«Զինվորների փոխհատուցման բարձր շեմն իջեցնելը նպատակահարմար չէ»․ Հ․ Տիգրանյան

նոյեմբերի 27, 2020

«Զինվորների փոխհատուցման բարձր շեմն իջեցնելը նպատակահարմար չէ»․ Հերիքնազ Տիգրանյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյան։

-ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանված մարդկանց համար սոցիալական աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, ինչպես, օրինակ, յուրաքանչյուր ընտանիքին 15 հազարական կամ յուրաքանչյուրին 68 հազարական դրամ հատկացնելու նախաձեռնություններն են: Ուրիշ ի՞նչ ծրագրեր կան:

- Հաստատված ծրագրերից մեկով 300 հազար դրամ կհատկացվի այն ընտանիքներին, որոնց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: ՀՀ և ԱՀ կառավարությունները մշակել են համատեղ ծրագիր՝ նրանց ժամանակավոր կեցության վայրերի վարձավճարները փոխհատուցելու մասին: Պետությունը կհատուցի նաև այն բոլոր հյուրատների կոմունալ վճարները, որոնք հյուրընկալել են արցախցիներին:

- Այդ 15, 68 հազար դրամները մե՞կ անգամ է տրվելու, թե՞ կտրվեն այնքան, քանի դեռ նրանք Հայաստանում են:

- Տրվելու են մեկ անգամ: Իհարկե, եթե արցախցիները մնան Հայաստանում, պետությունը կշարունակի նրանց որոշակի աջակցություն տրամադրել: Բայց այդ աջակցության շահառու չի կարող դառնալ այն քաղաքացին, որը 2020թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ է ստացել Հայաստանում կամ այստեղ հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր: Դիմել չեն կարող նաև 18-ից 58 տարեկան տղամարդիկ, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների:

- Ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համագործակցում է օպերատիվ շտաբի հետ: Դիտարկվել է նախ այն արցախցիների վերադարձի հարցը, որոնք այնտեղ ունեն անվնաս կամ թեթև վնասված, հեշտ վերականգնվող անշարժ գույք: Զուգահեռաբար պետք է Արցախում շատ արագ իրականացնել քաղաքաշինական ծրագրեր, հատկապես այն բնակավայրերում, որոնք ունեն ընդլայնման հնարավորություն: Ովքեր կմնան Հայաստանում, նրանց համար պիտի ապահովվեն կացարաններ որոշակի ժամանակահատվածով:

- Պետությունն ի՞նչ միջոցներով է այդ ծրագրերն անելու. գիտենք, որ համաճարակի և պատերազմի հետևանքով ֆինանսական մեծ խնդիրներ են առաջացել:

- Ծրագրերը կիրականացվեն պետբյուջեի և օրենքով չարգելված ցանկացած միջոցներով, այդ թվում` միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ:

- Ի՞նչ աջակցություն կստանան վիրավորները, որոնք բավականին մեծ թիվ են կազմում:

- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն հայտարարել է, որ անկախ հանգամանքից` ՀՀ, թե ԱՀ քաղաքացի են, օգտվելու են անվճար բուժօգնությունից, որն իր մեջ ներառում է նաև դեղորայքային ապահովման փաթեթներ: Զինհաշմանդամ ճանաչված անձանց համար կա փոխհատուցման ինստիտուտ, որն իրանացվում է «1000 պլյուս» հիմնադրամ մջոցով: Հեշտացվել է նաև զինհաշմանդամություն ստանալու գործընթացը. նախարարությունը հայտարարեց՝ կարիք չկա, որ պատերազմում վիրավորված զինվորները կամ նրանց հարազատները դիմումներն անձամբ ներկայացնեն, գործընթացը կկազմակերպվի գերատեսչության միջոցով:

- Կարծիքներ են հնչում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքած գումարի մի մասը կառավարությանը փոխանցելու իրավունք չուներ: 170 մլն դոլարից որքա՞նն է տրվել կառավարությանը:

- Ես չգիտեմ, որքան է փոխանցվել, բայց հիմնադրամի կանոնադրությամբ և օրենքով արգելք չկա, որ այդ գումարները փոխանցվեն կառավարությանը: Հիմնադրամը պետական մարմին է, այդ գումարները հավաքագրվում էին հենց կառավարության կողմից որոշակի ծախսեր կատարելու համար: Հիմնադրամն ինքը գնումներ կատարող մարմին չէ, այդ գումարները պետք է տար պետությանը՝ ըստ կարիքի գնումներն անելու: Այդ գումարով առաջին հերթին բանակի համար ձեռք կբերվեն դեղորայք և բժշկական այլ պարագաներ:

- Իսկ որքա՞ն արցախցի է հանգրվանել Հայաստանում, որոնց համար պետք է իրականացվեն այդ սոցիալական ծրագրերը:

- Եկել են շուրջ 95 հազար արցախցիներ, 5000 ընտանիքը կորցրած տարածքներից են: Քննարկվում է Արցախում վրանային ավաններ ստեղծել այն մարդկանց համար, որոնք ուզում են վերադառնալ, բայց կացարան չունեն: Կա նաև թեթև կոնստրուկցաներից տներ կառուցելու առաջարկ, և պետությունն անպայման դիմելու է միջազգային դրամաշնորհներին:

- Կառավարությունը զոհերի, անհետ կորածների հարազատներին և ծանր վիրավորվածներին դրամական փոխհատուցման բավական բարձր շեմ է սահմանել: Օրինակ, յուրաքանչյուր զոհվածի հարազատին` 58-82 մլն դրամ: Ինչպե՞ս է պետությունը հաղթահարելու այդ ահռելի ծախսը:

- Բարձր շեմն արդեն դրվել է, և իջեցնելը նպատակահարմար չէ: Ամեն ինչ պետք է անենք: Գործընթացն արդեն սկսվել է, հիմա քննարկվում է հազար դրամի շեմը բարձրացնելու հարցը, որի դեպքում կա երկու մոտեցում` մի թիվ բոլոր աշխատողների համար կամ տարբերակված մոտեցում` ըստ աշխատավարձի: Կարծում եմ՝ երկրորդն ավելի արդարացված մոտեցում է: Բոլոր միջոցներով, այդ թվում՝ միջազգային դոնորների օգնությամբ, պիտի այս ծրագիրն իրագործենք: Վստահ եմ, որ փոխհատուցման ինստիտուտը չձախողելու համար կգտնենք միջոցներ:

- Զոհված շատ զինվորների ծնողներ դեռ կարող են երեխա ունենալ, ինչպես ապրիլյան պատերազմում զոհված որոշ զինվորների ծնողները: Մտածո՞ւմ եք նրանց աջակցելու ուղղությամբ ևս ծրագրեր սկսել. աշխատել ծնողների հետ, հորդորել, որ նորից երեխա ունենան:

- Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում կա նաև ժողովրդագրության հարցը, բայց հստակեցված չէ, թե դա թիրախային որ խմբերին է վերաբերում: Պետության միջամտությունը կարող է լինել խրախուսող` վերարտադրողական ծրագրերով: Աս պահին դա զգայուն թեմա է, և դեռ որևէ կոնկրետ նախաձեռնություն չկա, բայց, այո, քննարկման հարց է: