Եթե գան և «դավաճան» գոռան, հարևաններին խնդրել եմ չարձագանքել․ Ս․Գրիգորյան

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ
- Ինչո՞ւ եք վախենում, որ վարչապետի հրաժարականից հետո ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի թեկնածու կառաջադրեն: Ի վերջո, եթե «Իմ քայլը» կողմ չքվեարկի, նա չի ընտրվի: Եվ ինչու՞ պետք է ընդդիմությունը վարչապետի թեկնածու չառաջադրելու վերաբերյալ ձեզ հետ հուշագիր ստորագրի։
- Նախ, մենք ոչնչից չենք վախենում։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես ասում է, որ չի վախենում արտահերթ խորհրդարանական ընտրություններից։ Պետք է հասկանանք, թե ինչ ենք քննարկում։ Ասվում է, որ կա իշխանությունների լեգիտիմության վերահաստատման խնդիր։ Մենք ասում ենք՝ այդ խնդրի լուծման միակ տարբերակն արտահերթ ընտրություններն են։ Եվ եթե գնում ենք արտահերթ ընտրությունների, դրա նպատակը պետք է լինի նշված խնդրի լուծումը։
Մենք կարևորում ենք ըմբռնումը, որ արտահերթ ընտրությունը կլուծի հարցը, թե ով պետք է լինի գերիների, ապաշրջափակման և այլ հարցերի շուրջ բանակցողը։ Այս համատեքստում պարզ է դառնում, որ ուժը, որը կհամաձայնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, չպետք է վարչապետի թեկնածու առաջադրի։ Եվ խնդիրն այն չէ, որ այդ անձը չի ընտրվի վարչապետ, այլ այն, որ այդ առաջադրումը պարզ կդարձնի, որ առաջադրող կողմն իրականում կողմ չէ արտահերթ ընտրություններին և խնդրի լուծումն այլ կերպ է տեսնում։
- ԼՀ-ն խմբակցությունն ասել է, որ դեմ չէ խորհրդարանական ընտրություններին։
- Դեմ չլինելը և կողմ լինելնտարբեր են։ ԼՀ-ի ճանապարհային քարտեզի և ճեպազրույցների ժամանակ, պարոն Մարուքյանի հայտարարության համաձայն, պետք է վարչապետը հրաժարական տա, իրեն ընտրեն վարչապետ, և ինքը կբերի համերաշխություն, կկարգավորի բոլոր հարցերը։ Էդմոն Մարուքյանն ասել է, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների, քանի որ իշխանությունն է սպառնում արտահերթ ընտրություններով։ Ողջ աշխարհում, ու նաև ՀՀ քաղաքական պատմության ընթացքում ընդդիմությունն է պահանջում արտահերթ ընտրություններ, բայց պարոն Մարուքյանը 2021թ. հայտնաբերել է քաղաքագիտական նոնսենս, թե իշխանությունը սպառնում է արտահերթ ընտրություններով։
- Ձեր կարծիքով՝ ընդդիմությունն ինչո՞ւ չի ուզում գնալ արտահերթ ընտրությունների։
- Ոչ մեկ չգիտե, թե անցած 2 տարում հանրության վերաբերմունքն իր նկատմամբ որքան է փոխվել։ Ես կարող եմ ենթադրել, որ ԼՀ-ն, «Բարգավաճ Հայաստանը» կամ մեկ այլ կուսակցություն մտավախություն կունենան՝ արտահերթ ընտրություններում հաղթել-չհաղթելու հետ կապված: Հասկանում եմ, որ մեր քաղաքացիներից շատերը կարող են դժգոհ լինել մեր գործելաոճից, բայց չափազանցված է գնահատականը, թե «Իմ քայլը», կարող է, չհաղթահարի անցողիկ շեմը։ Կարևոր է, որ մենք հնարավորինս լայն ըմբռնում ձևավորենք մեր քաղաքական խնդիրները արտահերթ ընտրություններով լուծելու հարցի շուրջ:
Դադարեցնենք ժամանակավոր կառավարության վերաբերյալ խոսակցությունները, որոնք ոչ միայն չեն լուծի խնդիրը, այլև նոր խնդիրներ կբերեն։ Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ արտահերթ ընտրություն չի ցանկանում՝ պատճառաբանելով, թե իշխանությունները կկեղծեն այն։ Սա զավեշտալի փաստարկ է։ Երբ հարցնում ես՝ իսկ 2018թ. ինչու՞ չկեղծեցին, ասում են, այն ժամանակ դրա անհրաժեշտությունը չունեին։ Դա էլ մի պահ ընդունենք, չնայած այդպես չէ, իսկ դրանից հետո չէի՞ն Կապանի ընտրությունները, երբ մեր թեկնածուն պարտվեց։ Հատկապես զավեշտալի է այդ մեղադրանքը լսել նրանցից, որոնք կարող են ընտրությունների կեղծման «մաստեր-կլաս» ցույց տալ ինչպես ՀՀ սահմաններում, այդպես էլ արտերկրում։
- Տրամաբանական չէ՞, երբ ասվում է, որ այս անգամ կմիջամտեք ընտրությունների ընթացքին, քանի որ ձեր վարկանիշը նույնը չէ, վախենում եք իշխանափոխությունից և հեռանկարից, որ ձեզ պատասխանատվության առաջ կկանգնեցնեն։
