Մենք հրաժարականի և արտահերթ ընտրությունների հարց չենք քննարկում

դեկտեմբերի 6, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ

- Ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, ինչը պատերազմում պարտությունից հետո տրամաբանական է թվում: Բայց Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 6 ամսվա գործողությունների ծրագիր, այսինքն, նա 6 ամի՞ս հետո է հրաժարական տալու:

- Ոչ, 6 ամիս հետո հանդես է գալու կատարված աշխատանքի հաշվետվությամբ: Այդ ուժերը 2,5 տարի Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, բայց հրաժարական չի լինելու: Աշխարհում չկա աքսիոմա, թե պարտված ղեկավարը պետք է հեռանա: Դա վերաբերում է այն դեպքերին, երբ պատերազմը դու ես սկսել: Գոյություն ունի ուժերի հարաբերակցություն, մեր բանակը դիմադրել է մի քանի երկների ռազմական ուժերին: Իհարկե, շատ թերություններ ու այլ երևույթներ են եղել, որոնք կհետաքննվեն:

- Իսկ արտահերթ ընտրություններ կլինե՞ն:

- Հիմա դրա հիմքը, անհրաժեշտությունը չկա: Հիմա նման հարց չի քննարկվում: Այս փուլում զգացմունքային ֆոնը չափազանց բարձր է, և նման իրավիճակում ճիշտ չէ ընտրություններ կազմակերպելը: 2018թ. հեղափոխությունից հետո էլ զգացմունքային ֆոնը շատ բարձր էր, բայց` դրական առումով: Եթե մենք ընտրություններն անմիջապես հեղափոխությունից հետո նշանակեինք, կունենայինք 90 տոկոս ձայն, դրա համար էլ ընտրությունն անցկացվեց դեկտեմբերին, երբ զգացմունքային ֆոնը հանդարտվել էր:

- Հիմա չեք ուզում արտահերթ ընտրություններ, քանի որ զգացմունքային ֆոնը ձեր դե՞մ է, մտավախություն ունեք, որ կպարտվե՞ք:

- Խնդիրը դա չէ, հասարակությունը կարող է իռացիոնալ որոշումներ կայացնել:

- Այնուամենայնիվ, 16 կուսակցություններ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

- Ուզում եք՝ ասեք 160 կուսակցություն, իրականում, պահանջողն ընդամենը նախկին կոալիցիոն գործընկերներն են` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Նրանք ուզում են առիթն օգտագործել ռևանշի հասնելու համար: Բարեբախտաբար, ժողովուրդը դա շուտ ընկալեց ու որևէ աջակցություն չցուցաբերեց: Իրենք էլ դա հասկացան:

- Նիկոլ Փաշինյանը 6 ամսվա ընթացքում արվող քայլ, նշում է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Տպավորություն է՝ այդ փոփոխությունից հետո է միայն արտահերթ ընտրությունը լինելու:

- Մենք արտահերթ ընտրությունների հարց չենք քննարկում: Ընտրական օրենսգիրքը երկու տարի է՝ մշակվում է: Դա մեր օրակարգում միշտ է եղել, և հիմնական խնդիրը ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելը և ռեյտինգայինից հրաժարվելն է: Գուցե ուշացրել ենք այդ փոփոխությունը:

- Պարտությունից հետո մի քանի պատգամավոր դուրս եկան ձեր խմբակցությունից: Մտավախություն չունե՞ք, որ էլի կլինեն նրանց հետևողներ:

- Նրանք ունեն այդ ընտրության հնարավորությունը, բայց չեմ կարծում, որ շատ կլինեն հեռացողները:

- Կիսո՞ւմ եք ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կարծիքը, թե այս պատերազմը նախկին իշխանությունն է կոտրել ձեր գլխն:

