ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի նախագիծը․ ռազմական դրությունը կմնա

նոյեմբերի 26, 2020

Նոյեմբերի 26-ին խորհրդարանական ընդդիմության երկշաբաթյա ջանքերը, ի վերջո, պսակվեցին հաջողությամբ: Հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ՝արտակարգ միջավայրում: Նիստը դեռևս չսկսված՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրել էր. «Բաղրամյան փողոցում կուտակված ոստիկանների քանակից հասկացա, որ Իմ քայլը կգա նիստին»:

Արտակարգ էր մթնոլորտը նաև խորհրդարանի դահլիճում: Շուրջ 7 ժամ տևած նիստի ընթացքում եղավ քաշքշոց, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, խոսվեց սեպտեմբերի 27-ից քննարկվող բոլոր հարցերից: Այս ամբողջ ընթացքում պատգամավորները պարբերաբար տեղեկություններ էին հայտնում, որ ադրբեջանցիները Արցախում մտել են Բերձոր ու Աղավնո գյուղ, ներխուժել են Հայաստանի տարածք՝ Սթոքի հանքավայր:     

Նիստը սկսելու համար գրանցվել էր 99 պատգամավոր: Նրանցից 69-ը՝ կողմ, 12-ն էլ դեմ էին օրակարգի միակ հարցի քննարկումը առանց ժամանակային սահմանափակման անցկացնելուն: Դեմ քվեարկածների թվում էին Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արփի Դավոյանը, Մխիթար Հայրապետյանը, Սիփան Փաշինյանը:

Օրակարգային հարցը՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, հեղինակել էր Լուսավոր Հայաստան խմբակցությունը: Հիմնական զեկուցող, ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, թե հանգամանքները, որոնք սեպտեմբերի 27-ին հիմք են եղել երկրում ռազմական դրություն սահմանելու համար, այլևս գոյություն չունեն. նոյեմբերի 9-ին ռազմական գործողություններն ավարտվել է, ինչը նշանակում է, որ կարելի է ռազմական դրությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնել: Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 27-ի որոշման մեջ ռազմական դրություն սահմանելու համար որպես հիմք նշվում էին Ադրբեջանի կողմից զինված հարձակումը Հայաստանի վրա, Հայաստան ներխուժելու, ՀՀ-ի սահմանների անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգը:

Ռազմական դրությունը վերացնելու մասին ԼՀԿ-ի որոշման նախագիծը նախօրեին քննարկվել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում: Հանձնաժողովը ԼՀԿ-ի նախագծին դրական եզրակացություն չէր տվել:

Նիստին մասնակցող ՊՆ ներկայացուցիչ Ալբերտ Բաղդասարյանն ասել էր, որ պաշտպանական գերատեսչությունը դեմ է այս պահին ռազմական դրությունը վերացնելուն: Նրա խոսքով՝ ավելի քանի 500 կմ-ով ավելացել է սահմանագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և օրակարգային է այդ սահմանների պահպանության հարցը: ՊՆ-ն մշակել է քայլեր, օրինակ՝ եռամսյա հավաքները, որոնք կառավարությունում ընդունվելուց հետո իրականացվելով՝ թույլ կտան ապահովել սահմանների պահպանությունը: Նախարարությունը նպատակահարմար էր գտնում ռազմական դրության վերացումը այս գործընթացին զուգահեռ, փուլային տարբերակով:

Նույն դիրքորոշումը հայտնեց նաև ԱԺ արտահերթ նիստին որպես հրավիրյալ մասնակցող ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը: Նա հորդորեց սպասել կառավարության համապատասխան ակտերին, որոնք թույլ կտան ռազմական դրությունը վերացնելով հանդերձ՝ ապահովել զորահավաքը և զինուժի ներկայությունը սահմանին:

Կառավարության հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ ռազմական դրության պահպանումը կարևորեց հումանիտար նկատառումներով: Ասաց՝ դա թույլ է հազարավոր վիրավոր զինվորների համար դեղորայքն ու բուժապրանքները ներկրել՝ առանց մաքսային վճարումների, հարկերի և տուրքերի:

ԼՀԿ-ի նախագիծը, որը պաշտպանում էր նաև ԲՀԿ-ն, մեծամասնությունը մերժեց: Դեմ էր քվեարկել 56, կողմ՝ 36 պատգամավոր:

Ռազմական դրություն՝ հանուն իշխանության

Ընդդիմադիր պատգամավորները համոզված էին՝ խորհրդարանական մեծամասնությունը կողմ է ռազմական դրության պահպանմանը, որովհետև այն սահմանափակում է խոսքի և հավաքներ անցկացնելու ազատությունը: ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ «բոլորս էլ հասկանում ենք, որ ռազմական դրության երկարաձգումը իշխանության կյանքը երկարաձգելու հնարք ա, և մենք պայքարում ենք այդ հնարքը շարքից հանելու ուղղությամբ»:

Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ միացված է Նիկոլ Փաշինյանի ճանապարհի հետհաշվարկը: Նա ասաց. «Ռազմական դրությունը պիտի հանվի, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ոչ թե փողոցում, այլ խորհրդարանում լեգիտիմ, իրավական ճանապարհով սկսենք պարտված ղեկավարի հեռանալու իրավական գործընթացը»:

Մեկ այլ ԲՀԿ-ական՝ Շաքե Իսայանը, դիմեց «Իմ քայլի» պատգամավորներին՝ ասելով. «Դուք տեսե՞լ եք Բաղրամյանի վրա կուտակված ոստիկանական ուժերի քանակը: Դուք այս դահլիճում նստում եք միայն այն ժամանակ, երբ այս քանակի ոստիկանական ուժերն են ձեր անվտանգությունը ապահովում: Դուք ստիպված եք լինելու ընտրություն կատարել վախի և պատվի միջև: Ամոթալի հայտարարության ստորագրումից հետո ռազմական դրության պահպանումն ապօրինի է»:

Էդմոն Մարուքյանը՝ Անվտանգության խորհրդի նիստի մասին

Վարչապետ և գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի պատերազմական պլաններում եղել է նաև Արցախը պարտիզանական կռիվներով պահելու պլան: Այս մասին ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատմելով հոկտեմբերի 11-ին վարչապետի մասնակցությամբ անցկացված Անվտանգության խորհրդի նիստից. «Անվտանգության խորհրդի նիստը երբ եղավ, ես եւ Արման Աբովյանն ասացինք՝ պարոն վարչապետ, ձեր պլանը ո՞րն է: Ասաց՝ «դե, էնքա՜ն պլաններ կան, այդ թվում՝ պարտիզանական կռիվ: Պարտիզանական, պատկերացնո՞ւմ եք…21-րդ դարում գերագույն գլխավոր հրամանատարը նման բան է ասումու դուք ուզում եք մեզ համոզել, թե մենք ասել ենք՝ վարչապետն ամեն ինչ ճիշտ է անո՞ւմ»,-հարցն «Իմ քայլին» ուղղեց Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ կա տպավորություն, որ պատերազմը պրովոկացվել է իշխանության կողմից՝ բանակցային գործընթացի տապալմամբ»: Մարուքյանը համոզված էր, որ պատերազմում պարտված վարչապետը պետք է հեռանա, իսկ նախկինների վերադարձ, նրա խոսքով, չի լինելու:

«Իմ քայլը» կիսում է պատասխանատվությունը

Իմքայլական Հերիքնազ Տիգրանյանը խոսքն ուղղեց ոչ թե գործընկերներին, այլ նիստին հետևող քաղաքացիներին՝ «ակնկալելով նրանց աջակցությունը»: Ասաց՝ նախագծի հեղինակները չեն կարողանում ներկայացնել հիմնավորումներ, թե ինչու պետք է վերացնել ռազմական դրությունը, իսկ միակ իրական պատճառը վարչապետի հրաժարականն է. «Ընդդիմությունը մեկ նպատակ է հետապնդում՝ վարչապետի հրաժարականի պահանջը բերել ԱԺ: Լեգիտիմ ընտրված իշխանությունը երբեք չի խուսափի լեգիտիմ ճանապարհով թողնել-գնալուց: Մեր ֆրակցիան հայտարարել է պատասխանատվությունը կիսելու մասին, բայց դուք ազնիվ չեք, երբ ասում եք՝ թե իրազեկված չեք եղել գործընթացներից»: 

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը միակ իմքայլականն էր, որ հայտարարեց՝ այո, ռազմական դրությունը պետք է հանվի: Հետո հստակեցրեց՝ երբ կլինեն բոլոր բավարար պայմանները: «Երբ կլինի այլընտրանք, և հանգամանքները թույլ կտան, ռազմական դրությունը կհանվի: Առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման՝ անհնարին է գնալ ռազմական դրությունը հանելուն: Կա վտանգի որոշակի աստիճան, ու պատահական չէ, որ Ադրբեջանը ռազմական դրությունը, պարետային ժամը չի վերացրել»:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման վերջում հայտարարեց, թե մեկ անգամ ևս համոզվեց, որ ռազմական դրությունը հանելը դեռ վաղ է: Ասաց՝ ՊՆ-ն պետք է որոշի՝ վերացնե՞լ, թե՞ թողնել ռազմական դրությունը: Հիշեց անցած 20 տարվա պատմությունը. «20 տարի քայլ առ քայլ մոտեցել ենք այս պարտությանը: Խոսեցինք ամեն ինչից, բայց երկու մարդու անուն մնաց ստվերում՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան»: Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած քննիչ հանձնաժողովը ապրիլյան պատերազմին վերաբերող եզրակացությունը արդեն ներկայացրել է ԱԺ նախագահին՝ առանց որևէ գաղտնիության գրիֆի:

Իր ելույթը Անդրանիկ Քոչարյանը եզրափակեց ընդդիմությանն ուղղված հորդորով՝ հետ վերցնել որոշման նախագիծը և օր առաջ սկսել կոնսուլտացիաներ՝ ճգնաժամը հաղթահարելու համար: