Պետաիրավականը մերժեց ԼՀԿ–ի նախագծերը՝ ընդդեմ Փաշինյանի

հունվարի 14, 2021

Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության իրավաչափությունը Ազգային ժողովում քննարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը հունվարի 13-ին տապալվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ այս տարվա առաջին նիստում։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կասկածի տակ է դնում նոյեմբերի 9-ի՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Վլադիմիր Պուտին եռակողմ հայտարարության իրավաչափությունը։ Այդ հարցը խորհրդարանում քննության առարկա դարձնելու նպատակով, դեռ հայտարարության ստորագրումից հետո, ԼՀԿ պատգամավորները մի քանի անգամ հանդես են եկել ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ, սակայն մեծամասնությունը դեմ է եղել այդ նիստերի անցկացմանը, և հարցը արտահերթ կարգով քննարկման առարկա չի դարձել: Ավելի քան երկու ամիս առաջ գրված և շրջանառության մեջ դրված որոշման նախագիծը հունվարի 13-ին քննարկվում էր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում։ Նախագիծը ներկայացնող «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց, որ թեպետ անցել է նախագծի արդիականությունը, սակայն կան կետեր, որոնք, այդուհանդերձ, հարցեր են առաջացնում։

«Հայաստանի վարչապետը ստորագրել է մի փաստաթուղթ, որը կոչվում է հայտարարություն, բայց իր կարգավորման առարկայով դա միջազգային պայմանագիր է, իսկ պայմանագրերը Սահմանադրության համաձայն, վավերացման ենթակա են։ Հետևաբար, խախտվել է ՀՀ Սահմանադրությունը, և վարչապետը գերազանցել է իր լիազորությունները՝ միայնակ ստորագրելով փաստաթուղթը», -ասաց Սիմոնյանը։ Բացի այդ, ըստ պատգամավորի, եռակողմ հայտարարությունը հակասության մեջ է միջազգային իրավունքի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային, որի համաձայն ուժի սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագիրը առոչինչ է։ «Վարչապետը և իշխող ուժի ներկայացուցիչները բազմիցս պնդել են, որ եթե չստորագրվեր այդ փաստաթուղթը, ապա հաջորդը Ադրբեջանի կողմից պետք է գրավվեր Ստեփանակերտը։ Այս փաստաթուղթը մի քանի կետերի մասով, գոնե, պետք է առոչինչ լիներ», -ընդգծեց Սիմոնյանը։

Եռակողմ հայտարարության կետերը հայկական կողմը կատարել է, և դրա բովանդակությունը, մեծ հաշվով, փոխելու ճանապարհներ չկան, բայց, Տարոն Սիմոնյանի խոսքով, այդ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է ռազմագերիների վերադարձմանը, լիարժեք չի իրականացվում, և այժմ հնարավոր է գոնե այդ հարցը քննարկել։

«Եթե այս առիթն էլ չօգտագործենք ԱԺ ամբիոնից բարձրաձայնելու, քննարկելու և հնարավոր գործիքները օգտագործելու, ապա մեր մնացած քննարկելիք նախագծերը այսօր իրենց արդիականությունը կորցնում են, քանի որ պատերազմից հետո օրակարգերը փոխվել են», -նկատեց ընդդիմադիր պատգամավորը։

Սիմոնյանը պնդում է, որ գործադիր մարմնի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, յուրացրել է Ազգային ժողովին պատկանող իրավազորությունները, հետևաբար, օրենսդիր մարմինը պետք է այդ հարցին անդրադառնա։ «Մենք չպետք է կորցնենք այդ հնարավորությունը ի լուր աշխարհի արտահայտելու, որ Ազգային ժողովը չի ընդունում միջազգային իրավունքի խախտում պարունակող այդ դրույթները, որոնք արձանագրվել են այդ հայտարարության տեքստում», -ասաց Սիմոնյանը։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԱԺ-ն ունի լիազորություն՝ որոշելու այս կամ այն փաստաթղթի իրավաչափությունը։ Սիմոնյանի պատասխանը դրական էր, քանի որ ըստ պատգամավորի, ԱԺ իրավասության ներքո գտնվող հարցը լուծվել է մեկ այլ մարմնի կողմից, և ԱԺ-ն ունի իրավասություն՝ լուծելու այդ փաստաթղթի իրավաչափության հարցը։ Ջուլհակյանը չհամաձայնեց՝ նկատելով, որ իրավաչափության հարցի որոշումը ենթադրում է իրավական ընթացակարգ, իրավական գնահատականներ, մինչդեռ ԱԺ-ն քաղաքական գնահատականներ կարող է տալ։ Փոխարենը, իմքայլական պատգամավորը առաջարկեց իրավաչափության հարցը որոշելու համար դիմել ՍԴ, ինչին Տարոն Սիմոնյանն արձագանքեց, որ նախագիծը համապատասխան ընթացակարգով ԱԺ չի բերվել, հետևաբար, հնարավոր չէ այն վիճարկել Սահմանադրական դատարանում:

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Հովակիմյանը, մտավախություն ուներ, որ ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների հարցի բաց քննարկումը կարող է խնդրահարույց լինել: «Արդյո՞ք այդ հարցը բաց քննարկելը դրական ազդեցություն կունենա գերիներին վերադարձնելուն», -հարցրեց նա: Տարոն Սիմոնյանի պատասխանը դրական էր. «Եթե Հայաստանի Ազգային ժողովը մեկ անգամ ևս քաղաքական հայտարարություններով բարձրաձայնի այն միջազգային իրավական խախտումները, որոնք արվում են Ադրբեջանի կողմից, օգնելու է, որ ի վերջո այդ պետությունը հասկանա, որ ինքն ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքը։ Այո, դա օգնելու է»։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հանձնաժողովը պետք է քննարկեր նախագծի քաղաքական բովանդակությունը, մինչդեռ քննարկում էին ընթացակարգային հարցեր: «Ազգային ժողովը քաղաքական մարմին է, և շատ կարևոր է, որ քաղաքական մարմնում քաղաքական տեքստեր հնչեն։ Ես ձեզ կոչ եմ անում կողմ քվեարկել և խորհրդարանի լիագումար նիստին տալ հնարավորություն եռակողմ հայտարարության 8-րդ կետի վերաբերյալ քննարկում իրականացնել»։

Մարուքյանի կոչը դեր չխաղաց, և հանձնաժողովում մեծամասնություն կազմող իմքայլական պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին: Նախագիծը չընդգրկվեց հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

Նախ՝ Փաշինյանի հրաժարականը

Հունվարի 13-ի նիստում պետաիրավական հանձնաժողովը մերժեց «Լուսավոր Հայաստանի» ևս մեկ նախաձեռնություն: Այն հայտարարության նախագիծ էր՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու վերաբերյալ: Դրա հիմնական պահանջը, ըստ Էդմոն Մարուքյանի՝ «պարտության սիմվոլ» վարչապետի հրաժարականն է։ 6 ամսից մինչև 1 տարի ժամկետում, ըստ ծրագրի, խորհրդարանը ընտրում է անցումային վարչապետ, որը պարտավորվում է հրաժարական տալ և կազմակերպել արտահերթ ընտրություններ, բոլոր քաղաքական ուժերը, որոնք համաձայն են նման ընթացքին, ներգրավվում են կայունացման գործընթացում։

«Քաղաքական ուժերի հետ պետք է կնքվի հուշագիր, որով հստակ նշվի, թե ինչ ժամկետում է վարչապետը հրաժարական տալու: Խորհրդարանում ներկայացված ուժերը պարտավորվում են չառաջադրել վարչապետ, հնարավորություն տալ, որ խորհրդարանը լուծարվի, և երկիրը գնա արտահերթ ընտրությունների», -հայտարարեց Մարուքյանը։

Նա մեծամասնությանը հորդորեց տալ հնարավորություն, որ ստեղծված վիճակից ելքերի մասին քննարկումներ լինեն խորհրդարանի դահլիճում, սակայն «Իմ քայլի» պատգամավորները մերժեցին նախագիծը՝ նշելով, որ ընդդիմադիր պատգամավորները կարող են այդ հարցերը բարձրացնել հայտարարությունների ժամին։

Նկատենք, որ այս հայտարարության բովանդակության շրջանակում ԼՀԿ-ն անցած դեկտեմբերին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկման առարկա դարձնելով գրեթե նույն հարցերը: