Լինելու է 100% համամասնական ընտրակարգ․ Հ․ Դանիելյան

հունվարի 29, 2021

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ

- «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է Ազգային ժողովի միջոցով ևս մեկ անգամ Սահմանադրությունը փոփոխելու հարցը. առաջարկում է խորհրդարանի ինքնալուծարման տարբերակ՝ այդպիսով ստեղծելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավելյալ հնարավորություն։ Ո՞րն է այս փոփոխության նպատակը:

- Եղել է աշխատանքային քննարկում խմբակցության մի փոքր մասին մասնակցությամբ, որի առանցքում եղել է մեկ հիմնական հարց՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շրջանակում արդյո՞ք նպատակահարմար է ընտրություններին վերաբերող որոշ սահմանադրական կարգավորումների փոփոխությունը ևս։ Շատ կարևոր է արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից մինչև ընտրություններն ընկած հատվածի երկարացումը։ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ ԱԺ-ի արձակումից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45-րդ օրը։ Սա նշանակում է, որ ընտրական հանձնաժողովներին ընտրությունները կարգավորելու, ինչպես նաև քարոզարշավի համար շատ սեղմ ժամկետներ են սահմանվում՝ երբևէ ՀՀ-ում համապետական ընտրությունների համար սահմանված ամենասեղմ ժամկետները։

- Ինչո՞ւ է դա կարևոր:

-Դա կարևոր է հատկապես փոքր կամ նոր ստեղծված կուսակցությունների համար: Քարոզարշավի ժամանակահատվածի երկարացումը նրանց հանրաճանաչ լինելու հնարավորություն կտա. կօգտվեն անվճար եթերաժամանակից, հավասար քարոզչության պայմաններից։ 2015թ. սահմանադրական փոփոխություններին, 2018թ. արտահերթ ընտրություններին վերաբերող դիտարկումներում միջազգային կազմակերպությունները (Վենետիկի հանձնաժողով, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և այլն ) արձանագրել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված ժամանակահատվածը կարճ է։ Այս կարգի մի շարք հարցեր կարելի է փոխել սահմանադրական հանրաքվեի միջոցով, բայց քանի որ առաջիկա ամիսներին դա քիչ հավանական է, քննարկում ենք՝ արդյո՞ք նպատակահարմար և իրատեսական է Սահմանադրության՝ ընտրություններին առնչվող այն հոդվածների վերանայումը, որոք ԱԺ-ն լիազորված է փոփոխել։

- Խորհրդարանի լուծարման սահմանադրական կարգավորումները Ազգային ժողովո՞ւմ փոփոխվող հոդվածների շրջանակում են:

- Այո։ Խմբակցության մի մասը նախնական քննարկում է ունեցել նաև սահմանադրական մի շարք այլ կարգավորումների վերաբերյալ: Դեռ որոշում չկա։ Այդ փոփոխություններն իրականացնելու համար «Իմ քայլից» բացի՝ մյուս խմբակցությունների, անկախ պատգամավորների համաձայնություն էլ է անհրաժեշտ։

- Որովհետև փոփոխությունը սահմանադրական է, և դուք դրա անցկացման համար անհրաժեշտ 88 ձայնը չունե՞ք:

- Այո։

- Եթե համաձայնություն չունենաք, չե՞ք գնա այդ փոփոխություններին։

- Դեռ վաղ է ինչ-որ բան ասել, սցենարները կարող են տարբեր լինել։ Կարող ենք մյուս գործընկերների հետ ևս քննարկել կամ ընդհանրապես հրաժարվել այդ գաղափարից։

- Մինչ սա՝ խոսքը գնում էր վարչապետի հրաժարականի և երկու անգամ վարչապետ չընտրելու մեխանիզմով արտահերթ ընտրությունների գնալու տարբերակի մասին, ինչո՞ւ փոխվեց:

- Սահմանադրության մեջ ընտրություններին վերաբերող կարգավորումները Ազգային ժողովում փոխելու գաղափարը պայմանավորված է ԸՕ փոփոխությունները չհետաձգելու և մեկ փուլով իրականացնելու ցանկությամբ։ Հակառակ դեպքում սահմանադրական փոփոխություններից հետո օրենսգիրքը պետք է ևս մեկ անգամ փոփոխել։

- Իսկ ինքնալուծարմանը վերաբերող կարգավորումնե՞րը։

- Այդ հարցը պայմանավորում են ստեղծված իրավիճակով, բայց փաստ է, որ խորհրդարանական կառավարման երկրների մեծ մասում ամրագրված է, որ եթե խորհրդարանը (հաճախ անգամ խորհրդարանական մեծամասնությունը) գտնում է, որ պետք է ինքնալուծարման միջոցով արտահերթ ընտրություններ լինեն, դա տեղի է ունենում։ 2015թ. ընդունված սահմանադրության կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս: Հիշենք 2018թ. վարչապետի ընտրությունները, երբ անգամ արտասահմանյան լրատվամիջոցների համար պարզ չէր, թե ինչու պետք է խորհրդարանն արձակելու համար գործող վարչապետը հրաժարական տա և չընտրվի։ Վարչապետի 2 անգամ չընտրվելը, ինչն արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ հիմքն է, բավական արտասովոր կարգավորում է խորհրդարանական երկրների համար։

