Հեռացման որոշում՝ էթիկայի հանձնաժողովի փոխարեն

հունվարի 4, 2021

Նաիրա Զոհրաբյանը հեռացվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից

7-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանն անցավ ռազմական դրության շրջանում և դրանով պայմանավորված՝ բացառիկ օրակարգով: Բայց նույնիսկ այս պարագայում վերջին արտահերթի ժամանակ առիթ եղավ նորից հիշելու, որ Ազգային ժողովը գործում է առանց էթիկայի հանձնաժողովի, թեպետ պարբերաբար զգում է դրա կարիքը:

2020թ. դեկտեմբերի 29-ին խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի մասին հիշեցին, երբ քննարկվում էր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելու հարցը: Այս մասին որոշման նախագիծ ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: 78 կողմ, 4 դեմ ձայնով, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանական մեծամասնությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զրկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

«Իմ քայլից» բացի քվեարկությանը մասնակցել էին նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Արման Բաբաջանյանը և Գոռ Գևորգյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները Նաիրա Զոհրաբյանը ստանձնել էր 2018 թվականի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում և համաձայն Դոնթի բանաձևի: Բանաձևով խորհրդարանական պաշտոնները տրվում են խմբակցություններին՝ ընտրություններում ստացած ձայներին համապատասխան:

«Իմ քայլի» համար նախագիծը ներկայացնելու հիմք էին հանդիսացել դեկտեմբերի 17-ին և 22-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում Նաիրա Զոհրաբյանի հետևյալ գրառումները. «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը» և «… Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Հիմա ես լինելու եմ Հանրապետության հրապարակում Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար։ Ժեխը իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը ժեխին պետք է զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին ընտրելու իրավունքից և բռնի ուժով տանել կրթելու…»։

«Նաիրա Զոհրաբյանի՝ վերը հիշատակված գրառումներից և հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաև Սահմանադրությանն ուղղակիորեն հակասող դասակարգումներ մարդկանց միջև ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար՝ ընտրության իրավունքի իրացումը։ Վերոնշյալն ակնբախ է դարձնում, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է»,- նշված էր ԱԺ-ի ընդունած որոշման մեջ։

Հարցն աննախադեպ էր, քննարկումը՝ կարճ

Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը համարվում է խորհրդարանական պաշտոն: Այն զբաղեցնող պատգամավորի աշխատավարձը մի քիչ ավելին է, քան շարքային պատգամավորինը: Սովորաբար, այդ պաշտոնն զբաղեցնող անձը թողել է այն մեկ այլ պաշտոն զբաղեցնելու՝ հիմնականում գործադիրում, կամ ուրիշ հանձնաժողով ղեկավարելու համար:

ԱԺ որոշման միջոցով հանձնաժողովի նախագահին պաշտոնից հեռացնելը աննախադեպ երևույթ էր: Այդ քայլի կիրառումը Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ, ըստ ԲՀԿ-ականների՝ քաղաքական որոշում էր: Ուշագրավ է, որ ԱԺ նախորդ գումարումների ընթացքում մշտական հանձնաժողովները, որպես քաղաքական կամքի արտահայտություն, այլ կերպ են գործածվել. դրանց թիվը ավելացել է կամ պակասել՝ կախված իշխող կոալիցիայի ուժերի քանակից և քաղաքական նպատակահարմարությունից:

Հարցի բացառիկությամբ հանդերձ՝ քննարկումը խորհրդարանում տևեց կարճ՝ ընդամենը մի քանի պատգամավորի մասնակցությամբ: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ընդհանրապես չմասնակցեցին նիստին:   Նախագիծը ամբիոնից ներկայացրեց իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Ասաց, որ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության և նրա լիազորությունների դադարեցման հարաբերությունները կարգավորող օրենսդրությունից պարզ է դառնում, որ գործընթացները բացառապես ԱԺ խմբակցությունների քաղաքական որոշումների կայացման և ԱԺ-ի կողմից սեփական գործունեության կազմակերպման տիրույթներում են: «Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար նախատեսված չեն առանձին պահանջներ կամ չափորոշիչներ, որոնք պետք է բավարարի թեկնածուն: Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու համար նախատեսված չեն հիմքեր՝ ի տարբերություն, օրինակ, ԱԺ պատգամավորի, ՍԴ դատավորների դեպքում»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

