Նոյեմբերի 26-ին ԼՀԿ-ն սպասում է «Իմ քայլին»

նոյեմբերի 24, 2020

Հարցազրույց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ

-«Լուսավոր Հայաստանը» նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել՝ պահանջելով Հայաստանում ռազմական դրության վերացում։ Ակնկալում եք, որ նիստը կկայանա՞:

-Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ Հայաստանում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը։ Մեր սպասում ենք, որ «Իմ քայլի» պատգամավորները կներկայանան արտահերթ նիստին, քվորումը կապահովեն, և կքննարկենք ռազմական դրության չեղարկման հարցը։ Ի վերջո, դա նրանց պատգամավորական պարտականությունն է։

-Բայց իմքայլականները արդեն ԱԺ խորհրդի երկու նիստ տապալել են, նախորդ արտահերթերը չեն կայացել. ձեր սպասումներն անհիմն չե՞ն:

-Այս խորհրդարանի մեծամասնությունը ինքնուրույն կամք չունի, կախված է մեկ մարդու որոշումներից, իսկ այդ մեկ մարդը, գիտենք՝ վարչապետն է: Նա կարող է որոշել, որ այո, պետք է բոյկոտել, կարող է որոշել, որ պետք է կողմ քվեարկել, կամ կարող է որոշել դեմ քվեարկել։

-«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է նաև ճանապարհային քարտեզ, որի առաջին կետը վերաբերում էր գործող վարչապետի հրաժարականին և նոր վարչապետ նշանակելուն։ Գործնականում ինչպե՞ս եք այդ գործընթացը պատկերացնում։

-Օրենքով կա երկու գործընթաց՝ մեկը, երբ խորհրդարանն է անվստահություն (իմպիչմենտ) հայտնում վարչապետին, մյուսը, երբ վարչապետն է հրաժարական տալիս։ Վարչապետի հրաժարականի դեպքում կա վարչապետ ընտրելու ժամանակահատված, բայց դա օրեր է տևում և, ըստ էության, կարող է երկիրը մնալ առանց ղեկավարի։ Այդ պատճառով մենք նախընտրելի ենք համարում իմպիչմենտի տարբերակը, որը պետք է ներկայացնի պատգամավորների մեկ երրորդը, բայց դրա պայմանն այն է, որ անվստահություն հայտնելու հետ միասին պետք է նաև ներկայացնել թեկնածու, որպեսզի խորհրդարանը միանգամից նրան ընտրի, իսկ վարչապետը հրաժարական է տալիս։ Այսինքն, չի լինում վայրկյան, որ երկիրը մնա առանց ղեկավարի։ Անվստահություն հայտնելու համար խորհրդարանում պետք է լինի համաձայնություն, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից, որպեսզի մենք կարողանանք այդ գործընթացը սկսել։ Այսինքն, մենք պատկերացնում ենք, որ խորհրդարանը վերջապես կգիտակցի, որ երկրում կան պրոցեսներ, և դրանք ճիշտ հունով տանելու համար անհրաժեշտ է, որ իրենք միանան այդ անվստահության գործընթացին։

-Վարչապետին անվստահություն հայտնելուն ռազմական դրությունը խանգարո՞ւմ է։

-Այո, ռազմական դրությունը վերացնելու մի քանի պատճառներ կան։ Առաջինը՝ կարողանանք սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, որովհետև ռազմական դրության ժամանակ այդ գործընթացը արգելվում է օրենքով։ Երկրորդ՝ մարդիկ ցույցեր են անում, դժգոհում, իսկ ռազմական դրությունը, կանոնները խախտելու դեպքում, թույլ է տալիս քրեական գործեր հարուցել և լռեցնել մարդկանց։

-Բայց խորհրդարանական մեծամասնությունը գործընթացին աջակցելու նպատակ չունի. ի՞նչը կարող է փոխել այս վիճակը։

-Եթե նրանք չեն ընտրում խնդրի լուծման քաղաքական խաղաղ գործընթացը խորհրդարանում, ապա մնում է մեկ ճանապարհ՝ խորացնել վարչապետի հրաժարականի հետ կապված իրավիճակը երկրում, խրախուսել ցույցերը, ակցիաները, որոնք կարող են ինչ-որ պահի դառնալ վտանգավոր երկրի համար, որովհետև գիտենք, որ կան զինված մարդիկ, որոնք կարող են այդ խաղաղ ակցիաները տապալել։ Մեր գործընկերները չեն հասկանում, որ իրենք այլևս իշխանություն չունեն և պետք է սթափվեն։ Սա շատ նման է 2018 թվականին, երբ փողոցում տեղի էին ունենում գործընթացներ, իսկ ՀՀԿ-ն դեռ չէր հասկացել, որ ինքն այլևս իշխանություն չունի։ Փառք Աստծո, 2018-ին խաղաղ հավաքների ժամանակ զինված մարդիկ չկային, բայց այսօր խաղաղ հավաքներում զինված մարդիկ կան։

-Հնարավո՞ր է՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ինչ-որ փուլում միանա Ազատության հրապարակում ցույցեր կազմակերպող կուսակցություններին, կանգնի հրապարակի հարթակում։

-Մենք հարթակում հայտնվելու մասին քննարկումներ չունենք։ Մենք ամեն կերպ փորձում ենք բոլոր տարբերակները օգտագործել, որպեսզի այդ հարցը լուծվի քաղաքական, խաղաղ սահմանդրական ճանապարհով։

-Վարչապետը, ճանապարհային քարտեզը հրապարակելիս, նշել էր, որ համերաշխության մթնոլորտի հաստատման շրջանակում կոնսուլտացիաներ է սկսելու քաղաքական ուժերի, անհատների հետ։ Ձեր ուժի հետ քննարկումներ եղե՞լ են։

-Մեկ անգամ «Լուսավոր Հայաստանը» առաջարկ է ստացել մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Դա այն օրն էր, երբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում հարցուպատասխան էր իմքայլական պատգամավորների և վարչապետի միջև: Մենք հրաժարվել ենք՝ հայտարարելով, որ ունենք մեկ օրակարգ, և դա վարչապետի հրաժարականի օրակարգն է։ Քաղաքացիական բախումներ հրահրող, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրող, երկուսուկես տարի Հայաստանը ծնկի բերած վարչապետը չի կարող դառնալ համերաշխության դերակատար ու այլևս անելիք չունի։ Իսկ այն ծրագիրը, որը հրապարակել է, ակնհայտ է, որ բարի ցանկություններ են, և այս վարչապետը առհասարակ չի կարող այն իրականացնել։ Բարոյապես լքված վարչապետը չի կարող իրականացնել Հայաստանի ապագային միտված որևէ ծրագիր։

-Եվս մեկ հարց ձեր կուսակցության ճանապարհային քարտեզի վերաբերյալ. դուք առաջարկում եք բարձրացնել հայ-ռուսական հարաբերությունների որակը։ Ինչպիսի՞ն են հիմա դրանք, եթե հաշվի առնենք, որ ՌԴ նախագահը մի քանի անգամ, կարծես, պաշտպանել է ՀՀ գործող իշխանությանը և նույնիսկ մեղադրել ընդդիմությանը։

-Կարող ենք հստակ ասել, որ պատերազմի պատճառներից մեկը եղել է հայ-ռուսական հարաբերությունների ցածր որակը, որովհետև ինքներս ենք նկատել, որ այս իշխանությունը թե՛ անհատի, թե՛ պետական մարմինների մակարդակով անընդմեջ ոչ հարգալից վերաբերմունք է ցուցաբերել ռազմական գործընկերոջ նկատմամբ։ Դատելով նրանից, որ պետական պաշտոններ են զբաղեցրել մարդիկ, որոնք անձնական վիրավորանք են հասցրել նույնիսկ ՌԴ նախագահին, այս ամենը հանգեցրել է նրան, որ խորը անվստահություն է առաջացել հայ-ռուսական հարաբերություններում։ Հարաբերություններում անվստահության մասին ակնարկներն արվում են ռուսական պետական լրատվամիջոցների և անհատների մակարդակով։ Ակնհայտ է վերաբերմունքը՝ մենք չենք կարող ձեզ հետ որևէ կառուցողական հարաբերություն և երկխոսություն ունենալ։ Այս իշխանությունը ամեն ինչ արել է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, և պատերազմը հետևանքներից մեկն էր նման որակի հարաբերությունների։

-Այսինքն, եթե հարաբերությունները լավ լինեին, պատերազմ չէ՞ր լինի։

-Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում եղել է այս տարածաշրջանի ամենամեծ զսպող գործոնը։