Ամուլսարի քննիչ հանձնաժողովի աշխատանքը՝ ձախողված

հունվարի 19, 2021

Հունվարի 19-ին խորհրդարանում ներկայացվեց 7-րդ գումրման Ազգային ժողովում ստեղծված 6 քննիչ հանձնաժողովներից առաջինի զեկույցը: «Իմ քայլի» պատգամավորների գնահատմամբ հանձնաժողովի աշխատանքը ձախողված էր, իսկ «Բարգավաճ Հայաստանը», որն ստեղծել էր այս հանձնաժողովը, ուղղակի անուշադրության մատնեց դրա քննարկումը:

«Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող» ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծվել էր 2019-ին, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ բողոքի ակցիաների ժամանակ: Գործեց 1 տարի և 3 ամիս:

Բագրատյանը հրաժարվեց ԲՀԿ-ից, ԲՀԿ-ն՝ Բագրատյանից

Քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը «Բարգավաճ Հայաստան»-ինն էր, հանձնաժողովի նախագահը՝ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը: 2020թ., սակայն, Բագրատյանը հեռացավ ԲՀԿ-ից՝ շարունակելով ղեկավարել հանձնաժողովը:

«Այո, քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը մեր խմբակցությանն է, մեր առաջարկով էր ստեղծվել: Բայց երբ հանձնաժողովը ձևավորվում է, դառնում է ինքնուրույն մարմին, հետևաբար, խմբակցությանը չի կարող պատկանել։ Հանձնաժողովը ղեկավարել է պարոն Բագրատյանը, բայց այնտեղ մեծամասնությունը «Իմ քայլի» անդամներն են, այնպես որ դա էլ ԲՀԿ խմբակցության նախաձեռնությունը չէ», -Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Շաքե Իսայանը:

Հարցին՝ ստացվում է՝ «Բարգավաճ Հայաստանը» որևէ առնչություն չունի ԱԺ ամբիոնից ներկայացված զեկույցին, Իսայանը պատասխանեց. «Ոչ, իհարկե, չունենք, քանի որ գիտեք, պարոն Բագրատյանը այլևս անկախ պատգամավոր է, և մեր խմբակցությունը որևէ առնչություն այդ զեկույցի մասով այլևս չունի»։

Սերգեյ Բագրատյանի ղեկավարած Քննիչ հանձնաժողովը 15 ամսվա ընթացքում 4 նիստ է անցկացրել: Առաջին նիստում հանձնաժողովի տեղակալ է ընտրվել «Իմ քայլից» Արփի Դավոյանը։ Ոոլորտի մասնագետների հետ հանդիպումների մասին ԱԺ-ի կայքում գրեթե ոչինչ չկա, բայց զեկույցը ներկայացնելիս Բագրատյանն ասաց, որ գումարել են նիստեր, ունեցել հանդիպումներ, այցելել պոչամբարներ, կատարել միջազգային կոնվենցիաների, իրավական ակտերի ու օրենսդրության ուսումնասիրություններ։

Ուսումնասիրել են 30 մետաղական հանքավայրի գործունեություն և պարզել, որ դրանցից ոչ մեկ շահութահարկ չի վճարում, այսինքն՝ շահույթով չի աշխատում:

