Տեղեկատվական տեռորի գլխին կանգնած է իշխանությունը. ԲՀԿ-ական պատգամավոր

դեկտեմբերի 17, 2020

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ

-Պարո՛ն Աբովյան, դեկտեմբերի 13-ին Դուք մասնակցում էիք Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին. ի՞նչ տպավորությամբ դուրս եկաք նիստից:

-Կարող եմ ասել մի բան՝ մեր դիրքորոշումը չի փոխվել։ Անվտանգության խորհուրդը կարևոր ինստիտուտ է, այդ նիստին մասնակցելը՝ նույնպես, քանի որ դա հնարավորություն է երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին, խնդիրներին տիրապետելու։ Չեմ կարող մանրամասնել՝ ինչ է քննարկվել, բայց բոլոր դեպքերում մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել, մեր մասնակցությունը ոչ մի բան չի նշանակում։

-Ո՞ր դիրքորոշման մասին է խոսքը։

-Մեր դիրքորոշումը՝ կապված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ, մնում է: Մենք շարունակում ենք պահանջել վարչապետի հրաժարականը։ Այս իշխանությունը պետք է հեռանա։

-Փորձելով շրջանցել նիստի՝ հրապարակաման ոչ ենթակա հատվածը, կարո՞ղ եք ասել՝ Հայաստանին սպառնացող վտանգները մեծացե՞լ են։

-Անվտանգության խորհրդում քննարկված հարցերից զատ, կարող եմ ասել մի շատ կարևոր, հստակ բան՝ այո՛, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև վտանգները շատ մեծ են։ Եվ վերահաստատում եմ՝ համոզված ենք, որ այս իշխանությունը և կառավարությունը ի զորու չէ, չի կարող այդ վտանգները չեզոքացնել։

-Նույն նիստում, ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը կարևորել է տեղեկատվական անվտանգության խնդիրը, մտահոգություններ հայտնել ապատեղեկատվության մեծ հոսքի առիթով: Դուք կիսո՞ւմ եք կառավարութան ղեկավարի այս մտահոգությունները։

-Այդ հարցի շուրջ համաձայնության մասին խոսք լինել չի կարող։ Իմ կարծիքով, տեղեկատվական տեռորի գլխին կանգնած է իշխանությունը, և նրանց ֆեյքերի արտադրամասերը տեղեկատվական տեռորի մասնագետներն են։

-Իսկ Դուք ԱԽ արտահերթ նիստի ընթացքում պնդեցի՞ք վարչապետի հրաժարականը։

-Այդ հարցը թողնում եմ առանց մեկնաբանության, քանի որ առնչվում է ԱԽ նիստի բովանդակությանը։

-Մի քանի շաբաթ է՝ դուք պահանջում եք վարչապետի հրաժարականը, նա հրաժարականի չի տալիս։ Ունե՞ք վարչապետի հրաժարականին հասնելու մշակված ուղիներ՝ հանրահավաք-երթերից բացի:

-Պետք է հասկանալ, որ այն, ինչ կատարվում է փաշինյանական իշխանության հետ, ինչ-որ քաղաքական գործընթաց չէ, դա համաժողովրդական շարժում է, որը օրեցօր ուժգնանում է։ Ինչ վերաբերում է՝ ցանկանում են հեռանալ, թե ոչ, կարծում եմ, նրանց ոչ ոք էլ չի հարցնում։ Իսկ հստակ քայլերի հետ կապված, կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր ու անհնարին քայլերը կատարվելու են Սահմանադրության և օրենքների շրջանակում։

-Ի՞նչ է դա ենթադրում։

-Դա ենթադրում է, որ բոլոր իրավական մեխանիզմներն օգտագործելի են։

-Վարչապետը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ քաղաքական ուժերի հետ երկխոսելու ակնարկ արեց։ «Բարգավաճ Հայաստան»-ում այս հարտարարությունը քննարկվե՞լ է, հնարավո՞ր է, այդուհանդերձ, երկխոսելու եզրեր լինեն։

-Մեր օրակարգում ոչ մի բան չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանը, անվերապահորեն, պետք է հեռանա ու վերջ։

-Մամուլը գրել էր, որ հնարավոր է՝ «Իմ քայլը» վարչապետի թեկնածու առաջադրի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

-Եկեք առաջ չվազենք ու ենթադրելով բաներ չխոսենք: Մենք արդեն առաջադրել ենք մեր թեկնածուին, և դրանով թեման կարելի է սպառված համարել։ Մնացածը շահարկումներ են կամ դատարկ քննարկումներ։ Մենք շատ պարզ մեր դիրքորոշումը արտահայտել ենք։