- Մեր քաղաքական ուժն արդեն ապացուցել է, որ ընտրություններ կեղծող չէ։ Բայց եթե կասկածում են, որ մենք կարող ենք կեղծել, թող ասեն, թե ինչ խելամիտ մեխանիզմներ են ուզում ներդնել, որոնց պարագայում ավելի վստահ կլինեն, որ ընտրությունները չեն կեղծվի։ Իսկ լո՞ւրջ կլինի, եթե այդ 16 կուսակցություններին, որոնց թվում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, ասենք՝ եկեք, անցումային կառավարություն ձևավորեք, քանի որ հավատում ենք, որ ընտրություն չեք կեղծի։
- Ներքաղաքական խնդիրները լուծելու կամ ձեր լեգիտիմությունը վերահաստատելու համար ինչո՞ւ եք անպայման ընդդիմության համաձայնությունն ակնկալում։ Ձեր խմբակցությունն իր ուժերով կարող է այդ հարցը լուծել։
- Ես դեռ սպառված չեմ համարում մեր խորհրդարանական գործընկերների հետ համաձայնության գալու հնարավորությունը, որ գնանք ընտրությունների և տեսնենք, թե մեր ժողովուրդն ում որքան կվստահի։ Եթե կարձանագրենք, որ հնարավոր չէ այդ համաձայնությանը հասնել, այդ ժամանակ կքննարկենք ու կհասկանանք, թե այն պայմաններում, երբ միայն իշխանությունն է արտահերթ ընտրություններին կողմնակից, արժե՞ գնալ գնալ այդ քայլին։ Վարչապետը շատ տրամաբանական բան ասաց՝ եթե ընդդիմությունը արտահերթ ընտրություններ չի պահանջում, տարակուսելի է, թե ինչո՞ւ պետք է իշխանությունը գնա այդ քայլին։ Եվ սուտ կլինի ասել, թե արտահերթ ընտրությունների համար կա հասարակական մեծ պահանջարկ։ Ես առօրյա կյանքում շփվում եմ տարբեր մարդկանց հետ, և նման պահանջ չեմ զգացել։
- Միգուցե, իսկապե՞ս, ունեք մտահոգություն, որ արտահերթ ընտրությունների գնալու համար եթե վարչապետը հրաժարական տա, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը կհամախմբվեն, մեկ թեկնածու կառաջադրեն, ու ձեր պատգամավորների մի մասը նրան կընտրի։
- Ես նման մտավախություն չունեմ և նման մտավախությունների ոչ մի նախադրյալ չեմ տեսնում։
- Ձեր խմբակցությունը լքած Սոֆյա Հովսեփյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասել էր, թե «վախենամ, որ «Իմ քայլում» շատերը կողմ լինեն Վազգեն Մանուկյանին»։
- Դա նրա կարծիքն է: Եթե չեմ սխալվում՝ նա նաև բացառել է, որ որպես անցումային թեկնածուի՝ քվե կտա Վազգեն Մանուկյանին: Պարզ է, եթե նա լքել է խմբակցությունը, ուրեմն, անհամաձայնություններ ունի, և ես անդրադարձել եմ այդ իրողությանը։
- Վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում, եթե ընդդիմության որևէ թեկնածու առաջադրվի, չի ընտրվի։
- Իմանալով Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը՝ գիտեմ, որ չի կարող միանձնյա որոշել, որ հրաժարական է տալու։ Եթե գնանք արտահերթ ընտրությունների, դա պետք է լինի քաղաքական թիմի համատեղ որոշումը։ Եվ եթե մենք նման որոշում կայացնենք, ես ոչ մի հիմք չունեմ մտածելու, որ իմ որևէ գործընկեր կխախտի մեր պայմանավորվածությունը։
- Այնուամենայնիվ, տրամաբանական չէ՞ թեզը, թե պարտված իշխանությունը, վարչապետը չի կարող արդյունավետ բանակցող լինել։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե Իլհամ Ալիևին չի պատասխանում, որ չվտանգի գերիների անվտանգությունը։
- Շատ լավ օրինակ էր։ Եթե, օրինակ, վարչապետ ընտրվի Էդմոն Մարուքյանը, որը, ինչպես ասում են, պարտված իշխանության ներկայացուցիչ չէ, մեր գերիների կյանքից ավելի կարևո՞ր կհամարի իր հասցեին հնչած մեղադրանքներին պատասխանելը։ Ես նրան այդպիսի բան չեմ վերագրում, ուղղակի ուզում եմ ասել, որ դա պարտված-չպարտված իշխանության հետ կապ չունի։ Օրինակ, ես նախապես մեր հարևաններին խնդրել եմ, որ եթե որոշ քաղաքացիներ գան մեր բակ և «դավաճան» գոռան, չարձագանքեն դրան։
- Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ պետք է վարչապետը փոխվի, թեկուզ ձեր թիմից որևէ մեկը գա։
- Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանության համար արդյունավետ գործելու առաջին նախապայմանը լեգիտիմ լինելն է։ Մենք տարիներ շարունակ ունեցել ենք ոչ լեգիտիմ իշխանություն։ Երբ չկա ներքին լեգիտիմություն, արտաքին լեգիտիմությունն ապահովելու համար ստիպված շատ բաներ կարող են զիջել։ Ես այսօր չեմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հասարակական պահանջ, չկա պահանջ նոր անձի, որի միջոցով կարող ենք ապահովել ավելի բարձր լեգիտիմություն։