Բագրատյանը դժգոհեց Անանյանից, Անանյանը՝ Բագրատյանից

Շահութահարկ չվճարող հանքավայրերի ներդրումային ծրագրերի ու դրանց ծավալների ուսումնասիրության ճանապարհին հանքանյութերի ներկրման քանակի, աշխատողների աշխատավարձերի մասին հանձնաժողովը հարցումներ է ուղարկել ՊԵԿ, որտեղից ստացել է մաքսային սահմանը հատելու վերաբերյալ տեղեկություն։ «Այդ տեղեկության մասին մանրամասներ այդպես էլ չներկայացվեց ՊԵԿ-ից, չնայած հանձնաժողովի բազմաթիվ հեռախոսազանգերի ու գրավոր հարցումների։ Ավելին, հանձնաժողովի նիստին հրավիրվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որը անհայտ պատճառներով չի ներկայացել նիստին՝ չնպաստելով հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ իրականացմանը», -հայտարարեց Սերգեյ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողովի նկատմամբ արհամարհական վերբերմունք ցուցաբերած պաշտոնյան պետք է անհապաղ ազատվի աշխատանքից, քանի որ հանձնաժողովը պետության համար կարևոր խնդիրներ է փորձում լուծել։ «Նման պաշտոնյան ո՞ւմ է պետք, եթե չի համագործակցում պետական նշանակության և կարևորություն ունեցող հարցերի շուրջ», -ասաց պատգամավորը։ Հայտնեց, որ պատրաստվում է հանդես գալ օրենսդրական փոփոխությամբ և պարտավորեցնել, որ իրավասու մարմինները տեղեկություն տրամադրեն քննիչ հանձնաժողովին։

Դավիթ Անանյանը Բագրատյանին արձագանքեց ֆեյսբուքյան գրառմամբ. «Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ինչ-որ զեկույց էր ներկայացնում: Չեմ անդրադառնա պատգամավորի և նրա ներկայացրած զեկույցի որակին ու մակարդակին: Ուղղակի անդրադառնամ այն ասածին, թե բանավոր խնդրել է և մի տասը անգամ էլ զանգահարել է ինձ՝ հրավիրելով մասնակցել հանձնաժողովի նիստին: Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է»։

Դավիթ Անանյանի գրառումը Սերգեյ Բագրատյանը անարձագանք չթողեց և իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց «մալբրի» համակարգի միջոցով ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին ուղղարկված նամակի պատճեն։

Մինչ Դավիթ Անանյանի արձագանքը՝ ԱԺ ամբիոնից ՊԵԿ նախագահին հրավիրել-չհրավիրելու թեմայի առիթով իր տարակուսանքն էր հայտնել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Անանյանի փոխարեն, ըստ Թունյանի, պետք էր լսել խոշոր հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչներին։

«Ես ինքս ՊԵԿ նախագահին չեմ հրավիրել, որովհետև ինձ ավելի շատ հետաքրքրում էր լսել ոչ թե ՊԵԿ-ին, այլ որոշ հանքարդյունաբերական ընկերությունների տնօրեններին։ Օրինակ՝ ինձ ավելի հետաքրքիր էր, թե խոշոր հանքարդյունաբերական ընկերությունը, որը վնասով է աշխատում, ինչպե՞ս է տարեկան մի քանի միլիարդ դրամ գումար ուղղում բարեգործական ընկերություններին։ Ցավոք, հարցեր ուղղելու հնարավորություն չունեցանք», -նշեց Թունյանը։

Զեկույցի մասին

Հանքարդյունաբերության ոլորտի հիմնական խնդիրը, ըստ Բագրատյանի, հանքարդյունաբերող ընկերությունների ոչ թափանցիկ աշխատանքն է։ Քննիչ հանձնաժողովը տեղեկատվությունը  պատշաճ և ժամանակին ստանալու խնդիր է ունեցել, դանդաղել է  հանձնաժողովի գործունեությունը, հնարավոր չի եղել տարբեր ծրագրերի ամբողջական գնահատական տալ:

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ունի օրենսդրական բացեր, չկա միջազգային կառույցների հետ պատշաճ համագործակցություն։ Հայտնաբերած խնդիրների լուծման նպատակով հանձնաժողովը մի քանի առաջարկություններ է ներկայացրել: Առաջարկում էր Շրջակա միջավայրի նախարարության հետ կազմակերպել կրթական միջոցառումներ, այնպես անել, որ հանքարդյունաբերող ընկերությունները աշխատեն թափանցիկ, ներկայացնեն արժանահավատ հաշվետվություններ, որոնք կհրապարակվեն միասնական էլեկտրոնային հարթակում։ Առաջարկվում էր օրենսդրական փոփոխություններ իրականացնել, իրավական ակտերով պարտադրել, որ ընկերությունները ամեն ամիս հրապարակեն ընթացիկ պարտավորությունները։