«Հատկապես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը չի կարող ունենալ մի արժեհամակարգ, որի դեմ ինքը պետք է պայքարի։ Նա արտահայտում է մտքեր, որոնք արմատախիլ անելուն պետք է նպաստի իր ամենօրյա գործունեությամբ»,-ելույթում նշեց պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ վիճարկելի է այդպիսի մեկի՝ ոչ միայն հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնելու, այլ ընդհանրապես պատգամավոր լինելու հարցը: Հիշեցրեց, որ համաձայն Սահմանադրության 94-րդ հոդվածի՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ «Չի ասում, թե ներկայացնում է այն ժողովրդին, որն իրեն ընտրել է, որն իրեն սիրում է։ Պատգամավորը ներկայացնում է նաև այն ժողովրդին, որին «ժեխ» է անվանել»,- հայտարարեց Սուրեն Գրիգորյանը: Նաև հավելեց՝ սխալվել են՝ ժամանակին Նաիրա Զոհրաբյանին այդ պաշտոնը վստահելով:

Խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը տարակուսած էր՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանի՝ պաշտոնից հեռացումը ամենակարևոր հարցն էր, որ պետք է քննարկվեր հետպատերազմյան շրջանում: Նրա կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ քննել մեծամասնության գլխավորած հանձնաժողովների ղեկավարների հարցը, քանի որ նրանք ողջ պատերազմի ընթացքում անգործության են մատնվել: Պատգամավորը շեշտեց, որ դեմ է Նաիրա Զոհրաբյանին լիազորությունից զրկելու որոշմանը, քանի որ նա «իր լավ բարեկամն է»։ «Չնայած գուցե իր շեֆի վախից ինձ չի բարևում, բայց վստահ եմ, որ նա այս և հաջորդ խորհրդարանում անելիք ունի»,- հավելեց Արման Բաբաջանյանը:

Կդիմի ՍԴ

Երբ հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» մտադիր է հանդես գալ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախաձեռնությամբ, վերջինը ֆեյսբուքում գրառում արեց. «Կհանդիպենք Սահմանադրական դատարանում»։

Իրավաչափ չհամարելով խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունը՝ պատգամավորը գրել էր, թե բացի ԲՀԿ-ից, որևէ այլ խմբակցություն իրավասու չէ տվյալ հանձնաժողովի նախագահի լիազորությունը դադարեցնելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել: Իսկ եթե հանձնաժողովի նախագահ պատգամավորը էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումներ է թույլ տվել, ապա դա կարող է դառնալ բացառապես պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի քննարկման առարկա։ 

Քվեարկությունից հետո էլ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե ինքն է միակ քաղաքական գործիչը, որից սարսափում և վախենում է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանին նա անվանել էր վախկոտ և ողորմելի ստահակ. «Նիկոլ Փաշինյանն այսօր ինձ տվեց ամենամեծ քաղաքական կապիտալը՝ այսօր ինձ համար հպարտության օր է՝ լինել մերժված հայրենիքը հանձնած ստահակի կողմից»:

Թափուր պաշտոնի հարցը՝ օդում

Ով կզբաղեցնի ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնը՝ պարզ կդառնա արդեն նոր՝ 6-րդ նստաշրջանում, բայց ակնհայտ է, որ այս հարցում իշխանությունն ու ԲՀԿ-ն տարակարծիք են: Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այս հանձնաժողովը ղեկավարելու իրավասությունը ԲՀԿ-ինն է, ԲՀԿ-ականները հայտարարել են, որ Նաիրա Զոհրաբյանից բացի՝ իրենք խմբակցության որևէ այլ անդամի թեկնածություն այս պաշտոնում չեն առաջադրելու: «Իմ քայլից» Արթուր Հովհաննիսյանն էլ ամբիոնից ասել է, որ ԲՀԿ-ից առաջադրում չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահի թեկնածու կառաջադրի մեծամասնությունը:

Նրանք, սակայն, միակարծիք են, որ եթե խորհրդարանում գործեր էթիկայի հանձնաժողով, խնդիրը կարող էր կարգավորվել ոչ թե պաշտոնից հեռացմամբ, այլ էթիկայի հանձնաժողովում քննարկմամբ: Մեծամասնությունը, փաստացի, չուզեց հապաղել ու հանդես գալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ. դրա միջոցով հարցի լուծումը ժամանակ էր պահանջելու: