COVID-19-ն ու պատերազմը խոչընդո՞տ, թե՞ պատրվակ

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը երկամյա գործունեության ընթացքում ընդունել է քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին 6 որոշում: Հանձնաժողովներից 4-ը ձևավորվել են, 2-ը՝ ոչ. մեկի ձևավորման հարցը, մեկ անգամ մերժվելուց հետո, մնում է ԱԺ մեծ օրակարգում, մյուսի ձևավորման հարցը խորհրդարանը դեռ չի քննել:
Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, 6 ամիս է և կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ դարձյալ 6 ամսով:
ԱԺ-ի որևէ քննիչ հանձնաժողով կատարած աշխատանքի վերաբերյալ զեկույց խորհրդարանին դեռ չի ներկայացրել, չնայած գործունեության ժամկետների լրանալուն:
Ապրիլյան պատերազմի հանձնաժողով
6 հանձնաժողովներից ամենաշատը քննարկվել, մամուլի ուշադրության կենտրոնում եղել է ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովը, որը ստեղծվել է 2019թ. մայիսի 31-ին՝ 2016թ. ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու համար, «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ և Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ: Նա նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 2-րդ հոդվածի և պայմանավորված պաշտպանության ոլորտով, ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի պարտականությունները վերապահվել են հենց այս մշտական հանձնաժողովին։
Հանձնաժողովն ստեղծվեց քառօրյա պատերազմի օրերին զինամթերքի, վառելիքի, սննդի պակասի, հրամանատարների ոչ ճիշտ որոշումների և ընդհանրապես պաշտպանության ոլորտում կոռուպցիայի առկայության մասին խոսակցությունների հիմնավորվածությունը պարզելու համար:
2020թ. մայիսի 4-ին հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվեց։ Զեկույցը, ըստ ԱԺ-ի տեղեկատվության, ներկայացվել է ԱԺ նախագահին, ինչին պետք է հաջորդեր դրա քննարկումը ԱԺ լիագումար նիստում, բայց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց խորհրդարանի օրակարգը, և նախագիծը չքննարկվեց: Երբ կքննարկվի՝ հայտնի չէ. ամեն դեպքում, լրատվամիջոցների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ հատկապես վերջին պատերազմի ֆոնին զեկույցը բավականին ուշագրավ է լինելու:
Ջրային հանձնաժողով
Լրացել է նաև, այսպես կոչված, ջրային հանձնաժողովի երկարաձգված ժամկետը: Այս հանձնաժողովը նույնպես զեկույց չի ներկայացրել։
Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի տեղեկացմամբ՝ զեկույցը պատրաստ է, բայց չի ներկայացվել, քանի որ որոշել են պատերազմի շրջանում թեթևացնելԱԺ օրակարգը և քննարկել միայն հրատապ հարցերը։ Նա ասաց, որ ոլորտի բոլոր խնդիրները վեր են հանել և լուծումներ են առաջարկել գործառնական նոր մեխանիզմներ ներդնելու, օրենսդրական լուծումներ ներկայացնելու առումով։
Հանձնաժողովի նախագահը չմանրամասնեց, թե քննության առարկա Արարատի և Արմավիրի մարզերի ՋՕԸ-երի, համակարգի ինչ խախտումներ կամ չարաշահումներ են հայտնաբերել. «Ի սկզբանե մեր նպատակը եղել է փոփոխությունների, բարելավումների մասին առաջարկներ անելը։ Խախտումներ արձանագրել է Հաշվեքննիչ պալատը։ Իսկ խախտումներն ամբողջությամբ գտնելու համար մեզ փորձագիտական հնարավորություններ էին պետք, ինչը չունեինք»,- հավելեց նա։
Հանքերի ոլորտն ուսումնասիրող հանձնաժողով
Գործունեության ժամկետն ավարտած «հանքերի հանձնաժողովը» նույնպես զեկույց չի ներկայացրել: Պատճառը, եթե անգամ անցած ամիսների ընթացքում հասցրել է խնդիրն ուսումնասիրել, դարձյալ պատերազմն է: Հանձնաժողովի նախագահը նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն է, հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ևս եղել է ԲՀԿ-ինը։
Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը հավաստմամբ՝ իրենք ավարտել են աշխատանքները, պատրաստել են զեկույցը, պարզապես ԱԺ-ն պետք է որոշի, թե երբ ներկայացնեն այն: Բովանդակային մանրամասներ, սակայն, Սերգեյ Բագրատյանը չներկայացրեց:
Հանձնաժողովի ստեղծման առիթը թեև Ամուլսարի հանքի շուրջ առաջացած աղմուկն էր, բայց պետք է ուսումնասիրեր ևս չորս՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Թեղուտի, Սոթքի, Մղարդի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների ներդրումային ու հարկային պարտավորությունների կատարման ընթացքը, ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունն ու արժանահավատությունը։
Ուղևորափոխադրումների հանձնաժողով
Այս հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս լրացել է, ինչպես նախորդները՝ 1 անգամ երկարաձգվելուց հետո: Նախագահը նորից ԲՀԿ-ական է՝ Արտյոմ Ծառուկյանը: Ստեղծման նպատակը 2016-2019թթ. ցամաքային ուղևորափոխադրումների ոլորտը սպասարկող, համակարգող, լիցենզավորող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ու առկա խնդիրների ուսումնասիրությունն էր։
Հանձնաժողովի իմքայլական անդամ Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ սկզբնական շրջանում ուսումնասիրություններ իրականացրել են, բայց պատերազմից հետո աշխատանքը խաթարվել է։ Հենց ամփոփման շրջանում չեն կարողացել գործն ավարտին հասցնել:
Չձևավորված քննիչները
ԿԱՄԱԶ-ների հանձնաժողով․ Այս հանձնաժողովի ստեղծման առիթը մամուլի հրապարակումներն էին, թե Երևանի քաղաքապետարանը գործարար Սամվել Ալեքսանյանից ԿԱՄԱԶ-ներ է նվեր ստացել նրա կնոջ անունով ինքնակամ շինություն օրինականացնելու որոշման դիմաց։ Հանձնաժողովը պետք է պարզեր, թե արդյոք այդ որոշումը տրվել է կոռուպցիոն գործարքի արդյունքում։
Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան»-ինն էր, բայց 2020թ. հունվարին ԱԺ-ն չընդունեց հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը, և հանձնաժողովը չձևավորվեց:
COVID-19․ Չի ձևավորվել նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրելու և համաճարակի ընթացքում մարդու իրավունքների սահմանափակումների իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով այս տարվա հուլիսի 2-ին ստեղծված հանձնաժողովը: Դրա նախագահը ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանն է: Դարձյալ պատերազմի պատճառով հանձնաժողովը չի ձևավորվել. խորհրդարանը չհասցրեց մինչև պատերազմ քննարկել ու հաստատել հանձնաժողովի կազմը։