«Քննիչ հանձնողովը ձախողել է աշխատանքը»

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանին ներկայացված առաջարկությունները չգոհացրին։ «Հստակ, կոնկրետ առաջարկություն ձեր զեկույցում չենք նկատում, բոլորն ապագայի մասին են», -նկատեց նա: Ասաց, որ չկա հստակ մեթոդաբանություն, որի հիման վրա պնդում է արվում, թե հանքարդյունաբերական ընկերությունների տվյալները արժանահավատ չեն։ «Ինչպե՞ս եք պարզում, որ արժանահավատ չեն», -հարցրեց պատգամավորը։

Բագրատյանը հեգնեց, թե կարող էր 5000 էջանոց զեկույց ներկայացնել, որի իրականացման ուղղությամբ մի ամբողջ նստաշրջան պատգամավորները կաշխատեին։ Նաև նկատեց. «Բոլոր ընկերությունները շահութահարկ չեն վճարել։ Դա Ձեզ համար, որպես տնտեսագետ, պետք է հիմք հանդիսանար, որ տրամադրվող տեղեկությունները արժանահավատ չեն։ Ինչպե՞ս կարող է որևէ ընկերություն տարիներ շարունակ աշխատել ու շահույթ չունենալ։ Դա նոնսենս է»

«Լուսավոր Հայաստան»-ի Գուրգեն Բաղդասարյանը հանքարդյունաբերական ընկերությունների շահութահարկ չվճարելը տարօրինակ համարեց: Բագրատյանը հաստատեց, որ նման պնդում արվում է ՊԵԿ-ի տեղեկանքի հիման վրա։ Բաղդասարյանը առաջարկեց նորից հարցում անել ու հասկանալ, թե ինչի՞ հիման վրա են նման ինֆորմացիա տվել։ Բագրատյանը չբացառեց, որ գուցե ստացվել է թերի տեղեկատվություն։

Պատգամավոր Արման Բաբաջանյանին հետաքրքրում էր՝ ի վերջո, քննիչ հանձնաժողովը իր նպատակին հասա՞վ։ «Խնդիրը, որ դրել եմ իմ առջև, մասամբ լուծել եմ. հայտարարում եմ, որ այդ ընկերությունների գործունեությունը թափանցիկ ու արժանահավատ չէ։ Բայց ասեմ, որ կատարված աշխատանքով բավարարված չեմ», -պատասխանեց Սերգեյ Բագրատյանը։

Իմքայլական Բաբկեն Թունյանը, որ նաև քննիչ հանձնաժողովի անդամ էր, ստորագրել էր զեկույցի տակ, բայց հայտարարեց՝ քննիչ հանձնաժողովը ձախողել է աշխատանքը։

«Արդյո՞ք ներկայացվածն այն էր, ինչ պետք է աներ այս հանձնաժողովը։ Իմ կարծիքով՝ ոչ։ Հանձնաժողովը պետք է պարզեր հանքարդյունաբերական ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, արժանահավատությունը։ Պարզե՞լ ենք։ Չենք պարզել։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք համապատասխան մարդկային, մասնագիտական ռեսուրսներ չունենք», -հայտարարեց Թունյանը։

Նա մատնանշեց նաև ձախողման պատճառները՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր հստակ ընդգծված մեկ հանքարդյունաբերական ընկերության ներդրումային ծրագրերը կասկածի տակ դնելու հետևանքով։ Այդ ընկերությունը Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունն էր, որն այսօր չի աշխատում։ Կատարվածը, ըստ նրա, պետք է դաս լինի, որ ինքնանպատակ քննիչ հանձնաժողովներ չստեղծվեն։