Ազգային ժողովը դիմում է միջազգային կազմակերպություններին

դեկտեմբերի 8, 2020

Դեկտեմբերի 8-ին խորհրդարանական 3 խմբակցությունները միաձայն՝ 100 կողմ ձայնով, ընդունեցին Ազգային ժողովի ուղերձը՝ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու մասին:

Դռնփակ քննարկում՝ չխանգարելու համար

Ողերձի նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Ազգայն ժողովի կանոնակարգի կարգավորմամբ հրատապ քննարկման դրված այս նախագիծը, սակայն, քննարկվեց փակ դռների հետևում։ Դռնփակ քննարկման նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն էր, քանի որ, ինչպես խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, «թեման զգայուն է ու առնչվում է ռազմագերիներին»։

«Քանի որ կառավարությունը և համապատասխան գերատեսչությունները զբաղվում են, որպեսզի նրանք շուտափույթ վերադառնան, նրանց անվտանգությունից և այս գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գրությամբ դիմել են Ազգային ժողովի նախագահին, որպեսզի քննարկումը տեղի ունենա փակ»,-նախագծի քննարկումից առաջ տեղեկացրեց Լիլիթ Մակունցը։

Իշխող խմբակցության այս քայլը, սակայն, «Լուսավոր Հայաստանի» սրտով չէր: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» այդպես փորձում է տապալել քննարկումը. «Երեկ Ազգային ժողովի խորհրդում «Իմ քայլի» անդամները փորձել են տապալել ուղերձի այսօրվա քննարկումը: Խորհրդի նիստում պարզվել է, որ իրենք չեն կարող տապալել, պարտադիր պետք է հարցը քննարկվի: Ինչո՞ւ են փորձել տապալել հարցը, որովհետև չեն ուզել, որ ելույթներ ունենանք այս թեմայով, երբ հասկացել են, որ անհնար է տապալել այս հարցը, այն պարտադիր պետք է քննարկվի, որոշում է ընդունվել փակ անել քննարկումը: Փակ անելն ընդհանրապես անիմաստ է, ինչ ելույթներ, որ ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են ունենալ, կարող են ունենալ այսօր հայտարարությունների ժամին, և, հետևաբար, իմ գործընկերներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ կազմակերպելու նախաձեռնությունից», - նշեց Էդմոն Մարուքյանը:

«Իմ քայլից» ԼՀ խմբակցության ղեկավարին հակադարձեց Մարիա Կարապետյանը: Ասաց՝ եթե տապալելու ցանկություն ունենային, երեկ մինչև կեսգիշեր «Լուսավոր Հայաստանի», արդարադատության փոխնախարարի և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հետ չէին քննարկի միջազգային կառույցներին ուղղված հայտարարության տեքստը։

«Եթե իսկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շահագրգռված լիներ միջազգային դերակատարներին այս ուղերձի միաձայն փոխանցմամբ, պիտի համաձայներ նիստի փակ ֆորմատին, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության հաշվարկներով այստեղ, ըստ երևույթին, կորչում էր ներքաղաքական դիվիդենտներ շահելու հնարավորությունը: Սա քաղաքական ձեռնարկատիրություն է, վիշտը քաղաքական դիվիդենտի հետ փոխանակելու ձեռնարկատիրություն», - հայտարարեց իմքայլական պատգամավորը:

Ի վերջո, որոշվեց, որ ուղերձի նախագիծը պետք է քննարկվի դռնփակ, բայց որոշումն ընդունելու ընթացքը հեշտ չէր: Սպասվածի պես՝ ընդդիմությունը քվեարկությանը չմասնակցեց, և երբ Լիլիթ Մակունցը նկատեց, որ դահլիճում փաստաթուղթն ընդունելու համար անհրաժեշտ քանակով պատգամավորներ չկան, հայտարարեց 20 րոպեանոց ընդմիջում։ Ընդմիջումից հետո հարցը երկու անգամ դրվեց քվեարկության, բայց ապարդյուն. «Իմ քայլի» շատ պատգամավորներ ասացին, թե քվեարկության իրենց կոճակները չեն աշխատում։ Քվեարկությունը կայացավ միայն երրորդ փորձից հետո, և ռազմագերիների խնդրին վերաբերող հարցը քննարկվեց դռնփակ։ Նիստը տևեց մեկ ժամ՝ առանց կառավարության ներկայացուցչի:

Ազգային ժողովը կոչ է անում, դիմում, հորդորում

Դռնփակ նիստում քննարկված ուղերձի նախագիծն ընդունվեց միաձայն։ Էդմոն Մարուքյանը ներկայացրեց միջազգային կազմակերպություններին հայ ռազմագերիների ու նրանց նկատմամբ Ադրբեջանում վատ վերաբերմունքի մասին ԱԺ ուղերձի տեքստը: Այն հիմնված է մի շարք կոնվենցիաների վրա:

Փաստաթուղթն արձանագրում է, որ ադրբեջանական կողմն արհեստական ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը, թաքցնում իր վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող այլ անձանց իրական թիվը, շարունակում նրանց նկատմամբ դաժան, անմարդկային վերաբերմունքը նրանց նկատմամբ:

Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին եւ Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին:

Կոչ է արվում հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց, պահանջել Ադրբեջանից դադարեցնել խոշտանգումները, պարտավորեցնել դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը, ձեռնարկել միջոցներ՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով եւ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խստիվ պահպանմանը:

Ուղերձն ընդունվեց, հարցերը մնացին

Ուղերձի ընդունումից առաջ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիրներին նախաձեռնության համար և հայտարարեց, որ կողմ են ուղերձի նախագծին։ «Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանն ասաց՝ կողմ են քվեարկելու ուղերձի նախագծին, սակայն շտապեց հայտնել, որ ո՛չ իրենք, ո՛չ մյուսները դռնփակ քննարկման ժամանակ չեն ստացել պատասխաններ ռազմագերիների վերաբերյալ հուզող հարցերին։