Պաշտպանության ոլորտի ծախսերը՝ առանց կտրուկ ավելացումների

դեկտեմբերի 2, 2020

Հետհեղափոխական 2.5 տարիներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը հարկային եկամուտների զգալ ավելացում ապահովեց, բայց պաշտպանության ոլորտում դա նույն չափով չարտացոլվեց: Հեղափոխական կառավարությունն առաջնահերթություն համարեց բարեփոխումներն ու կապիտալ ծախսերը, թեպետ թվային ցուցանիշներով և բովանդակային առումով երկուսն էլ ձախողեց:

Հեղափոխության առաջին տարում` 2019թ. բյուջեով պաշտպանության ոլորտին հատկացվել է 300,5 մլրդ դրամ, բայց ծախսվել էր մոտ 15 մլրդ դրամ կամ 30 մլն դոլար ավելի գումար: 2020թ. բյուջեն ի սկզբանե նախատեսում էր ծախսել 308 մլրդ դրամ: Իսկ 2021թ. պետական բյուջեի նախագիծն ընդհանրապես չի կրում արցախյան պատերազմի ազդեցությունը` պաշտպանության ոլորտին հատկացվել է 312,2 մլրդ դրամ, որն ընդամենը մի քանի մլրդ դրամով է ավելի 2020թ. բյուջեի նույն ցուցանիշից:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պարզաբանում են, որ բյուջեի նախագծերը սովորաբար մշակվում են ապրիլ-մայիս ամիսներին պետական գերատեսչություններից ստացած ծրագրերի հիման վրա, և դա է պատճառը, որ հաջորդ տարվա բյուջեն կազմելիս ծրագրերը վերանայելու և նախագիծը նոր առաջնահերթություններով լրացնելու ժամանակ չեն ունեցել:

Խորհրդարանում դեռ չգիտեն` մեկ շաբաթ հետո, երբ կառավարությունը լրամշակված բյուջեի նախագիծը ներկայացնի իրենց դատին, արդյո՞ք դրանում պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացված կլինեն:

Կարևոր է, ոչ թե գումարի չափը, այլ դրա ճիշտ օգտագործումը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Parliamentmonitiring.am-ի հետ զրույցում ասաց, թե ոլորտում ստեղծված վիճակն այնպիսին է, որ մտածում ես ոչ թե գումարի չափի, այլ դրա ճիշտ օգտագործման մասին: Շատերի նման նա էլ անհասկանալի է համարում ՍՈւ- 35 կործանիչ ինքնաթիռների գնումը, որոնք այդպես էլ չօգտագործվեց պատերազմում, քանի որ վաճառողը` Ռուսաստանը, չէր վաճառում դրանց հրթիռները: Այդ կործանիչներն արժեն 130 մլն դոլար կամ մոտ 65 մլրդ դրամ, բայց, ըստ Գևորգ Գորգիսյանի, դրանց կիրառումը խնդրահարույց էր նաև մասնագետների առումով. մեր բանակը դեռ չուներ այդ ինքնաթիռների համար վերապատրաստված օդաչուներ:

«Ակնհայտ է, որ ցանկացած պարագայում, ով գալիս է իշխանության, պիտի հասկանա, որ կա Արցախի հարց, և կա դրա լուծման երկու ճանապարհ` կամ բանակցություններով գնալ զիջումների, կամ պատրաստվել պատերազմի, որ չգնանք զիջումների: Հիմա պահպանելով գրեթե նույն ծախսերը` բանակում կատարվեցին անհասկանալի փոփոխություններ, ծախսերի անհասկանալի վերաբաշխումներ, ինչի արդյունքում բանակը թուլացավ, և մենք չունեինք այն միջոցները, ինչը մեզ պետք էր: Այն, ինչ ձեռք էր բերվել վերջին մեկուկես տարում, չկիրառվեցին պատերազմի ընթացքում»,- ասում է պատգամավորը:

ԼՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծում լրջագույն փոփոխություններ չեն լինի, քան որ կառավարությունն այն կարող է ցանկացած պահի փոխել. այնպես, ինչպես դա արեց պատերազմի օրերին` 40 մլրդ լրացուցիչ գումար ուղղելով բանակի կարիքներին: «Այնուամենայնիվ, պատերազմի ընթացքում ահռելի քանակով սպառազինություն է ծախսվել, և դա պետք է վերականգնվի: Ոչնչացվել են ռազմական ենթակառուցվածքներ: Կան նաև սոցիալ-տնտեսական, փախստականների հարցեր, և այս տեսքով բյուջեն որևէ աղերս չունի երկրում գոյություն ունեցող իրողությունների հետ:

Գևորգ Գորգիսյանը համոզված է, որ ընդունելու են «մի ձևական փաստաթուղթ, հետո ծախսերը հընթացս փոխելու են»: Հիշեցնում է, որ դեռ ապրիլին կառավարությունը ԱԺ-ի միջոցով օրենսդրական փոփոխություն կատարեց և առանց խորհրդարանի հաստատման բյուջեն վերաբաշխելու իրավունք ստացավ: Դա, ըստ պատգամավորի, բնավ չի բխում խորհրդարանական կառավարման մոդելից, առավել ևս` ծրագրայն բյուջետավորման սկզբունքից: «Պիտի ԱԺ-ն որոշի, թե կառավարությունն ինչ ուղղություններով է գումար ծախսում: Թափանցիկության հարց կա»,-ասում է Գևորգ Գորգիսյանը:

Ընդդիմությունը մանիպուլացնում է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցեր մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը «մանիպուլյացիա» է համարում ընդդիմության մեղադրանքները, թե կառավարությունն առանց ԱԺ-ի բյուջեում փոփոխություններ է կատարում` նսեմացնելով խորհրդարանի վերահսկող դերը: «Այդ փոփոխությունը վերաբերում է այս տարվան և պայմանավորված էր համաճարակի ստեղծած իրավճակով: Հաջորդ տարի մենք գործ ունենք ամբողջովին նոր իրավիճակի և նոր բյուջեի հետ»,- ասում է նա:

Հարցին, թե պատերազմի սպասող Հայաստանի իշխանությունն ինչո՞ւ պաշտպանական բյուջեն կտրուկ չէր ավելացնում, պատգամավորը հիշեցնում է, որ մեր երկիրը վերջին տարիներին բյուջեից զատ բանակը վերազինելու համար ՌԴ-ից 200 մլն դոլարի վարկ է վերցրել:

Արտակ Մանուկյանը չի կարծում, որ կառավարությունը կարող է 2021թ. բյուջեի նախագծում կտրուկ փոփոխություններ անել և այս կամ այն ծախսերը կտրուկ ավելացնել: Նախարարությունները նոր ծրագրեր ներկայացնելու ժամանակ չունեն: Միաժամանակ համոզված է, որ պաշտպանության և ռազմաարդյունաբերության ոլորտներին պետք է մեծ ուշադրություն դարձնել: «Բյուջեն ընդունելուց հետո ոչինչ չի խանգարում, որ հընթացս, ըստ անհրաժեշտության, փոփոխություններ արվեն: Դուք տեսաք, որ 2020թ. այդ առումով էլ էր արտառոց տարի, որ մենք մի քանի անգամ բյուջեի փոփոխություններ ունեցանք»,- եզրափակում է պատգամավորը: