Ընդդիմության հերթական արտահերթը՝ ռազմական դրությունը վերացնելու համար

նոյեմբերի 25, 2020

Ընդդիմության հերթական արտահերթը՝ ռազմական դրությունը վերացնելու համար

Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ՝ քննարկելու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը՝ ներկայացված «Լուսավոր Հայաստանի» կողմից: Սա նախագիծ է, որը չքննարկելու համար մեծամասնությունը 2 անգամ հրաժարվեց խորհրդի նիստ գումարել, և չի բացառվում, որ նոյեմբերի 26-ին էլ հրաժարվի արտահերթ նիստ հրավիրելուց:

ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Ընդդիմությունը, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը համարում է խիստ անհրաժեշտ, փորձում է հասնել դրան՝ նախ չեղյալ համարելով սեպտեմբերի 27-ից երկրում հայտարարված ռազմական դրությունը: Խորհրդարանական ընդդիմության նպատակը հստակ է, բայց դժվար է այն իրականացնելու ճանապարհը. հարցը քննարկելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս:

Օրենքը թույլ տալիս է, «Իմ քայլը»՝ ոչ

Նոյեմբերի 10-ից սկսած՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն մեկ անգամ չէ, որ հայտարարել են արտահերթ նիստ հրավիրելու մտադրության մասին: Առաջինը հենց նոյեմբերի 10-ին էր, հայտարարությունն ստորագրելու հաջորդ օրը, երբ ցուցարարների մի մեծ բանակ ներխուժեց Ազգային ժողովի շենք և պահանջեց անհապաղ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։ Արձագանքելով ցուցարարների պահանջին՝ ԲՀԿ-ն արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնեց։ Նրանք օրակարգային էին համարում ռազմական դրության չեղարկումը և ստորագրված փաստաթղթի քննարկումը:

«Եթե հիմա հարցնեք` ելքը ո՞րն է, ես անկեղծորեն պիտի պատասխանեմ, որ այս պահին չգիտեմ, ես չեմ կարող ասել», - այդ օրը հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստանը» չշտապեց անմիջապես միանալ ԲՀԿ-ին և միայն ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից հետո, նոյեմբերի 10-ի երեկոյան հայտարարեց, որ այս պահին ռազմական դրությունը չեղարկելը նպատակահարմար չեն համարում։

«Գլխավոր շտաբի պետի ամբողջ պահանջը, խնդրանքն այն էր, որ առնվազն 7 օր հնարավորություն տանք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին: …Մենք քննարկել և որոշում ենք ընդունել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը երկրում վերացնելու վերաբերյալ Ազգային ժողովի առանձին նախաձեռնություն կլինի 7 օր հետո», -ԲՀԿ-ի ստորագրահավաքին չմիանալը այսպես էր պատճառաբանել «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։ ԲՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու այս նախաձեռնությունը գլուխ չեկավ. անհրաժեշտ թվով ստորագրություն չհավաքվեց:

Նոյեմբերի 11-ին Էդմոն Մարուքյանն ինքը հանդես եկավ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով, սակայն այլ օրակարգով՝ ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրված հայտարարության իրավաչափությունը: «Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ ԱԺ «Իմ քայլի» 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով», - հայտարարել էր Մարուքյանը:

Այս անգամ անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվեցին, բայց հաջորդ քայլն անել ընդդիմությանը չհաջողվեց: իսկ հաջորդ քայլը կախված էր ԱԺ խորհրդից, որը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն հաստատում է նիստերի օրակարգը: Խորհրդում մեծամասնություն կազմող իմքայլականները նիստին չմասնակցեցին, և նիստը չկայացավ: Նրանցից այդ օրը Ազգային ժողով էր եկել միայն ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը։

Արտահերթի երրորդ փորձը նոյեմբերի 17-ին էր, երբ արդեն լրացել էր Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նշած 7 օրյա ժամկետը: Այդ օրը «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» հանդես եկան ռազմական դրությունը չեղարկելու պահանջով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեցին, սակայն ԱԺ խորհրդի նիստը դարձյալ չկայացավ՝ քվորումի բացակայության հիմքով։ Չէին ներկայացել խորհրդի անդամ «Իմ քայլի» պատգամավորները։

Խորհրդի նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նիստից հետո հայտարարեց, որ «Իմ քայլի» պատգամավորների չներկայանալը ոչ թե անգործության դրսևորում է, այլ քաղաքական դիրքորոշում։

Ընդդիմությունը արտահերթ նիստ հրավիրելու 4-րդ փորձը կանի նոյեմբերի 26-ին: Այս անգամ նրանք ԱԺ խորհրդի քվորումի կարիքը չեն ունենա, քանի որ ռազմական դրությունը վերացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելու համար դեռևս նոյեմբերի 17-ին ԼՀԿ-ն դիմել է ԱԺ նախագահին և չի պահանջել, որ նիստը անցկացվի մինչև 5 օրվա ընթացքում. հենց այս դեպքում է, որ խորհրդում արտահերթ նիստի օրակարգի հաստատումը պարտադիր է դառնում:

Այսուհանդերձ, Էդմոն Մարուքյանը լավատես չէ, թե խորհրդարանական մեծամասնության պատգամավորները նոյեբերի 26-ին կգան ԱԺ դահլիճ և քվորում կապահովեն, բայց ասում է՝ «բոլոր մեխանիզմները փորձելու ենք»։

Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ռազմական դրությունը չեղարկելու մասին «Լուսավոր Հայաստանի» հեղինակած նախագիծն է, տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին։ «Իմ քայլը», դատելով նախորդ դեպքերից, նիստին չի մասնակցի. ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը արդեն հայտարարել է, որ իշխանության օրակարգում դեռևս չկա ռազմական դրությունը չեղարկելու հարց։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ, որոնք ըստ մամուլի ունեն այլ կարծիք, մասնակցեն նիստին, բայց չքվեարկեն կամ դեմ քվեարկեն։