-Ինչպե՞ս եք պատկերացնում ԱԺ ինքնալուծարումը։

- Կան երկրներ, որտեղ այդ հարցը լուծվում է ավանդույթի ուժով, կան՝ որ ամրագրված է իրավական փաստաթղթերում: Որպես կանոն՝ խորհրդարանական մեծամասնությունը կամ վարչապետն է արտահերթ ընտրությունների որոշում կայացնում, ապա միապետը կամ նախագահը(տարբեր երկրներում տարբեր ինստիտուտներ են գործում) ինքնաբերաբար հայտարարում է խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման օրվա մասին։ Կան փորքաթիվ երկրներ, որտեղ այդ որոշումը կայացնում է ձայների որակյալ մեծամասնությունը:

- Արդյո՞ք ինքնալուծարման միտքն առաջացավ մտավախությունից, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում այլ թեկնածու կարող է առաջադրվել և ընտրվել ձեր խմբակցության որոշ անդամների օգնությամբ։

- Ես նման մտավախություն չունեմ: Պարզ ճշմարտություն է, որ վարչապետ ընտրվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած ուժի ներկայացուցիչը։ Վարչապետ ընտրվելու հավակնություն ունեցող գործիչները պետք է նախապատրաստվեն ընտրություններում քաղաքացիների մեծամասնության քվեն ստանալուն և ոչ թե սին հույսեր փայփայեն:

- Իսկ ԸՕ փոփոխությունները ո՞ր փուլում են։

- Նախագիծն ամենայն հավանականությամբ կհրապարակենք փետրվարի առաջին կեսին։ Ողջամիտ ժամկետ կնախատեսենք հանրային քննարկումների համար՝ երևի 2 շաբաթ, հետո ԱԺ-ում կդնենք շրջանառության մեջ, խորհրդարանական լսումներ, կուսակցությունների, մասնագիտական համայնքի հետ կկազմակերպենք հանդիպումներ և կքննարկենք ԱԺ նիստում։

- Այսինքն, լավագույն դեպքում մայիսի՞ն կընդունվի։

- ԸՕ-ն այն օրենքն է, որը, եթե չկա կենսական անհրաժեշտություն և դրա վերաբերյալ քաղաքական ուժերի համաձայնություն, չպետք է ընդունվի արագացված կարգով։ Հետևաբար, նորմալ ընթացարակգով առնվազն 2-3 ամիս կտևի:

- Ի՞նչ փոփոխություններ եք նախատեսել ԸՕ-ում։ Օրինակ, ինչպե՞ս են կարգավորվելու ռեյտինգային ընտրակարգի կամ ընտրողների ցուցակները մաքրելու հարցերը։

- Մեր նախագծում ռեյտինգային ընտրակարգ չի լինելու, լինելու է 100 տոկոս համամասնական ընտրակարգ, փակ կամ ինչպես նաև հաճախ կոչում են ֆիքսված ցուցակով: Ընտրողների ցուցակներում չպետք է ընդգրկվեն այն քաղաքացիները, որոնց անձը հաստատող փաստաթղթերը ժամկետանց են։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ՀՀ-ից բացակայում է։ Նրանք այն պոտենցյալ ընտրողներն են, որոնց անունները ուռճացնում են ընտրողների ցուցակները։ Կարգավորումը կլինի այնպես, որ եթե նրանք քվեարկության օրը գան տեղամաս, չզրկվեն ընտրելու իրավունքից։

- Որքա՞ն է նրանց թիվը:

- Ընտրողների ընդհանուր ցուցակների մինչև 10 տոկոսը, մոտ 200 հազար քաղաքացի։

- Հիմնավո՞ր էին մտահոգությունները, թե նախկինում նրանց փոխարեն քվեարկել են։

- 2003 թվականից ես բոլոր ընտրություններին հետևել եմ և ունեմ տպավորությունը, որ, այո, դրանք լրջորեն օգտագործվել են ընտրակեղծիքների համար։ Բայց 2017թ. հերթական և 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին, երբ որոշվեց հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները, ցուցակներում եղած անունների մասով էական խախտումներ չեն եղել։ Անգամ այդ պայմաններում ցուցակներից այդ մարդկանց հանելն ունի նաև ավելորդ ծախսերը նվազեցնելու, հանձնաժողովների աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նշանակություն։

- Իսկ ի՞նչ կարգավորումներ եք սահմանել ընտրական գործընթացների ֆինանսավորումն ավելի թափանցիկ դարձնելու համար։

- Քարոզարշավի դեպքում լինելու են մի քանի կարևոր փոփոխություններ. ավելացվելու է կուսակցություններին տրվող անվճար եթերաժամանակը, կարգավորվելու են բարեգործության անվան տակ իրականացվող քաղաքական քարոզարշավը, կուսակցությունների և կուսակցականների հետ ասոցացվող այլ կազմակերպությունների գործունեությունը։ Հայտարարագրվելու է քարոզարշավի ծախսերի ավելի լայն շրջանակ, օրինակ, մինչ այժմ չեն հայտարարագրվել նախընտրական շտաբերի վարձակալության և աշխատողների ծախսերը։