դա չի նշանակում, որ ամեն ինչ ճիշտ էր։ Ես չեմ հավատում, որ մեր երկրում մարդիկ կան, որոնք կցանկանային, որ մենք պարտվեինք։ Անգամ նրանք, որոնց ես վատ եմ վերաբերվում։ Հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար պետք է ունենալ ամբողջ վերլուծությունը։ Եվ բոլոր հարցերի պատասխաններն ունենալու, պատասխանատվության հասնելու համար, կարծում եմ, մենք դեռ պետք է որոշ ժամանակ մնանք այստեղ։

- Հրապարակում 16 ուժեր պայքարում են ձեր հրաժարականի համար, պատրա՞ստ եք ձեր տեղը նրանց զիջել։

- Տեղը զիջելու խնդիր չկա, հավատացեք, իմ տեղը սիրով կզիջեմ բոլոր նրանց, ովքեր կարողանալու են Հայաստանը դարձնել իմ երազանքների երկիրը։ Միևնույն է՝ ով կլինի։ Ես պետք է վստահ լինեմ, թե ում եմ զիջում իմ տեղն ու իմ երեխաների ապագան ում եմ հանձնում։

- Հրապարակում պայքարող ուժերի նկատմամբ չունե՞ք այդ վստահությունը։

- Ոչ, որովհետև պետք է տեսնել նրանց ծրագրերը։ «Նիկոլ, դավաճան» կարգախոսով իշխանության գալը դա չի ենթադրում։ Գուցե հասարակության ինչ-որ շերտի համար բավարար է, բայց մարդկանց հուզականության վրա խաղալով՝ իշխանության գալը լուրջ խնդիրներ կառաջացնի։

- Նիկոլ Փաշինյանը նորից բարեփոխումների մասին է խոսում։ Անցած երկու տարում, երբ ուներ 80 տոկոսանոց վարկանիշ, նա այդ բարեփոխումները չկարողացավ կյանքի կոչել, հիմա ինչպե՞ ս է անելու:

- Ես չունեմ այդ հարցի պատասխանը, բայց հույսս չեմ կտրում, որ կարող ենք հասնել այն մակարդակի, որ ամեն ինչ լուծվի օրինական ճանապարհով։ Լինի դա վարչապետի հեռանալը, խորհրդարանը ցրելը, ապօրինի գույքի վերադարձը։ Որքան ուժ ունենք, պիտի պայքարենք, որ բոլոր խնդիրները լուծվեն օրինական ճանապարհով։

- Հրադադարի հայտարարությունից հետո վարչապետը հայտարարեց, թե բոլորս պետք է կապ պաշտպանենք զոհվածների ու վիրավորների ընտանիքների հետ։ Այցելե՞լ եք այդպիսի ընտանիքների։

- Փորձեմ առավելագույնս անկեղծ լինել՝ ինձ համար շատ դժվար է հանդիպել զոհվածների ընտանիքներին, հավանաբար, ժամանակ է պետք այդ խնդիրը հաղթահարելու համար։ Ինչպես պատերազմի ժամանակ էր շատ դժվար շփվել ծնողների հետ, ում երեխաներն այդ պահին կռվի ամենաթեժ կետերում էին։ Այս պահին էլ դժվար է նայել նրանց աչքերին, որոնց երեխաները, ցավոք, զոհվել են։

- Վախենում եք, որ կարող է Ձեզ չընդունե՞ն, դո՞ւրս հրավիրեն:

- Ես ոչ թե վախենում եմ, որ ինձ դուրս կհրավիրեն, այլ խնդիր ունեմ իմ ներսում: Պետք է ի վիճակի լինեմ հանդիպել նրանց հետ։ Գուցե այստեղ դեր ունի նաև մայր լինելու, որդի ունենալու հանգամանքը։ Այս իրավիճակում շատ դժվար է պահել հավասարակշռությունը և մտածել, որ ես կարող եմ գնալ ու շփվել այդ մարդկանց հետ։ Եթե ես իմանամ, որ զինվորի մայրը իմ այցելությունից իրեն գոնե մի փոքր լավ է զգալու, կգնամ: Հոգնել եմ ինչ-որ բան ցույց տալուց, ուզում եմ ինչ-որ բան անել արդյունքի հասնելու համար։