- Իհարկե, ես կարծում եմ, որ դա որևէ մեկի գլխին կոտրվելու էր: Ինչ-որ պահի այդ հարցը պիտի լուծվեր, քանի որ գործ ունեինք տարածքները վերադարձնելու վերաբերյալ միջազգային կոնսեսուսի հետ, որն ունի ավելի քան 20-ամյա պատմություն: Անընդհատ ձգելուց հետո ինչ-որ մի պահ թելը պետք է կտրվեր, և կտրվեց հիմա:

- Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանը Նախիջևանին կապող երկու միջանցք է լինելու: Մենք մեկը գիտեինք`Մեղրիի տարածքով: Երկրորդը որտեղո՞վ պետք է անցնի: Կա՞ հստակություն այս և անորոշ մյուս հարցերի վերաբերյալ:

- Հստակությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ հրապարակում հավաքվածների և Ալիևի բառապաշարը, ցանկություններն ու նպատակներն ամբողջությամբ համընկնում են: Ինչ վերաբերում է սահմանազատումներին, գուցե կա տպավորություն, թե դրանցով զբաղվող չկա, բայց ռուսական կողմի հետ շատ ակտիվ քննարկումներ են գնում: Բոլոր հարաբերությունները քննարկվում են ՌԴ-ի հետ, ինչը, կարծում եմ, բնական է, քանի որ եռակողմ հայտարարությունը կազմվել է ՌԴ-ի մասնակցությամբ:

- Ռուսաստանն ավելացնո՞ւմ է Հայաստանի վրա ազդեցության լծակները:

- Այդ հարցին էլ թող քաղաքագետները պատասխանեն, ինձ տնտեսությունից հարցեր տվեք:

- Կորոնավրուսի և պատերազմի առաջացրած տնտեսական ճգնաժամի պայմաններում ինչպե՞ս եք լուծելու հետևանքների վերացման և փոխհատուցման խնդիրները:

- Զոհվածների և վիրավորների ընտանիքները համապատասխան հիմնադրամից շատ կարճ ժամանակում կստանան նախատեսված գումարները: Դա նվազագույնն է, որ կարող ենք անել այդ ընտանքների համար: Թե որտեղից կճարվի գումարը, դա ընդհանրապես խնդիր չէ: Տնտեսական առկա ցուցանիշներն էլ ավելի շատ կորոնավիրուսի համաճարակի հետևանքն են: Բայց անգամ դա այսօր Հայաստանում բյուջետային և ֆինանսական խնդիրներ չի առաջացնում: Տեսաք, որ զուտ բացասական սպասումների վրա դրամը արժեզրկման միտումներ դրսևորեց, բայց հետո կայունացավ:

- Չե՞ք կարծում, որ այս տարի տնտեսական անկումն ավելի մեծ է լինելու, քան 7,9 տոկոսը, ինչպես կառավարությունը կանխատեսել է 2021թ. բյուջեի նախագծում: Պատերազմի ազդեցությունը դեռ գնահատված չէ:

- Պատերազմի ազդեցությունը կարող է ի հայտ գալ եկող տարի, բայց տնտեսական գործընթացները կարող են դրական լինել:

- Վստա՞հ եք, որ Թուրքիան ու Ադրբեջանը կկատարեն եռակողմ հայտարարության` ճանապարհները բացելու վերաբերյալ պարտականությունը:

- Չգիտեմ, թե ինչ ժամկետներում, բայց գրեթե համոզված եմ, որ այդ ուղղությամբ զարգացումներ կունենանք:

- Ե՞րբ եք հնարավոր համարում Հայաստանից Ադրբեջան արտահանումը, ինչի մասին խոսել էր էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը:

- Դա կախված է մեզանից. եթե կարողանանք արտադրել համապատասխան քանակությամբ մրցունակ ապրանք, դրանք կմտնեն ոչ միայն Ադրբեջան և Թուրքիա, այլև ուրիշ երկրներ: Կան ապրանքներ, որոնք միջնորդավորված կերպով հիմա էլ գնում են Ադրբեջան և Թուրքիա: